Ասել է Տիգրան Նազարյանը
Տեսաերիզի եւ տուժողների ցուցմունքների միջեւ հակասությունների, անհամապատասխանությունների մասով կրկնահարցաքննություններով շարունակվում է «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունը։
Երեկ դատարան պիտի ներկայանային տուժողներ Գեւորգ Վարդանյանը, Արմեն Մխիթարյանը, Հմայակ Հովհաննիսյանը, Անդրանիկ Մանուկյանն ու Սմբատ Այվազյանը։ Վերջին երկուսը չներկայացան, իսկ ներկայացած տուժողները հետաքրքրական մի քանի հանգամանքներ նշեցին։
Մասնավորապես, օրինակ, Հմայակ Հովհաննիսյանի տպավորությամբ, հեռախոսային անցուդարձի ժամանակ պատգամավորները նստած են եղել, սակայն, ըստ տեսաերիզի, նրանք պառկած են։
Հետաքրքրական էր նաեւ, որ վիրավոր Անդրանիկ Մանուկյանիՙ դահլիճից դուրս գալու պահին համապատասխանող րոպեներին տեսաերիզը ցույց է տալիս, որ Վռամ Գալստյանը գտնվում է հանդիպակաց դռան մոտ։ Մինչդեռ, ըստ Գեւորգ Վարդանյանի, Հունանյանների քեռին կանգնած է եղել հենց այդ դռան մոտ, որից դուրս է եկել Անդրանիկ Մանուկյանը։
Ըստ Արմեն Մխիթարյանի եւ Գեւորգ Վարդանյանի, մինչեւ լրագրողների դահլիճից դուրս գալն են դահլիճում տեսել մորուքավոր, մուգ կոստյումով անծանոթին։ Տեսաերիզում նման մեկը չկա։ Նույն կերպ, երեկ ներկայացած տուժողներից ոչ մեկը չէր նկատել, որ Նաիրի Հունանյանը դուրս էր եկել դահլիճից, մինչդեռ տեսաերիզում ինչ-որ պահի, երբ պատկերը չկա, բայց ձայնը լսելի է, ձայն են տալիս Նաիրի Հունանյանին, ենթադրվում է, որ նա դուրս էր եկել։
Ի տարբերություն սղագրության, տեսաերիզում չկա նաեւ ավագ Հունանյանի հեռախոսային խոսակցությունը։ Տեսաերիզի համաձայն էլ, Էդիկ Գրիգորյանին դիմելիս նրա անունը դահլիճում հնչում է առաջին րոպեներին, մինչդեռ, ըստ նույն Էդիկ Գրիգորյանի, ինքը դահլիճ է մտել բավականին ուշ։
Այնուհետեւ միջնորդությամբ հանդես եկավ Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի շահերի պաշտպան Օլեգ Յունոշեւը։ Նա նախ միջնորդեց դիտել մի քանի ամիս առաջ Լոս Անջելեսի «Վարագույր» ծրագրի վարող Ռուդիկ Հովսեփյանի հետ Տիգրան Նազարյանի ունեցած հարցազրույցի տեսաերիզը, ապա դատարանի որոշմամբ (եթե որոշվի) կցել գործին։ Յունոշեւը տեսաերիզը դիտելու անհրաժեշտությունը բացատրեց նրանով, որ հիմքեր ունի, թե որոշ վկաներ չեն ներկայանա դատարան, քանի որ գտնվում են Հայաստանից դուրս։ ԱՄՆ-ում են Տիգրան Նազարյանը, բուժքույր Ռոզա Հովհաննիսյանը, բժշկուհի Նելլի Տոնոյանը եւ նախագահի աշխատակազմից Երան Ղազարյանը։
Իսկ տեսաերիզում Տիգրան Նազարյանը, ի թիվս իր նախաքննական ցուցմունքում ասածների, նշել էր, որ Հայաստան դեռեւս չի վերադառնա։ Հետաքրքրական էր, որ Ռուդիկ Հովսեփյանը չափազանց պատրաստված եւ, կարելի է ասել, քննչական բնույթի հարցեր էր տալիս, իսկ Տիգրան Նազարյանը մեծամասամբ պատասխանում էր, անտեղյակ լինելու տարբեր որակումներով։ «Ես այնքան էլ չհասկացա ԱՄՆ-ում 6 ամիս մնալու նպատակը», հարցազրույցի ընթացքում նշել էր Տիգրան Նազարյանըՙ իր իսկ խոսքերով, գործուղվելով ազգային հեռուստատեսության կողմից։
Հարցազրույցի վերջում էլ ազգային հեռուստատեսության նախկին աշխատակիցն ասաց, որ որեւէ մեկը չի կարող պնդել, որ ինքը փախել է, քանի որ ոչ մեկն իրեն չի փնտրել։ Նման կարծիքն ուղղակի նախանձելի վստահություն է։
Ինչեւէ, տեսաերիզը դիտելուց հետո դատարանը որոշեց այն կցել գործին։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ. Գ. Երեկ մինչեւ դահլիճ մտնելն այնպիսի մանրամասնությամբ ստուգեցին լրագրողիս, որ մի պահ ապշեցի։ Ապշեցի նաեւ, որ ինձ ստուգող աշխատակցուհին մանրազնին ստուգումն իրականացնելիս անընդհատ դու-ով էր դիմում։