Ռոբերտ Քոչարյանը կիջեւանի «Պրահա» հյուրանոցում
ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, «Օրեր», Պրահա, հատուկ «Ազգի» համար
12 հազար չեխ ոստիկաններ չորս օր շարունակ կհերթապահեն չեխական մայրաքաղաքումՙ ապահովելով ոչ միայն մոտ 50 երկրներից ժամանած պատվիրակությունների անդամների, այլեւ Պրահայի բնակիչների անվտանգությունը։ Դեռ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ու հրավիրյալ երկրների ղեկավարների գագաթաժողովից մի քանի ամիս առաջ չեխական իրավապահ մարմինները սկսեցին անվտանգության միջոցառումները։ Իրականում, արդեն երկու տարի Չեխիայի կառավարությունը պատրաստվում է այս գագաթաժողովին, եւ ըստ մամուլի, աննախադեպ են նաեւ ծախսերըՙ մոտ 800 միլիոն կրոն (26 միլոն դոլարից ավելի), ինչը 5 անգամ ավելի է, քան նախորդՙ մադրիդյան հանդիպման ծախսերը։
Մայրաքաղաքի շատ բնակիչներ ամիսներ առաջ հոգ էին տարել, որ այս շաբաթն անցկացնեն Պրահայից դուրսՙ ամառանոցներում կամ հանգստյան տներում։ Եվ այս օրերին քաղաքն աստիճանաբար դատարկվում է։
Հականատոյական ցուցարարների թիվը դեռեւս ոչ ոք չի կարող ճշտորեն կանխագուշակել, սակայն ոստիկանությանը օգնության պետք է գան նաեւ ՆԱՏՕ-ի օդային ուժերը, որոնց ռազմական օդանավերը անընդհատ կվերահսկեն ոչ միայն Պրահայի, այլեւ ողջ Չեխիայի օդային տարածքը։ Քաղաքի մի շարք թաղամասերում այդ օրերին չեն գործի ոչ միայն դպրոցներն ու այլ ուսումնական հաստատություններ, այլեւ խանութներն ու հասարակական սննդի շատ օբյեկտներ։ Պրահացիների հիշողության մեջ դեռեւս թարմ են 2 տարի առաջ Միջազգային արժութային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի անցկացրած ֆորումի օրերին կազմակերպված հակագլոբալիստների ցույցերն ու հրահրված անկարգությունները։ Արդեն իսկ քաղաքային իշխանությունները ստացել են 52 միտինգի ու ցույցի անցկացման հայտ, որոնց մեծ մասը կմերժվի, քանի որ նախատեսվում են արգելված տարածքներում։ Այդ իսկ պատճառով, թեեւ բուն գագաթաժողովը տեղի կունենա միայն նոյեմբերի 21¬22-ը, բայց դեռ երկու օր առաջ կփակվեն Պրահայի գլխավոր երեք շրջաններն, ուր գտնվում են Համագումարների պալատը, Հասարակական տունը եւ Չեխիայի նախագահի նստավայրըՙ Պրաժսկի Հրադը։ Անվտանգության խստացված ռեժիմ է լինելու նաեւ Պրահայում ԱՄՆ դեսպանատան շրջակայքում, ուր նույնիսկ հարեւան շենքերի բնակիչները մի քանի օր սեփական ավտոկանգառներից օգտվելու իրավունք չեն ունենա։ Ի դեպ, Չեխիա ժամանող պատվիրակություններից ամենաբազմամարդը կլինի Միացյալ Նահանգների պատվիրակությունըՙ 700 հոգի, եւ կզբաղեցնի «Հիլթոն» հյուրանոցի հինգ հարկերը։ Այս թվի մեջ չեն մտնում մի քանի հազար ամերիկյան զինվորականները, որոնք կզբաղվեն միայն անվտանգության եւ հակաահաբեկչական միջոցառումների հարցերով։ Չեխական կենտրոնական մամուլը նույնիսկ տպագրել է այն սենյակի նկարը, ուր պետք է իջեւանի նախագահ Բուշը։ ԱՄՆ նախագահը չորեքշաբթի օրը կայցելի «Ազատություն-Ազատ Եվրոպա» ռադիոկայան, ուր նախատեսվում է նրա ելույթը։
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնպես կայցելի ռադիոկայան, սակայն Պրահա ժամանելու հաջորդ օրըՙ նոյեմբերի 22-ին։ Հրավիրյալ երկրների ղեկավարների մասնակցությամբ նիստը տեղի կունենա նոյեմբերի 21-ինՙ Համագումարների պալատում։ Ռոբերտ Քոչարյանը իջեւանելու է «Պրահա» հինգաստղանի հյուրանոցում։ Ինչպես արդեն նշվել է մամուլում, ՀՀ նախագահն այստեղ հանդիպումներ կունենա նաեւ Ադրբեջանի ու Վրաստանի նախագահների հետ։ Հուսանք, որ Հայաստանի նախագահը կհանդիպի նաեւ Չեխիայի նախագահ Հավելին, եւ վերջապես կլուծվի երկկողմ հարաբերությունների զարգացման խնդիրը։ ՀՀ նախագահին ուղեկցելու են արտաքին գործերի ու պաշտպանության նախարարները։
Ի դեպ, մինչ կիրակի օրը չեխ անարխիստները արդեն իսկ փորձում էին ապակայունացնել չեխական մետրոյի աշխատանքը, նախագահ Հավելը ներկայացնում էր 1990¬2002 թթ. իր հոդվածների ու ելույթների նոր գիրքը, որ կոչվում է «ՆԱՏՕ-ն, Եվրոպան եւ ժողովրդավարության անվտանգությունը»։