«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2002-11-02 | #201, 2002-11-05 | #202, 2002-11-06


«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

Ասում է «Բրիտանական ավիաուղիների» Հայաստանի գրասենյակի տնօրենը

«Բրիտանական ավիաուղիների» Հայաստանի գրասենյակի տնօրեն Ջիմի Մըրրը, մինչ այս պաշտոնին նշանակվելը, ավիաընկերությունում աշխատած 5 տարվա ընթացքում տարբեր պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել։ Նա ծագումով լիբանանցի է։ Հայաստանում իր գործունեությունը սկսելու առաջին քայլերից մեկը եղավ մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ երեկվա հանդիպումը։

¬ Ե՞րբ է «Բրիտանական ավիաուղիները» սկսել իր գործունեությունը Հայաստանում եւ ի՞նչ արդյունքների է հասել։

¬ Հայաստանում ենք 1998 թ.-ից։ Սկզբնական շրջանում միայն ավիատոմսերի վաճառքով էինք զբաղվում, իսկ հիմնական գործունեությունը, այսինքնՙ չվերթները, 2 տարի առաջ սկսեցինք։ Մենք գտնում ենք, որ Հայաստանն ունի շուկա եւ դրա ընդլայնման հնարավորությունները։ Դրա հետ կապված փոփոխվել են մեր թռիչքները։ Եթե նախկինում շաբաթական 2 թռիչք ունեինք, ապա այժմՙ 3 թռիչք ավելի մեծ ինքնաթիռովՙ նախկին A¬320-ի փոխարեն A¬321։ Այն 30 ուղեւոր ավելի է տեղափոխում։

¬ Ինչպե՞ս եք մրցակցում Հայաստանում գործող մյուս ավիաընկերությունների հետՙ նկատի ունենալով նաեւ ավիատոմսերի գները։

¬ «Բրիտանական ավիաուղիները» ողջունում է մրցակցությունը։ Ընկերությունն այս ճյուղում իրեն առաջատար է համարում։ Օրինակՙ մենք աշխարհում առաջինն առաջարկել ենք նոր նստատեղ, որը շատ մեծ հարմարություններ ունի ուղեւորների համար, նոր ուղեւորասրահ, որն էկոնոմ եւ բիզնես կարգերի միջանկյալ տարբերակն է, հարմարություններով մոտ է բիզնես կարգին, իսկ գներովՙ էկոնոմին։

Ինչ վերաբերում է գներին, ապա շուկան է որոշում դրանք։ «Բրիտանական ավիաուղիները» երկար ժամանակ համարվել է ամենաթանկն աշխարհում։ Դա չի նշանակում, թե մենք ամենաթանկ ենք նաեւ Հայաստանում։ Օրինակՙ մեր չվերթը դեպի Լոս Անջելես մեկնելով եւ վերադառնալով արժե ընդամենը 820 դոլար, որը չի կարելի ասել, թե բարձր գներից է։ Սեզոնային տարբերություններ կան։ Ամռանն ավելի թանկ է։ Իսկ Լոնդոն-Երեւան թռիչքները վերջին 6 ամիսներին միշտ լիարժեք ծանրաբեռնված են եղել։

¬ Ուղիղ չվերթ, առանց Թբիլիսիում կանգառի, Երեւանից Լոնդոն դեռեւս չի՞ բացվել։

¬ Այս հարցը քննարկվում է, դա ավիաընկերության Հայաստանի գրասենյակի աշխատակիցների երազանքն է։ Ճշգրիտ օրը չեմ կարող ասել, բայց հավանաբար մոտ ապագայում ուղիղ չվերթ կլինի։

¬ Հայաստանի բնակիչները կարո՞ղ են օգտվել տոմսերի ինտերնետի միջոցով վաճառքի հնարավորությունից։

¬ «Բրիտանական ավիաուղիների» էջն այցելելով, ամբողջ աշխարհում կարող են օգտվել այդ ծառայությունից։ Նույնը նաեւ Հայաստանում։ Ցավոք, դեռեւս չի գործում on-line տոմս պատվիրելուց հետո օդանավակայանում տոմս գնելու տարբերակը, ինչը պայմանավորված է տեխնիկական պատճառներով։ Հուսով ենք, որ մոտ ապագայում դա եւս կլուծվի։ Սկզբնական շրջանում տոմսերի գնման այս ձեւից կարող էին օգտվել միայն «Բրիտանական ավիաուղիներով» հաճախ ճանապարհորդողները, իսկ հիմաՙ ցանկացած ուղեւոր։

¬ Ինչպե՞ս եք տեսնում Ձեր աշխատանքը «Զվարթնոց» օդանավակայանի նոր կառավարչի հետ։

¬ Մեր գրասենյակը սերտորեն համագործակցում է օդանավակայանի վարչակազմի եւ նոր կառավարչի հետ։ Մենք ձգտում ենք մեր իմացածը, փորձառությունը ներդնել, ինչ-որ չափով նպաստել օդանավակայանի զարգացմանը։ Նոր կառավարիչը օդանավակայաններ կառավարելու մեծ փորձ ունի, եւ համագործակցությունը նրա հետ կշարունակվի։ Կարծում եմ, որ օդանավակայանում փոփոխությունները դեպի լավը չեն կարող տեղի ունենալ մեկ գիշերվա ընթացքում։

¬ «Բրիտանական ավիաուղիներն» ի՞նչ այլ գործունեություն է ծավալում Հայաստանում։

¬ Անցյալ տարի աշխարհի տարբեր երկրներից զբոսաշրջային կազմակերպությունների տնօրենների ենք բերել Հայաստան, ինչը կնպաստի այստեղ զբոսաշրջության զարգացմանը։ Նույնը նախատեսում ենք այս տարի։

Բարեգործական ծրագրեր ենք իրականացնում Գյումրու որբանոցի երեխաների համար։ Յուրաքանչյուր տոմսից որոշակի գումար հաճախորդի ցանկությամբ ուղղում ենք «նապաստակի շրթունք» կոչվող արատ ունեցող երեխաների վիրահատմանը։ Մեկ վիրահատության միջին արժեքը 550 դոլար է։ Հայաստանի գրասենյակի աշխատակիցներն իրենց աշխատավարձերից որոշակի գումար փոխանցել են առաջին երկու վիրահատությունների համար։ Իրականացնում ենք նաեւ բազմաթիվ մշակութային ծրագրեր։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4