ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Նախորդ օրն օլիմպիադայում տարած փայլուն հաղթանակից հետո շատ կարեւոր էր 12-րդ տուրում զարգացնել հաջողությունը։ Դա հատկապես հաջողվեց Հայաստանի տղամարդկանց հավաքականին, որը համոզիչ հաղթանակի հասավ աշխարհի թիմային առաջնության չեմպիոն Ուկրաինայի հավաքականի նկատմամբ (3¬1)։ Հատկապես ուշադրության կենտրոնում էր աշխարհի ներկայիս չեմպիոն Ռուսլան Պոնոմարյովի եւ Վլադիմիր Հակոբյանի մրցախաղը։ Մեր թիմի առաջատարը սեւ խաղաքարերով գերազանց անցկացրեց ողջ պարտիան եւ գեղեցիկ ոճով ստիպեց մրցակցին անձնատուր լինել։ Հաղթական մյուս միավորը մեր թիմին պարգեւեց Կարեն Ասրյանը, որը եւս սեւ խաղաքարերով պարտության մատնեց Բակլանին։ Լպուտյան-Իվանչուկ եւ Մինասյան¬Էյնգորն պարտիաներում խաղաղ դաշն կնքվեց։ Այս հաղթանակի շնորհիվ ՀՀ հավաքականը 30 միավորով մրցաշարային աղյուսակում 6¬10-րդ հորիզոնականներից տեղափոխվեց 3-րդ տեղ եւ մրցաշարի ավարտից 2 տուր առաջ ռեալ կերպով հավակնում է օլիմպիադայի պարգեւներին։ Առաջատարըՙ Ռուսաստանի ընտրանին, 2,5¬1,5 հաշվով հաղթելով խորվաթներին, վաստակեց 34,5 միավոր։ Երկրորդ տեղում հունգարներն են (32,5 միավոր), որոնք նույն հաշվով առավելության հասան վրացիների նկատմամբ։ Նույնպիսի հաշվով Չինաստանը հաղթեց Անգլիային, Հարավսլավիանՙ Բոսնիային։ Լեհաստան¬Կանադա հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի։ Հայաստանի հավաքականին 29,5-ական միավորով հետապնդում են Վրաստանի եւ Չինաստանի շախմատիստները։ 29-ական միավոր ունեն Անգլիան, Խորվաթիան, Լեհաստանն ու Կանադան։
Հաջող կարելի է համարել մեր աղջիկների ելույթը ուժեղ կազմ ունեցող Չինաստանի հավաքականի հետ։ Գրանցվեց ոչ-ոքի (1,5¬1,5)։ Դանիելյանը սեւերով հաղթեց Չժու Չենին, Մկրտչյան-Խու Յուհուա պարտիան ավարտվեց ոչ-ոքի, իսկ Գալոյանը սեւերով զիջեց Չժաո Խուին։ Կրկին անհաջողության մատնվեցին վրաց շախմատիստուհիներնՙ այս անգամ 1¬2 հաշվով զիջելով Վիետնամի թիմին։ Ռուսները 2,5¬0,5 հաշվով հաղթեցին հունգարուհիներին։ Հարավսլավիա-Լեհաստան խաղն ավարտվեց ոչ-ոքի, բուլղարուհիները պարտության մատնեցին ամերիկուհիներինՙ 2¬1։ Աղյուսակը 25-ական միավորով գլխավորում են Վրաստանի եւ Չինաստանի հավաքականները, որոնց 0,5 միավորով են զիջում ռուսները։ Հաջորդ տեղերում են Լեհաստանն ու Վիետնամըՙ 23-ական, Հայաստանըՙ 22,5, ԱՄՆ-նՙ 22։