«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2002-11-14 | #209, 2002-11-15 | #210, 2002-11-16


ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ՉԱՓԱԶԱՆՑ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՆԵՐԴՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Նշվեց հայ-ամերիկյան համաձայնագրի ստորագրման ժամանակ

«Ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան ներդնողները պահանջում են արդար եւ կանխատեսելի միջավայր իրենց գործունեությունը ծավալելու համար։ Կարեւոր է պարզել, թե ինչն է խոչընդոտում ներդրումների ծավալի եւ բիզնեսի աճին, որպեսզի Հայաստանի կառավարությունը կոնկրետ քայլեր ձեռնարկի այդ խոչընդոտները վերացնելու ուղղությամբ», մինչ հայ-ամերիկյան համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործողությունների ծրագրի ստորագրումն իր ելույթում նշեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը։ Նա ներկայացրեց այս տարվա սեպտեմբերի 26¬27-ը Վաշինգտոնում տեղի ունեցած հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկված հարցերըՙ մակրոտնտեսական քաղաքականություն, գործարար մթնոլորտ, էներգետիկա, շրջակա միջավայր, պայքար մարդկանց առեւտրի ու ահաբեկչության դեմ եւ հայտնեց, որ յուրաքանչյուր կետի վերաբերյալ կոնկրետ գործողություններ են ամրագրվել։

Դեսպանն առանձնացրեց Հայաստանում աղքատության նվազեցման հարցը, ասելով, որ արդյունքները կարելի է ակնկալել միայն ներդրումների խթանման, փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման միջոցով կայուն տնտեսական աճ ապահովելով։ Ինչին հասնելու համար էլ անհրաժեշտ է անընդհատ բարելավել Հայաստանի գործարար միջավայրը։

Հաջորդ հարցը, որի վրա Հայաստանի կառավարության ուշադրությունը հրավիրեց Ջոն Օրդուեյը, կոռուպցիան է, որը «չափազանց բացասական ազդեցություն ունի հավանական ներդնողների վրա»։ Դեսպանի բնորոշմամբ, Հայաստանը պետք է «ամենայն լրջությամբ եւ հետեւողականությամբ» մոտենա այս խնդրին։ Նա հույս հայտնեց, որ մեր կառավարությունը կմշակի եւ կյանքի կկոչի կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարություն, որին հնարավորինս կաջակցի ամերիկյան կողմը։

ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանն ավանդական շնորհակալություններից հետո, ուղղված հանձնաժողովի ամերիկյան կողմի համանախագահ, դեսպան Ուիլյամ Թեյլորին եւ դեսպան Ջոն Օրդուեյին, նույնպես անդրադարձավ հակակոռուպցիոն ծրագրին։ Նա տեղեկացրեց, որ այն գրեթե ավարտվել է, եւ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում «Հայաստանի կառավարությունը վճռականորեն է տրամադրված»։ Նախարարն այդ «վճռականությունն» ապացուցելու համար վկայակոչեց նախկինում ձեռնարկված քայլերը (լիցենզիաների տրամադրման պարզեցում եւ այլն) եւ նախանշեց ապագա քայլերը։ Դրանք ենՙ օրենսդրական փոփոխություններ, օրենքների տարընթերցման վերացում, տնտեսական եւ հասարակական կյանքում փոփոխություններ, աշխատավարձերի բարձրացում եւ այլն։ Նշենք, որ այդ քայլերից առայժմ առաջնահերթ կարգով կյանքի է կոչվում միայն պաշտոնյաների, դատական, հարկային եւ մաքսային համակարգերի աշխատակիցների աշխատավարձերի աննախադեպ բարձրացումը։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4