Մատենադարանըՙ գարնանը
«Լինսի» հիմնադրամով Երեւանում վերանորոգված 5 մշակութային օջախների թվին ավելացավ Սերգեյ Փարաջանովի թանգարանը, ուր երեկ այցելեցին հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը, քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը, «Լինսի» հիմնադրամի մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Գագիկ Մկրտումյանը։
Թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը նախ ներկայացրեց թանգարանում կատարված հիմնական փոփոխություններըՙ 7 պատուհանների փոխարեն դրվել են ցուցափեղկեր, որոնց շնորհիվ էքսպոզիցիոն մակերեսն ավելացել է, հղկվել է առաջին հարկի հատակը, նոր, հերմետիկ պատուհանները պաշտպանում են փոշուց եւ այլն։
«Թանգարանի դիրքը շատ գեղեցիկ է ընտրված, այստեղից Արարատն այնքան հստակ է երեւում։ Կարեն Դեմիրճյանի հովանավորությամբ Գրիգոր Խանջյանն է թանգարանի տեղը որոշելՙ Հին Ձորագյուղի տեսքը պահպանելու, այնտեղ 2¬3 հարկանի միանման տներ կառուցելու նպատակով։ Ցավում եմ, որ այսօր թանգարանի ներքեւում 2 հինգհարկանի շենքերի կառույց է սկսվում, ինչն ամբողջությամբ կփոխի թանգարանի տեսքը։ Ուղղակի աններելի է», ասաց թանգարանի տնօրենը։ Նա ավելացրեց, որ փորձել է զրուցել քաղաքի գլխավոր ճարտարապետի հետ, սակայն առայժմ չի հաջողվել։
Նոյեմբերի 5-ին թանգարան կայցելի Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Կասյանովը, իսկ նոյեմբերի 7-ից այն բաց կլինի այցելուների համար։ Ի դեպ, Փարաջանովի թանգարանի տոմսերի գինն ամենաթանկն էՙ 1000 դրամից իջեցվել է 700-ի։ Երեխաներին ամսական երկու օր թույլատրվում է անվճար։ Տնօրենը ցանկացել է օտարերկրացիների համար սահմանել տոմսերի ավելի բարձր գին, մոտ 5 դոլար, դրա դիմաց սահմանված գինն իջեցնելու համար, սակայն, իբր, Եվրախորհուրդը համաձայնություն չի տվել, քանի որ «մարդիկ հավասար իրավունքներ ունեն»։
Օգտվելով քաղաքապետի ներկայությունից, լրագրողները թանգարանի ներքեւում կառուցվելիք շենքերի մասին բացատրություն պահանջեցին։ Քաղաքապետը հայտնեց, որ կառուցվելու է սպորտային համալիր, այդ հարցն արդեն քննարկված է, իսկ ինչ վերաբերում է թանգարանի տեսքին, ապա բնավ չի փոխվի։ Զարմանալի կլիներ, որ քաղաքապետն այլ կարծիք հայտներ։ Հին Երեւանը չպահպանեցինք, ուր մնաց թե Ձորագյուղը։
Փարաջանովի թանգարանից հետո հանրապետության նախագահն այցելեց Մատենադարան, որի վերանորոգման աշխատանքներն սկսվել էին մարտին եւ կավարտվեն դեկտեմբերին։ Գագիկ Մկրտումյանն ասաց, որ վերանորոգման համար ծախսվել է 166 մլն դրամ։ Վերանորոգվել են տանիքը, ջեռուցման համակարգը, սանհանգույցը, պահոցները եւ այլն։ Մշակութային օջախների համար հատկացված է 17,5 մլն դոլար, որով կվերանորոգվեն Երեւանի 29 մշակութային օջախներ, իսկ Գյումրու, Վանաձորի, Տավուշի, Արմավիրի, Կոտայքի մարզերում ընդհանուր առմամբՙ 11 օջախ։ Առայժմ ծրագրի 20 տոկոսն է իրականացվել։
Մատենադարանի տնօրեն Սեն Արեւշատյանն ասաց, որ նոր օդափոխիչներն ապահովում են այն ռեժիմը, որը համապատասխանում է գիտական նորմերի պահանջին։ Գարնանը Մատենադարանը կբացվի այցելուների համար, կթարմացվի ձեռագրերի ցուցադրությունը, կավելանա դրանց թիվը։ Քանի որ հանրապետության նախագահը չխոսեց լրագրողների հետ, տնօրենից տեղեկացանք, որ նրան գոհացրել են վերանորոգման աշխատանքների տեմպն ու որակը։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ