ԳԱ ակադեմիան ու Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնը երեկ անցկացրին «Մտավոր սեփականության կառավարման հիմնախնդիրները Հայաստանում» քննարկումը։ Հրավիրված էին գիտության եւ հասարակության տարբեր բնագավառների ղեկավարներ ու ներկայացուցիչներ։ Ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանի ողջույնի խոսքից հետո ելույթ ունեցավ նախագահության ակադեմիկոս-քարտուղար Վլադիմիր Բարխուդարյանը։ Նա շեշտեց, որ ակադեմիան մշտապես ձգտել է պահպանել մտավոր ներուժը, եւ վերջին տարիներին գիտաշխատողների հոսք գրեթե չի եղել։ Ռազմավարական կենտրոնի գիտական աշխատանքների ղեկավար Թաթուլ Մանասերյանը ներկայացրեց քննարկման հիմնական նպատակըՙ պարզել, թե ինչպե՞ս է մտավոր սեփականությունն օգտագործվում մեզանում, ի՞նչ քաղաքականություն է տարվում այն պահպանելու եւ կատարելագործելու ուղղությամբ։
Քննարկման առաջին մասում լսվեց «Մտավոր կարողության բաղադրիչները» ելույթը (զեկուցողՙ ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ Անդրանիկ Խաչիկյան), որում մասնավորապես նշվեցին մտավոր սեփականության ձեւերըՙ արդյունաբերական սեփականությունն ու հեղինակային իրավունքը, դրանք ամրագրող արտոնագրային օրենքները եւ այլն։ Զեկուցողը փաստեց, որ ներկայումս գյուտերի հայտերի ներկայացման աճ է նկատվում ինչպես արդեն ավանդական դարձած քիմիայի եւ առողջապահության, այնպես էլ բարձր տեխնոլոգիաների բնագավառներում։ Գյուտերի գնահատման, լիցենզավորման եւ գրանցման հարցերը բուռն բանավեճի նյութ դարձան։ Բանն այն է, որ 1800 գյուտերից միայն 3-ն են լիցենզիա ստացել։ Մտավոր սեփականության գործակալությունն արտոնագիր շնորհելիս չի գնահատում գյուտի արդյունավետությունը եւ լիցենզավորում է միայն գրանցված գյուտերը։
Թեպետ 10 տարի առաջ ստեղծվել է գյուտերի հարցերով զբաղվող կառավարական հանձնաժողով, սակայն խնդիրը մինչ օրս կարգավորված չէ։ Միջազգային որոշ կազմակերպություններ էլ Հայաստանում զբաղվում են մտավոր կարողությունների արտահոսք կազմակերպելով։
Իսկ ի՞նչ քաղաքականություն է մշակվում նման երեւույթները բացառելու ուղղությամբ։ Դիպուկ էր ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանի հարցադրումըՙ եթե մեր կառավարությունը գիտության զարգացմանը պետբյուջեից հատկացնում է գրեթե նույնքան գումար, ինչքան հեռուստահաղորդումներին, ապա մտավոր կարողությունների պահպանում եւ զարգացում հնարավո՞ր է իրականացնել։ Հնչեցին տարբեր կարծիքներ ու առաջարկություններ. ստեղծել մտավոր սեփականության մարկետինգի կենտրոն, հաշվի առնելով այլ երկրների փորձը հաշվառել եւ համակարգել գյուտերը, մշակել ռազմավարական քաղաքականություն։
Քննարկման երկրորդ մասն անցավ ավելի մեղմ մթնոլորտում, քանի որ մասնակիցներից շատերը լքեցին դահլիճը։ Իրոք դժվար է այդքան երկարատեւ քննարկումների մասնակցել
Լսվեց «Ուղեղների արտահոսքի» սոցիալական, տնտեսական եւ քաղաքական նախադրյալները ելույթը (զեկուցողՙ Մանուկ Հարությունյան, փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտ), որում մասնավորապես խոսվեց «ուղեղների արտահոսքը» մանրազնին հետազոտելու եւ պետական ծրագիր մշակելու անհրաժեշտության մասին։ Ազգի մտավոր ներուժն այն հարցը չէ, որը կարելի է անտարբերության մատնել եւ չմշակել համապատասխան միջոցառումներ եւ օրենքներ։ Այսօր չունենք միջազգային շուկա թափանցելու ծրագիր, գիտատեխնիկական համագործակցության չենք ձգտում Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրների հետ։ Պետության ու կառավարության դերն ազգայնական հարցերում չի երեւում։ Ընդունվում են առաջնահերթություններ, սակայն դրանք չեն արտահայտվում քաղաքականության մեջ, հարկային մեխանիզմներ չեն կիրառվել։
Քննարկման վերջում ծավալվեց կարծիքների փոխանակում, որի ժամանակ ելույթ ունեցավ նաեւ Հայաստանում Հնդկաստանի դեսպան Դիպակ Վոհրան։ Նա փորձեց հանգստացնել մտավոր ներուժի արտահոսքից տագնապած ներկաներին, բերելով Հնդկաստանի օրինակը, որն անկախություն ձեռք բերելուց մոտ 50 տարի հետո վերջերս ապահովել է ներհոսք։ Սակայն հնչեցին ընդդիմադիր կարծիքներ, եւ Հայաստանի բնակչության թիվն ու առանձնահատկությունները հաշվի առնելովՙ առաջարկեցին սփյուռքի օգնությամբ արտահոսքի միտումը կանխելու ճիգեր գործադրել։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ