Բավական ժամանակ հայաստանյան մամուլի խիստ որոշակի ուղղվածության մի շարք թերթեր («Առավոտ», «Հայկական ժամանակ», «Օրրան», «Իրավունք» եւ այլն) քաղաքական լուրջ շահարկումների առարկա են դարձրել ամենեւին էլ ոչ քաղաքական մի իրադարձությունՙ հանրահայտ Արշակ Սադոյանի որդու հարսանիքը։ Մի մատ ծամոն է դարձել հատկապես այն հանգամանքը, որ այդ հարսանիքին, ո՜վ «սարսափ», մասնակցել են նաեւ... իշխանամետ պատգամավորներ, կառավարության վեց անդամ, Երեւանի քաղաքապետը եւ այլք։ Հասարակական լսարանին, սակայն, իբրեւ ամենաանթույլատրելի «հանցանք» հրամցվում է այն տեղեկությունը, որ այդ հարսանիքին մասնակցել ու անգամ «ծախսը փակել» է ԱԺ պատգամավորական խմբի ղեկավար եւ, որ «ամենասոսկալի՜ն» էՙ նախագահի խնամի Վլադիմիր Բադալյանը։ Այս իրողությունը հունից հանել եւ «ազնիվ զայրույթով» է լցրել մի ամբողջ շարք հրապարակումների հեղինակների սրտերը։ Իբրՙ ինչպե՜ս կարելի է։ Ինչպե՞ս է «հավերժ ընդդիմադիր» Արշակ Սադոյանը որդու հարսանիքին հրավիրել իշխանամետ գործիչների եւ ընդունել նրանց «ֆինանսական օգնությունը»։
«Առավոտի» նոյեմբերի 7-ի խմբագրականն այս տեսակետից ամենաբնորոշն է. «Ինչ խոսք, գրում է թերթը, լավ կլիներ, եթե Արշակ Սադոյանը հպարտորեն մերժեր իր իշխանամետ գործընկերների օգնությունը...»։ Իբրՙ ամերիկաներում ու եվրոպաներում այդպես է, համանման պարագաներում այնտեղ, իբր, գործընկերներից նման օգնության ընդունումը կնշանակեր քաղաքական գործունեության վախճան։ Ի դեպ, «Հայկական ժամանակի» նոյեմբերի 6-ի նույն թեմային նվիրված հրապարակումը հենց այդպես էլ վերնագրված էՙ «Սադոյանի առասպելի վերջը»։ Այստեղ էլ ընդգծվում է, թե «արտառոցը ոչ այնքան հարսանիքի ճոխությունն ու անցկացման վայրն է, այլ, որ այդ նույն պատգամավորները, որոնց Սադոյանը «դակիչ մեքենա» է անվանում, որոնք իշխանության ձեռքին գործիք են... այժմ ֆինասավորում են Սադոյանի որդու հարսանիքը»։
ԱԺ պատգամավոր, նախագահի խնամի Վլադիմիր Բադալյանից, որի խնամիության հանգամանքը նույն այդ թերթերի արդեն հոգնեցուցիչ դարձած նեյնիմներում հասարակությանը հրամցվում է իբրեւ խի՜ստ «բացասական» մի բան (թե ինչու, թող մնա իրենց խղճին), փորձեցի ճշտելՙ ինչ ֆինանսավորման մասին է խոսքը։ Պրն Բադալյանը պատասխանեց, թե «սկզբունքորեն դեմ է ամեն կարգի զազրախոսությանն ու զրպարտությանն անդրադառնալու։ Օրը մի վայրահաչություն տպում են, եթե ամեն մեկին պատասխանեմՙ աշխատանքով զբաղվելու ժամանակ չի մնա...»։ Այնուամենայնիվ, «Ազգի» համար, իբրեւ, իր բառերով ասած, «հավասարակշռված ու լրջախոհ թերթի», պրն Բադալյանը համաձայնեց բացառություն անել եւ պատմեց այդ «ֆինանսավորման» ողջ պատմությունը, որը համառոտ հետեւյալն է. Արշակ Սադոյանի հետ երկար տարիներ աշխատում է ԱԺ-ում, իրար լավ են վերաբերվում, գնահատում են միմյանց։ Բնական է, որ Սադոյանն իրեն պիտի հրավիրեր որդու հարսանիքին։ Բնական է նաեւ այն, որ ինքը, իմանալով Արշակի նյութական հնարավորությունների մասին, որոնք ամենեւին էլ «ճոխ» չեն, հետաքրքրվել է, թե ինչո՞վ կարող է օգտակար լինել։ Հարսանիքին հրավիրված պատգամավորներից ոմանք, «ոսկեղեն ու զանազան այլ նվերներ բերելու փոխարեն», ինչն ընդունված է մեզանում, որոշել են նվիրել 50¬100 ԱՄՆ դոլար, ինչը նույնպես ընդունված է։ Այդ կերպ հավաքվել է տվյալ չարաբաստիկ գումարը, որը եւ վճարվել է «Օջախ» ռեստորանին։ Այսինքնՙ հարսանիքի ծախսն ամենեւին էլ Վլադիմիր Բադալյանը չի փակել, եւ հարսանիքն էլ ամենեւին այնքան «ճոխ» չի եղել, ինչպես գրում են թերթերում։ Արշակ Սադոյանն ինքն այդ մասին հրապարակային հայտարարություն է արել, շնորհակալություն հայտնել ընկերներին եւ գործընկերներինՙ մասնակցության համար։ «Սադոյանի որդու հարսանիքի «ֆինանսավորման» ողջ հեքիաթն այս է, նշում էր պրն Բադալյանը, եւ այս հարցի շուրջ բարձրացվող աղմուկը ոչ միայն անբարոյական եմ համարում, այլեւ համոզված եմ, որ հրահանգավորվում է որոշակի կենտրոնիցՙ հստակ քաղաքական նպատակներով...»։
ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ