«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2002-11-02 | #201, 2002-11-05 | #202, 2002-11-06


«ԱՐՄԵՆՏԵԼՆ» ԸՆԴՈՒՆԵՑ ԻՐ ՄԵՂՔԸ

Պարզվում է, որ «Արմենտելը» միայն ներդրումային պարտավորությունները չէ, որ թերանում է կատարել։ Երեկ ՀՀ արժեթղթերի պետական հանձնաժողովում լսվում էր ընկերության կողմից բաժնետոմսերի ռեեստրի վարման հետ կապված խախտումների հարցը։ Դրանք հայտնաբերվել են արդարադատության նախարարության առաջարկով հանձնաժողովի կատարած ստուգումներից։ Համաձայն դրանց, «Արմենտելն» անցած տարիների ընթացքում ռեեստր չի վարել, 1997 թ. բաժնետոմսերի OTE-ի կողմից գնման պայմանագրից հետո դրանց անվանական արժեքը 175 դոլարից իջեցվել է 100 դրամի, որի մասին բաժնետերերը տեղեկացված չեն եղել, OTE-ն լիազոր ներկայացուցիչ չի ունեցել «Արմենտելում» ռեեստրի վարման հարցերով։ Այս ամենի հետեւանքով խախտվել են «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» եւ այլ օրենքներ։

Այդուհանդերձ, սենսացիոն ոչինչ տեղի չունեցավ։ «Արմենտելի» ներկայացուցիչն ընդունեց հանձնաժողովի մատնանշած խախտումների առկայությունը եւ հայտնեց, որ արդեն պայմանագիր է կնքել Կենտրոնական դեպոզիտարիայի հետ ռեեստրի վարման վերաբերյալ։ Հանձնաժողովն էլ իր հերթին որոշեց նախազգուշացնել «Արմենտելին» ռեեստրի վարման կարգի խախտման եւ դրա կրկնման անթույլատրելիության մասին։ Այսքանով ամեն ինչ վերջացավ։

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4