Սակայն «լավ չենք ապրի մինչեւ Ղարաբաղի հարցը չլուծվի, մինչեւ շրջափակումները չվերանան» հարցադրումը խիստ վտանգավոր է
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Անցյալ տարվա մարտին նախագահ Հեյդար Ալիեւը մի առիթով նշեց, որ Հայաստանի վիճակը վատ է, Վրաստանինըՙ ավելի վատ, իսկ Ադրբեջանի վիճակը Հայաստանից լավ չէ։ Խոսքն Անդրկովկասի երեք հանրապետությունների տնտեսության վիճակին էր վերաբերում։ Հոկտեմբերի 30-ինՙ ընդամենը երեք օր առաջ, 79-ամյա Ալիեւը, ըստ էության, կրկնեց մեկուկես տարի առաջ արտահայտած տեսակետը։ Բաքվում ընդունելով Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյին, Ադրբեջանի նախագահը հաստատեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու Բաքվի հետեւողականությունըՙ միաժամանակ Օրդուեյի ուշադրությունը հրավիրելով այն փաստին, որ Ադրբեջանն ավելի ծանր վիճակում է։ Ալիեւը մեջբերել է Ռոբերտ Քոչարյանի խոսքերը, որ «Հայաստանը կարող է յոլա գնալ նաեւ առանց հարցը կարգավորելու»։
Պարզվում է, սակայն, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Օրդուեյն Ալիեւից լավ գիտի, թե ղարաբաղյան հարցի կարգավորումը հակամարտության ո՞րն կողմին է ավելի ձեռնտու։ Հարգարժան դեսպանը Բաքվի ANS հեռուստաընկերության հետ զրույցում ասել է, որ ղարաբաղյան հարցի կարգավորումը հիմնականում դրական արդյունք կունենա Հայաստանի համար։ Ամերիկացի դիվանագետը նշել է, թե Հայաստանի տնտեսական վիճակը, հատկապես մարզերում, բավարար չէ, հետեւաբարՙ ԼՂ հարցի կարգավորումը հօգուտ Հայաստանի է։ Փաստորեն, պրն Օրդուեյը հստակորեն ակնարկում է, որ Հայաստանը տնտեսական զարգացման հեռանկար չի կարող ունենալ, քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել։ Այս տեսակետը նորություն չէ։
Տարբեր առիթներով Եվրամիության առաջատար պետություններիՙ Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, մեր հանրապետությունում հավատարմագրված դիվանագետներն այդ տեսակետն են առաջ տանում։ Այս հարցում ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի տարբերությունն այն է, որ եթե ամերիկացիները Հայաստանի տնտեսական զարգացումը պայմանավորում են ԼՂ հակամարտության կարգավորմամբ եւ թուրք-հայկական սահմանի ապաշրջափակմամբ հավասարապես, ապա եվրոպացիները փորձում են Թուրքիային հնարավորինս հեռու պահել։
Որ Հայաստանի տնտեսական զարգացումը եւ ԼՂ հարցի կարգավորումը ինչ-որ ձեւով կապակցված են, որեւէ կասկած չկա։ Որ հայ-ադրբեջանական հաղորդակցությունների վերականգնումը, հայ-թուրքական սահմանի ապաշրջափակումը եւ Հայաստանի տնտեսական զարգացման հնարավորությունները եւս ինչ-որ ձեւով կապակցված են, էլի կասկած չկա։ Սակայն խիստ վտանգավոր է օտարերկրյա դիվանագետների լոբբիինգով հայության ուղեղում ամրագրել, հայ ժողովրդին փորձել համոզել, թե մեր վատ ապրելու, տնտեսական ճգնաժամի պատճառը Ղարաբաղն է։ Հիշում եք, չէ՞, 1997 թ. շրջանառության մեջ դրված «թեւավոր» խոսքերը, որ «լավ չենք ապրի, մինչեւ Ղարաբաղի հարցը չլուծվի, մինչեւ շրջափակումները չվերանան»։
Խոսենք կոնկրետ օրինակներով։ Եվրասիայի խոշորագույն պետություններից է Ուկրաինան, որը չունի թշնամի շրջապատ, որեւէ երկրի կողմից շրջափակված չէ, չունի Ղարաբաղի հարց։ Հարց։ Ինչո՞ւ Ուկրաինան տնտեսական ցուցանիշներով առաջ չէ Հայաստանից, ի՞նչ պատճառով է ուկրաինացիների կեսից ավելին աղքատ։ Կամ Ղազախստանը։ Ըստ ՄԱԿ-ի զարգացման 2002 թ. զեկուցագրի, «կյանքի որակով» Հայաստանը 173 պետությունների մեջ 76-րդ տեղում է, Ղազախստանըՙ 78-րդ, Ուկրաինանՙ 80-րդ։
Հոկտեմբերի 25-ին, Բաքու մեկնելուց երեք օր առաջ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը մամուլի ասուլիս տվեց։ Պատասխանելով «Ազգի» հարցինՙ ի՞նչ միջոցառումներ, ճնշումներ է բանեցնում ԱՄՆ-ը Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս դադարեցնի Հայաստանի տնտեսական շրջափակումը, պրն Օրդուեյը նշեց, որ Երեւան-Անկարա հարաբերությունների բարելավման ճանապարհին «ուժեղ խթան» է տեսնում ղարաբաղյան խնդրի կարգավորումը, միաժամանակ ընդգծելով, որ հայ-թուրքական սահմանի ապաշրջափակումը եւ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը չեն պայմանավորվում ղարաբաղյան հարցի կարգավորմամբ։ Բաքվում ամերիկացի դիվանագետը ակնարկեց, որ Հայաստանի տնտեսության համար խթան կլինի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ սահմանների բացումը։ Մի կողմ թողնենք, թե որ երկրներն են շրջափակման ենթարկել Հայաստանին։
«Ազգը» մեկ անգամ չի գրել, որ Թուրքիան այն երկիրը չէ, որ Հայաստանի տնտեսական զարգացումը պայմանավորվի նրա հետ հարաբերությունների կարգավորմամբ։ Ադրբեջանըՙ առավել եւս։ Ըստ ՄԱԿ-ի Զարգացման ամենամյա զեկուցագրի, եթե Հայաստանը 76-րդ տեղում է, ապա Թուրքիանՙ 85-րդ, Ադրբեջանըՙ 88-րդ։ Շուրջ 70 մլն բնակչություն ունեցող Թուրքիայում, ինչպես հինգշաբթի օրը թուրքական պետհեռուստատեսության եթերից նշեց «Երջանկություն» կուսակցության նախագահ Քութանը, 30 միլիոնն աղքատության շեմին է, 20-ըՙ սովի։ 2001 թ. փետրվարից մինչեւ 2002 թ. փետրվար ընկած ժամանակահատվածում թուրքական տնտեսության աճը կազմել է մինուս 9 տոկոս, մեկ տարվա ընթացքում փակվել են 19 բանկ եւ 125 հազար ձեռնարկություն։ Ովքեր եղել են Թուրքիայում, կարող են վկայել, որ միջին հաշվով Թուրքիայում «կյանքի որակը» Հայաստանից բարձր չէ։ Միջին հաշվով կյանքն Ադրբեջանում Հայաստանից լավ չէ, պնդում է Ալիեւը։
Եթե իրոք ԱՄՆ-ը ցանկանում է Հայաստանի տնտեսական հզորացում, այդ հզորացումը կապում Թուրքիայի հետ, ապա ինչո՞ւ ճնշումներ չի բանեցնում, որպեսզի Թուրքիան փոխի Հայաստանի հանդեպ տարվող թշնամական քաղաքականությունը։
Հայաստանի տնտեսական զարգացումը եւ ԼՂ հարցի կարգավորումն ինչ-որ չափով կապակցված են։ Հայաստանը խորը շնչելու հնարավորություն կստանա այն ժամանակ, երբ կարգավորվի ԼՂ հակամարտությունը, բացվեն սահմանները։ Սակայն խիստ վտանգավոր է Հայաստանի տնտեսական զարգացումը ղարաբաղյան հարցի հետ ուղղակիորեն կապելը։ Եվրոպացի եւ ամերիկացի դիվանագետներն իրավունք ունեն դա անել, անգամ զբաղվել լոբբիինգով, քանի որ, նրանց պատկերացմամբ, Ղարաբաղը լոկ տարածք է, երկրագնդի փոքրիկ հողակտոր։ Հայության համար Ղարաբաղն ազգային գաղափար է, հայրենիք։ Այն պահից, երբ մեր ուղեղի համար եւս Ղարաբաղը դառնա տարածական ընկալում, տարածք-հողակտոր, ապա կկորցնենք այն։
Հեյդար Ալիեւը մի քանի անգամ ակնարկել է, որ Ղարաբաղը քարքարոտ տարածք է, լեռնային։ Ճի՛շտ է ասված, բայց ասված է ադրբեջանցու ուղեղի համար։