Համահայաստանյան «Հասարակական կազմակերպություններ 2002» եռօրյա համաժողովի եւ ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի կունենա վաղը «Կարեն Դեմիրճյան» կենտրոնում։ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ եւ Համաշխարհային ուսուցում կազմակերպության, Ամերիկայի հայկական համագումարի ՀԿ կենտրոնի եւ Կրթության զարգացման ակադեմիայի նախաձեռնությամբ համաժողովին կմասնակցեն 328 հասարակական կազմակերպություններ հանրապետության բոլոր մարզերից։ Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես կգա Հայաստանում Մ. Նահանգների դեսպան Ջոն Օրդուեյը, որից հետո ցուցահանդեսը կբացվի։ ՀՀ սոցիալական ապահովության նախարար Ռազմիկ Մարտիրոսյանի նախագահությամբ «ՀԿ-ների համագործակցությունը. կայուն գործունեության գրավականները» պլենար նիստից հետո կհրավիրվեն կլոր սեղաններՙ քննարկելու ՀԿ-ների համագործակցությունը կենտրոնական եւ տեղական կառավարման մարմինների, միջազգային դոնոր կազմակերպությունների, լրատվամիջոցների հետՙ առաջ քաշելու սոցիալական եւ տնտեսական հիմնահարցեր, անդրադառնալու կանանց ղեկավարման կարողությունների զարգացմանը, կանանց դեմ կիրառվող բռնությանը, կնոջ, ընտանիքի եւ վերարտադրողական առողջապահության փոխկապակցմանը։ Համաժողովի երկրորդ օրը կսկսվի «ՀԿ-ների կառավարումը եւ ֆինանսական միջոցների հայթայթումը» պլենար նիստով, որը կնախագահի Ամերիկայի հայկական համագումարի ՀԿ-ների ուսուցման եւ տեղեկատվական միջոցների կենտրոնի տնօրեն Մարգարիտ Փիլիպոսյանը։
Այնուհետեւ կրկին կհրավիրվեն կլոր սեղաններ եւ կքննարկվեն ՀԿ-ների համագործակցությունը գործարար շրջանակների հետ, ինչպես նաեւ առողջապահության եւ բժշկական կրթության, խաղաղության հաստատման եւ հակամարտության կարգավորման, աղետի գոտու վերականգնման եւ այլ հարցերում ՀԿ-ների ունեցած դերը։
Համաժողովի երրորդ օրը կշարունակվեն քննարկումները, որոնց ընթացքում կհնչեն ելույթներ մարզերում ՀԿ-ների զարգացումը խրախուսող ռազմավարության, քաղաքացիական հասարակարգի զարգացման, կրթական համակարգի եւ երիտասարդության ակտիվության, կոռուպցիայի դեմ պայքարի, մշակութային ժառանգության եւ այլ խնդիրների մասին։
Կրթության զարգացման ակադեմիայի հայաստանյան գրասենյակի, ավագ կոորդինատոր Ռիչարդ Շորթլիջի նախագահությամբ համաժողովն աշխատանքը կավարտի «Առաջարկությունների ներկայացում, ամփոփում» պլենար նիստով, ապա կանցկացվի մրցանակաբաշխություն մի քանի անվանակարգերովՙ լավագույն խորհրդանշան, հրատապ թեմա, թիմային աշխատանք, մշակութային ծրագիր, ցուցահանդեսի լավագույն տաղավար։
Ռ. Պ.