Կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների, վարչապետի, նախագահի, պետական ապարատի, դատական, հարկային, մաքսային համակարգերի «խեղճ ու կրակ» աշխատակիցների աշխատավարձերի բազմապատիկ բարձրացման եւ կենսաթոշակառուների թոշակների, ուսուցիչների, մշակույթի ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի չնչին բարձրացման գլխավոր հիմնավորումներից մեկն այն է, որ երկրորդներն անհամեմատ մեծ թիվ են կազմում, ուստի հատկացված գումարներն այստեղ ուղղելը որեւէ լուրջ սոցիալական արդյունք չի տա։ Առաջինն այս մասին ասաց ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը։ Գործադիր իշխանության իր գործընկերոջ այս «լուրջ» հիմնավորումն օրերս կատարելության հասցրեց ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։ Ազգային հեռուստատեսության եթերում ինքնարդարացման նրա փորձն այնքան անհաջող էր, որ հանձնաժողովի նախագահը դիմեց նման դեպքերում երեխաներին բնորոշ քայլիՙ ստի, ասելով, որ եթե բարձր վարձատրվողների էլ ավելի բարձր վարձատրմանը հատկացված գումարներն ուղղվեն թոշակներին, ապա վերջիններս կբարձրանան ընդամենը 4¬5 դրամով։ Պատգամավորի, իսկ մինչ այդ նախարարի հիմնավորումների սնանկությունն ապացուցենք փաստերով։
Ինչպես հայտնի է, միայն բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման համար հատկացված գումարը կազմում է 764 մլն դրամ։ Պետական ապարատի մյուս աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը հատկացվել է 1 մլրդ 252 մլն դրամ, հարկային եւ մաքսային համակարգերի աշխատակիցներինՙ 2 մլրդ 960 մլն դրամ։ Սրանց հանրագումարը կկազմի 5 մլրդ դրամ։ Այս թվերն ունենալով, նախ հերքենք Գագիկ Մինասյանի սուտը կամ տարրական թվաբանական սխալը (նայած, թե որն է նախընտրում պատգամավորը)։ Եթե հանձնաժողովի նախագահը նկատի է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաներին հատկացված 764 մլն դրամը, ապա այդ գումարը բաժանելով թոշակառուների ընդհանուր թվի վրա, որը կազմում է 480 հազար մարդ, ստացված թիվն էլ բաժանելով 12 ամիսների վրա, ստանում ենք ոչ թե 4 կամ 5 դրամ, այլ 132 դրամ։ Այսինքնՙ ուղիղ այդքանով կավելենա թոշակառուների մեկ ամսվա թոշակը։ Սա պատգամավորի «հայտնագործության» առիթով։
Հաջորդը նախարար Վարդան Խաչատրյանիՙ գումարների վերեւում հիշատակած վերաբաշխման լուրջ սոցիալական նշանակություն չունենալու մասին հարցն է։ Եթե միայն բարձրաստիճան պաշտոնյաներին հատկացված գումարը նկատի ունենանք, ապա այդ 132 դրամի հավելումը թոշակառուների համար կամ նույն հաշվարկով հաշվելիս 60 հազար ուսուցիչների համար 1061 դրամի հավելումն աշխատավարձերին, թերեւս, էական չեն կարող լինել։ Իսկ եթե շրջանակն ընդլայնենք եւ ապահովված խավերի աշխատավարձերի բարձրացման համար նախատեսված 5 մլրդ դրամ ընդհանուր գումարը վերաբաշխե՞նք։ Դարձյալ նույն հաշվարկը կատարելով, կստանանք թոշակների ավելացում 868 դրամով եւ ուսուցիչների աշխատավարձերի ավելացում գրեթե 7 հազար դրամով։ Սա կարո՞ղ է «լուրջ սոցիալական նշանակություն» ունենալ։ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի կարծիքովՙ ոչ։ Սակայն կարո՞ղ է Վարդան Խաչատրյանն իր նախարարական բարձունքից իմանալ, թե ինչ կարծիք ունեն նույն թոշակառուն կամ ուսուցիչը։ Բնականաբար, ո՛չ։ Մինչդեռ բավական է զրուցել նրանցից որեւէ մեկի հետ, որպեսզի պարզ դառնա, որ, համենայն դեպս, նման բարձրացումը թոշակառուի կամ ուսուցչի համար շատ ավելի անհրաժեշտ է եւ կարեւոր, քան մի քանի հարյուր դոլարի բարձրացումը պատգամավորի, նախարարի կամ դատավորի համար։ Եվ ի վերջո, եթե նշված չափերի ավելացումը լուրջ նշանակություն չի ունենում, ապա ինչո՞ւ են կառավարության անդամներըՙ սկսած վարչապետից մինչեւ կենսաթոշակային հիմնադրամի տնօրենը, անընդհատ թմբկահարում կենսաթոշակների ավելի փոքրՙ 660¬700 դրամ կամ ուսուցիչների աշխատավարձերի 3¬4 հազար դրամի բարձրացումների մասին։ Ավելի ճիշտ կլիներ, որ նրանք համեստորեն լռեին եւ «լուրջ նշանակություն» չտային դրան։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ