«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2002-10-31 | #199, 2002-11-01 | #200, 2002-11-02


ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՇՈՒԿԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ

Երեկ նկարիչների միության շենքում բացվեց «Տպագրություն։ Հրատարակություն։ Գովազդ» երկրորդ ցուցահանդեսը, որը կտեւի 3 օր։ Այս անգամ եւս, ինչպես անցյալ տարի, ցուցահանդեսի կազմակերպիչն է «Լոգոս» EXPO-Center կազմակերպությունը։ Այստեղ ներկայացված շուրջ 25 կազմակերպությունները, որոնց թվում էր նաեւ միջոցառման ինֆորմացիոն աջակցությունն ապահոված «Ազգ» օրաթերթը, իրականացնում են գովազդների պատրաստում, տեղադրում, գրքերի, հանդեսների տպագրում, ձեւավորման (դիզայն) աշխատանքներ եւ այլն։ Իրենց ներկայացրած ծառայությունների մասին մանրամասներ հաղորդելու խնդրանքով զրուցեցինք ցուցահանդեսի մի շարք մասնակիցների հետ։ Մեր առաջին զրուցակիցը, սակայն, ցուցահանդեսի կազմակերպիչ «Լոգոս» EXPO կազմակերպության տնօրեն Սուրեն Նազինյանն էր.

¬ Ցուցահանդեսի կարեւորագույն նպատակը գովազդի ոլորտում նորագույն տեխնոլոգիաները, նոր հրատարակված գրքերը ցուցադրելն է, տարբեր կազմակերպությունների միջեւ գործարար կապերի ստեղծումն ու ամրացումն է։ Իմ կարծիքով, այս ոլորտում գործող ընկերությունները մեկ տարի առաջվա համեմատ ավելի են ամրապնդվել եւ կայացել։ Նրանց առաջարկած ծառայությունները բավականին որակյալ են։ Սակայն այս ոլորտի լիարժեք զարգացումը պայմանավորված է արդյունաբերության եւ տնտեսության մյուս ճյուղերի զարգացմամբ, ինչը կնշանակի գովազդների պատվերների աճ։ Մեր կազմակերպությունն արդեն 15 ցուցահանդես է կազմակերպելՙ երկու անգամ «Արդյունաբերական Հայաստան», երկու անգամ «Առողջապահություն եւ դեղագործություն», երեք անգամ «Կրթություն եւ կարիերա», այս ցուցահանդեսը դարձյալ երկու անգամ եւ այլն։

«Անտարես» ընկերություն, Ռուզան Գնյազյան.

¬ Մեր կազմակերպությունը վերելք է ապրում։ Արդեն երեք տպարան ունենքՙ Մարաշում, Զեյթունում եւ Թումանյան փողոցում, եւ արտաքին գովազդի արվեստանոց։ Բացել ենք ֆիրմային հագուստների, դրոշակների եւ այլ խորհրդանիշների պատրաստման բաժին։ Մենք նաեւ «Կոնիկա» ընկերության ներկայացուցիչն ենք։ Մեր պատվիրատուների մեջ կան շատ հայտնի ընկերություններ։

«Բիայնա» ընկերություն, Վահան Հակոբյան.

¬ Մեր ընկերությունը լեհական Promo stars ընկերության ներկայացուցիչն է։ Բազմապիսի եւ բոլոր սեզոնների համար նախատեսված հագուստները (կիսաբաճկոններ, շապիկներ եւ այլն) արտադրվում են Լեհաստանում եւ ներմուծվում այստեղ։ Այստեղ համապատասխան տեխնոլոգիայով արվում է այսպես կոչված անձնավորեցում։ Այսինքնՙ տվյալ ընկերության անվանման տպագրումը։ Ունենք նաեւ հուշանվերների տեսականիՙ գրիչներ, այրիչներ, բաժակներ։

«Արմենիկա հանրագիտարան», Իգոր Մխիթարյան.

¬ Իրականացնում ենք տպագրական, հրատարակչական գործունեություն։ Հիմնականում հայկական թեմաներով («Հայկական հարց», «Քրիստոնյա Հայաստան-1700»), նաեւ գրքեր մաթեմատիկայի տեսությունից։ Տպագրում ենք հայ նկարիչների, բանաստեղծների ալբոմներ, բուկլետներ, գրքույկներ։ Մեր ծառայություններն ավելի հասանելի են ժողովրդին։ Համագործակցում ենք Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրության հետ, համատեղ հրատարակում գրքեր։

Մեր կողմից ավելացնենք, որ նախորդ ցուցահանդեսի համեմատությամբ իսկապես նկատելի է ոլորտի առաջընթացն ինչպես գովազդների պատրաստման, այնպես էլ տպագրության որակի, ձեւավորման առումով։ Հետեւաբար կարող ենք արձանագրել, որ այս շուկան կայացման փուլում է։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4