«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2002-11-12 | #207, 2002-11-13 | #208, 2002-11-14


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՊԸՙ ԳՈՐԴՅԱՆ ՀԱՆԳՈՒՅՑ

«Արմենտելը» կամ պետք է Հայաստանին ապահովի ժամանակակից որակյալ կապով, կամ զրկվի լիցենզիայի մենաշնորհային դրույթներից, այլ տարբերակ չկա», ասաց ՀՀ կապի եւ հեռահաղորդակցության նախարար Անդրանիկ Մանուկյանըՙ երեկ Մամուլի ազգային ակումբում հրավիրված հանդիպման ժամանակ։ Նա հայտնեց, որ նոյեմբերի 11-ին ստորագրվել է փաստաթուղթ «Արմենտելի» ներկայացուցիչների հետ բաց ժողով հրավիրելու մասինՙ քննարկելու պարտավորությունների խախտումները եւ ներկայացնելու դիրքորոշումները։ Նրա համոզմամբ, մենաշնորհը խանգարում է կապի զարգացմանը, եւ քանի որ հնարավոր չէ «Արմենտելին» զրկել լիցենզիայից, որի դեպքում կզրկվենք միակ օպերատորից, ապա անհրաժեշտ է նրան զրկել մենաշնորհի իրավունքից։ Բացահայտված մեծ չափի չարաշահումները ցույց տվեցին, որ դրանց հետեւում կանգնած է ստվերային գործունեությունը, որով այժմ զբաղվում են դատական մարմինները։ Կառավարական հանձնաժողովը ապացուցեց, որ 127 մլն դոլարի ներդրումներ չեն կատարվել, այլապես կապի որակը Հայաստանում կգերազանցեր Հունաստանին, մինչդեռ կապի, մասնավորապես ինտերնետ կապի որակը չափազանց ցածր է Հայաստանում։ Կառավարությունը պահանջում է «Արմենտելից» բարձր որակի կապՙ առաջնորդվելով եւ գործելով սահմանված օրենքներով։

Մի քանի օր առաջ Բուխարեստում մասնակցելով «Էլեկտրոնային հասարակություն» թեմայի քննարկմանը համաեվրոպական կոնֆերանսում, նախարարը հայտնաբերել է, որ «աշխարհն առաջ է գնացել, առաջ է գնացել շա՜տ, իսկ մենք մնացել ենք նույն մակարդակին», այդ իսկ պատճառով կտրուկ քայլեր են պետք։

Անդրադառնալով պրովայդերներին գողության համար մեղադրող «Արմենտելի» պնդումներին, պրն Մանուկյանը նշեց, որ շուտով ստեղծվելու է պրովայդերների խորհուրդ, որը կպաշտպանի վերջիններիս շահերն ու իրավունքները։ Ինչ վերաբերում է բջջային կապին, ապա «Արմենտելը» չի հրաժարվում այդ մենաշնորհից։ Բանակցություններ են վարվել շատ օպերատորների հետ, շատերն են ցանկություն հայտնել մուտք գործել Հայաստանի շուկա, սակայն մենաշնորհային դրույթը թույլ չի տալիս նրանց բջջային ցանց ստեղծելու եւ ծառայություններ մատուցելու լիցենզիա ստանալ։ Այսօր կան բոլոր լծակները, նախապայմանները, ուստի բաց ժողովում «Արմենտելի» խախտումները ներկայացնելուց եւ քննարկելուց հետո կորոշվեն հետագա քայլերը։ «Բջջային կապի որակը զրոյական վիճակում է, դրանք կարելի է ռադիոհեռախոս համարել, թեպետ վերջիններս ավելի լավ են աշխատում», այսպես բնութագրելով բջջային կապի վիճակը, նախարարն ընդգծեց, որ «Արմենտելը» մեծ շահույթներ է ստանումՙ չբավարարելով բաժանորդների պահանջները։

Այն հարցին, թե որքանո՞վ է հիմնավորված Հայաստանի կապն այլ պետության մասնավոր ընկերությանը հանձնելը, նախարարը պատասխանեց, որ որեւէ վտանգ չի տեսնում դրանում, եւ որ աշխարհի պրակտիկայում ընդունված է մեկ այլ երկրի մասնավոր ընկերությանը մրցութային կարգով կապի միջոցներ վաճառելը։ Պատասխանելով ներքաղաքական կյանքին առնչվող հարցերին, նա նշեց, որ ընդդիմությունը դեռեւս կայացած չէ եւ որեւէ ուժ չի ներկայացնում, իսկ նախագահական ընտրություններում, իր համոզմամբ, Լեւոն Տեր-Պետրոսյանը չի դնի թեկնածությունը, քանի որ այնքան խելացի մարդ է, որ հաղթանակ ակնկալել չի կարող։ Նախարարը հայտարարեց, որ ինքն այսօր Քոչարյանի թիմում է, հետեւաբար պաշտպանելու է նրա թեկնածությունըՙ միաժամանակ ընդգծելով նրա ձեռք բերած վստահությամբ տնտեսական զարգացման ուղղությամբ օտարերկրյա ներդրումների ավելացումը։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4