ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Նախապես նշենք, որ ընդամենը մինչեւ երկու օր առաջ ընթերցողների շրջանում գրեթե անհայտ «Օր» թերթի երեկվա հրապարակմանը, որը վերնագրված է «Բացե՛ք ձեր աչքերը», «Ազգը» վերաբերվում է խիստ քննադատաբար։ Խիստ քննադատաբարՙ մեղմ ասած։ Դա մեր մամուլի խայտառակությունն է, ինքնախայտառակումը։ Առաջին էջում դրված միանգամից չորս պոռնոտեսարանները, ինչպես նշյալ թերթի իր հոդվածում գրում է լրագրողուհի Գայանե Մուքոյանը, «աննախադեպ են իրենց բնույթով» եւ հաշվի առնելով էթիկայի սկզբունքներըՙ լրագրողուհին «հայցում է ընթերցողների ներողամտությունը»։
Ընթերցողներից ներողամտություն հայցելու խնդիրն ավելորդ է եւ կեղծ փարիսեցիություն, մանավանդ երբ թերթի առաջին էջը «զարդարված» է միանգամից չորս լուսանկարներով։ Առավել անընդունելի է լրագրողուհու սպառնալիքը. «Սրանք ընդամենը մի պոռնկուհու հետ Արամ Աբրահամյանի «անմեղ» սիրախաղը պատկերող կադրեր են։ Սեռական առավել թունդ, երկնագույն հաճույքի մասին փաստող նկարները եւ ծանրակշիռ այլ ապացույցներ խոստանում ենք ասպարեզ հանել այն ժամանակ, երբ սույն պարոնը կփորձի հերքել կամ թերթին հրավիրել դատարան։ Չէ՞ որ դա մեզ հնարավորություն կընձեռի, խնայելով ընթերցողի տեսողականը, փաստերը ներկայացնել հենց դատարանում»։
Հետո՞։ Ի՞նչ դատարանի մասին է խոսքը, երբ ներխուժում են մարդու անձնական կյանքի մեջ։ Ի՞նչ պիտի ապացուցեք դատարանում, որ «Առավոտ» օրաթերթի խմբագիրը պոռնիկների հե՞տ է եւ նման «ծանրակշիռ այլ ապացույցնե՞ր»...
Ձեզ ի՞նչ։ Ինչո՞ւ եք մտնում ուրիշների սպիտակեղենի մեջ։
Հետգրության մեջ լրագրողուհին արտահայտություն է իրեն թույլ տալիս, հարկ է համարում մեկ անգամ եւս սպառնալ, այս անգամ, բոլոր նրանց, ովքեր հավանաբար կաշառք են վերցնում, պատվեր կատարում, մի խոսքովՙ ծախու են. «Այսօրվանից սկսում եւ շարունակում ենք մի շարքՙ «Ովքեր ենք մենքՙ լրագրողներս» խորագրով, որով խոստանում ենք պարբերաբար անդրադառնալ մամուլում առկա բացասական երեւույթներին եւ միտումներին»։ Այս տողերը կարդալով, իհարկե, մենք առավոտները սրտատրոփ չենք վազի ու կրպակների առաջ «Օր»-ի համար հերթ չենք կանգնի։ Ընթերցողներըՙ առավել եւս։ Կարծում ենք, այդուհանդերձ, հայ լրագրության դիմակը պատռելու գայթակղությունից այսուհետեւ «Օր»-ը զերծ կմնա, եթե ոչՙ «Ովքեր ենք մենքՙ լրագրողներս» խորագրի առաջին հերոսները թող լինեն վերոնշյալ թերթի լրագրողները։
Մյուս կողմից, անկեղծորեն պետք է նկատենք, որ «Բացե՛ք ձեր աչքերը» հրապարակումը, եթե չլինեին չորս պոռնոկադրերը, պետք է, որ մտորելու առիթ տային մեզՙ լրագրողներիս։ Մեր մամուլի աղբը բյուրեղացավ «Օր»-ում։ Բյուրեղացավ մեկ օրում։ Եկեք նժարի վրա դնենք «Բացե՛ք ձեր աչքերը» հրապարակումը եւ բաղդատենք մեր օրաթերթերում ամեն օր հանդիպող եւ վերոնշյալ հրապարակումից քիչ տարբերվող այլ հոդվածներ։ Վերցնենք նույն «Առավոտը», որն ընդունակ է իր էջերում հանրապետության նախագահին անվանել «վիժվածք» կամ նրա գանգի կառուցվածքը համեմատել Թուրքմենբաշու մարմնի համանուն մասի հետ։ «Ներխուժել» նախկին բնապահպանության նախարարի ընտանիք եւ «բարոյականության» դասեր հրամցնել ընթերցողներին։ Կամՙ ամեն օր «բնաջնջել» հայ մտավորականությանը, ծաղրուծանակի ենթարկել հայերի ողբերգությունըՙ 1915 թիվը։ Մեր մեկ այլ օրաթերթ ամիսներ շարունակ վարկաբեկում էր Արտաշես Գեղամյանի ընտանիքին, մեր ժամանակների ամենահայտնի արձակագրի դուստրն իր «Չորրորդ իշխանություն» կոչված թերթում ամենալկտի բառերով պիտակում է բոլոր նրանց, ովքեր «իրենց» ժամանակների ծնունդը չեն, կամ մեկ այլ օրաթերթՙ «Հայոց աշխարհ» անունով, որը Ստեփան Դեմիրճյանին թերթի առաջին էջում հագցնում է հարսի շորեր, կամ վիրավորում մեկ այլ թերթի լրագրողուհունՙ նրան որակելով «լիլիպուտ»։ Սա է մեր մամուլը։
Անգամ «Բացե՛ք ձեր աչքերը» հրապարակումը մեզՙ լրագրողներիս համար դաս չի լինելու։ Մենք շարունակելու ենք նախկին եռանդով ոչնչացնել մարդուն, լավը, գեղեցիկը, բարությունը, ներխուժել նրա անձնական կյանք, կեղտոտել բոլոր նրանց, ովքեր մեզ նման չեն մտածում։ Բայց այս ոճը վերջիվերջո հեռացնելու, վանելու է ընթերցողին մեր մամուլից, մեզնի՛ց։
Հայկական մամուլն այս ճանապարհն է ընտրել։ Ե՞րբ ենք հավաքաբար «ոչ» ասելու։