«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2002-11-02 | #201, 2002-11-05 | #202, 2002-11-06


ՀԱՅ ԴՊՐՈՑԸ ՍԻՐԻԱՀԱՅ ԳԱՂՈՒԹՈՒՄ

Հարցազրույց սիրիահայ մտավորական Հակոբ Չոլաքյանի հետ

Ծնունդով քեսաբցի է Հակոբ Չոլաքյանը, ուսանել է հայրենի, նաեւ Լիբանանի Այնճար գյուղերում, ապա կրթությունը շարունակել Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ 1974 թ. զբաղվել է ուսուցչությամբ. նախՙ Այնճարում, ապա Հալեպի Ավետարանական եւ Մխիթարյան դպրոցներում, իսկ վերջին 27 տարիներինՙ Հալեպի ազգային Քարեն-Եփփե ճեմարանում։ Մանկավարժությանը զուգահեռ զբաղվել է հայագիտությամբՙ կատարելով գրականագիտական, բանագիտական, ազգագրական, պատմագիտական բնույթի ուսումնասիրություններ (նաեւ հայերեն դասագրքերի հեղինակ է) մասնավորապես Անտիոքի շրջակայքիՙ Քեսաբի հայերի (XIX դարում Անտիոքի շրջակայքում հայերը բնակվում էին 4 կղզյակախմբերումՙ Մուսա լեռ, Քեսաբ, Լաթաքիա, Ռուջի հովիտ) ազգագրության, տեղի բարբառի վերաբերյալ («Քեսաբ», «Քեսաբի բարբառը»)։ Վերջին շրջանում Հակոբ Չոլաքյանը զբաղվել է Անտիոքի շրջանի եւ Ռուջի հովտի 2 արաբախոս հայկական գյուղերիՙ Ընեյի եւ Յակուբիեի պատմության ուսումնասիրությամբ, եւ թեկնածուական ատենախոսության նյութն էլ այս շրջանի հայության մասին է։ (Անցյալ դարասկզբին այստեղ կային հայկական տասնյակ գյուղեր, որոնք հետագա պատմական դեպքերի բերումով բարեբախտաբար 1939 թ. Ալեքսանդրեթի սանջակի պայմանագրով անցան Սիրիայի տիրապետության տակ։ Ընեյի եւ Յակուբիեի արաբախոս հայերը կազմավորել են 2 համայնքՙ հայ առաքելական եւ լատին, վերջինս ազգային արմատների գիտակցությամբ հանդերձՙ մեկուսացած է մեր ազգային հավաքականությունից)։

Հ. Չոլաքյանի «Անտիոքի մերձակա Ռուջի հովտի հայերը» պատմա-ազգագրական ուսումնասիրությունը ներկայացված է Երեւանի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտին, արժանացել է բարձր գնահատանքի մասնագիտական խորհրդի եւ ընդդիմախոսների կողմից։ Օգտվելով առիթիցՙ պրն Չոլաքյանը մեր զրույցի ընթացքում իր երախտագիտության խոսքն ուղղեց ինստիտուտի տնօրեն պրն Արամ Քալանթարյանին, խորհրդատու Հրանուշ Խառատյանին, ընդդիմախոսներ Ռաֆայել Նահապետյանին, Վերժինե Սվազլյանին։

Մեր զրույցը պրն Չոլաքյանի հետ հալեպահայ գաղութի դպրոցական կյանքի, դասագրքերի, ուղղագրության մասին է։

Դպրոցները

¬ Գաղտնիք չէ, որ Հալեպի հայ գաղութը սփյուռքի ամենեն լավ կազմակերպվածներեն մեկն է։ Հալեպահայ գաղութի ուշադրության կեդրոնը ամեն բանե առաջ հայ դպրոցն է, հայ սերունդի հայեցի դաստիարակությունը։ Կարելի չէ պատկերացնել հայ դպրոցեն դուրս մնացած որեւէ սուրիահայ։ Թեպետեւ մասնակի արաբախոսություն կա որոշ շրջաններու մեջ։ Այս երեւույթը կուգա նախկին հին գաղութեն, որ արդեն գոյություն ուներ 19-րդ դարուն եւ դեռ ավելի վաղ շրջանեն։ Սակայն Հալեպի նոր գաղութը մինչեւ վերջերս ալ կմնա հայապահպանման պատվանդանին վրա որպես պայքարի ամենեն ամուր ամրոցներեն մեկըՙ իր եկեղեցիներով, դպրոցներով, ակումբներով, միություններով։ Սուրիո մեջ կգործեն 4 տասնյակ հայկական վարժարաններ, որոնց 35-ին մեջ կանոնավոր հայերեն դասընթացներ կան։ Հայ կաթողիկե, հայ ավետարանական եւ հայ առաքելական համայնքներու տնօրինության ներքեւ գտնվող դպրոցները պետական ծրագրերեն դուրս շաբաթական 4 ժամ կուսուցանեն հայոց լեզուն իբրեւ ծիսական լեզու։ Բոլոր հայկական դպրոցներու մեջ կկիրարկվին կրթական նախարարության ծրագիրները, եւ հայ դպրոցները Սուրիո տարածքին միշտ գնահատված են որպես օրինակելի։ Հայ դպրոցներու մեծամասնությունը մանկապարտեզ-նախակրթարաններ են, կան միջնակարգՙ 7, 8, 9 դասարաններն ընդգրկող վարժարաններ, երկրորդական վարժարաններ, որ կգտնվին միայն Հալեպի մեջՙ Ազգային Քարեն Եփփե ճեմարանը միջնակարգ եւ երկրորդական բաժիններով, ՀԲԸՄ-ի Լազար Նաճարյան-Գալուստ Գյուլբենկյան եւ Կիլիկյան ճեմարանները։

Դասագրքերը

¬ Վերջին մի քանի տասնամյակներուն սփյուռքի դպրոցներուն մեջ դասագիրքերու հարցը եղած է օրակարգի վրա։ Սուրիո ազգային վարժարաններու ցանցը, որ կգտնվի ազգային իշխանության ուսումնական խորհուրդի տնօրինության ներքո, կազմված է «Հայրենի դասագիրքս» շարքը իմ հեղինակությամբ, որ կգործածվի ոչ միայն ազգային, այլեւ Սուրիո հայկական կարգ մը այլ վարժարաններու մեջ, Եվրոպայի, Ծոցի երկիրներու, Ամերիկայի դպրոցներու մեջ։ Դպրոցական մարմինները, կրթությամբ զբաղվողները առաջադրանք տված են, որ հայոց լեզվի դասագիրքերն ըլլան ժամանակակից եւ բավարարեն սփյուռքահայ նոր սերունդին պահանջները։ Անշուշտ, արեւմտահայերենը որպես գրական լեզու կդասավանդվի սփյուռքահայ շատ դպրոցներու մեջ, սակայն Արեւմուտքի մեջ հայ դպրոցը հնարավորություն չունի ավանդական իր դերը ամբողջովին կատարելու, հետեւաբար, արեւմտահայերենը այսօր ինչ-որ չափով նահանջի մեջ է, որպես գրական եւ խոսակցական լեզու, բայց արեւմտահայերենի ամենեն ամուր ամրոցները Լիբանանի, Սուրիո եւ կարգ մը ուրիշ երկիրներու հայկական վարժարաններն են։

Ուղղագրության հարցը

¬ Դպրոցներու մեջ մենք կխուսափինք աբեղյանական ուղղագրության ծանոթացնելե, որովհետեւ նոր բարդություններ կստեղծե։ Մենք կհավատանք, որ մեզի համար ավանդական ուղղագրությունը դրոշակ մըն է։ Մեկ ազգ ենք, պիտի մեկ լեզու, մեկ ուղղագրություն ունենանք, բայց այս պայմաններուն մեջ մեզի կմնա դասական ուղղագրության դրոշակակիրը դառնալ, դասական ուղղագրությունը ոչ միայն հայ ժողովուրդի երկու հատվածները իրար շաղկապող երեւույթ է, այլ ապրող սերունդները մեր մշակութային արմատներուն հետ կապող կամուրջ է։ Նոր ուղղագրությունը այդ հնարավորությունը չունի։ Հանգրվանային բարեփոխումներով Հայաստանի մեջ կրնանք երթալ նույն ուղղությամբ։ Արդի հայերենի եւ ավանդականի տարբերությունները մատի վրա կհամրվին։ Միավոր տարբերությունները դյուրին է վերացնել, մնացյալ հիմնական տարբերությունները հանգրվանային լուծում կպահանջեն, բայց ոչ մեկ հրամանով։

Ուղղագրությունը ինձի համար նախեւառաջ ազգային եւ ոչ լեզվական հարց է։

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4