«Արտագաղթը Հայաստանից. պատճառ, հետեւանք, միտում» թեմայով երեկ քննարկում էին կազմակերպել Քաղաքացիական ազգային նախաձեռնությունն ու «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնը։ Առանձնացվել էին 4 հիմնական ելույթներ. «Արտագաղթի տնտեսական եւ սոցիալ-հոգեբանական պատճառներն ու հետեւանքները» (զեկուցողՙ «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Հրանուշ Խառատյան), «Հայերը Լեհաստանում. նոր արտագաղթածները» (զեկուցողՙ Թոմաս Մարտինյակ, Լեհաստանի Կոպեռնիկոսի անվան համալսարան), «Արժեքային համակարգի փոփոխությունների դրսեւորումներն արտագաղթի պրոցեսում» (զեկուցողՙ Գայանե Շագոյան, «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն) եւ «Հայաստանի միգրացիոն քաղաքականությունը» (զեկուցողՙ Իրինա Դավթյան, ՀՀ միգրացիայի վարչություն)։
Հրանուշ Խառատյանն իր ելույթում փորձեց արտագաղթը ներկայացնել կառավարման համակարգի խնդիրներից ելնելով։ Բաց հասարակության ինստիտուտի հետ անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ Հայաստանի մի շարք մարզերում, հատկապես Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղում գյուղացիների եւ փախստականների մեջ ձեւավորվել է այն տրամադրությունը, թե իշխանավորները նպատակամղված են իրենց վտարելու։ Սրվել է երեւանցի եւ ոչ երեւանցի տարբերակումը։ Վերջին երկու տարիներին բուհ ընդունվողների 80 տոկոսը երեւանցի է։ Հասարակական կյանքը կենտրոնացված է բացառապես Երեւանում։ Գյումրիում եկամտաբեր աշխատանքներ են ստանում հիմնականում երեւանցիները, եւ այս երեւույթը տեղում արտագաղթի տրամադրություն է առաջացնում։ Բնակչության 70 տոկոսն իշխանության մասին խոսելիս օգտագործում է «դրանք», «մենք» ու «նրանք» տարբերակումները։ Ուժգնանում է հայրենի երկրից օտարվելու, անպաշտպանվածության եւ վաղվա օրվա նկատմամբ թերահավատության զգացումը։ Նրա համոզմամբ, կառավարման համակարգի արմատական փոփոխություններ են պետքՙ ժողովրդին հավատ ներշնչելու եւ վերոհիշյալ խնդիրները լուծելու համար։
Բավականաչափ մակերեսային էր Թոմաս Մարտինյակի ելույթը։ Նախ ամեն կերպ ձգտում էր խոսել լեհերենՙ հաշվի չառնելով թարգմանչուհու թարգմանելու անկարողությունը, ապա որոշեց նկարել Լեհաստանի քարտեզը, հետո էլ փաստեց, որ հայաստանցի մտավորականները (որոնց թիվն էլ չգիտեր), «բազարում» նստած առեւտուր են անում։ Մի խոսքով, լեհերը հայերին տեսնում են միայն առեւտրի մեջ, այսպիսին է հայի կերպարը Լեհաստանում, ուր, ոչ պաշտոնական տվյալներով, այսօր ապրում է ընդհանուր թվով 10 հազար հայ։
Արժեքային համակարգի փոփոխությունների մասին խոսելիս Գայանե Շագոյանը կանգ առավ հատկապես վերջին հետազոտությամբ բացահայտված երիտասարդ ընտանիքների ծայրահեղ անապահով վիճակի վրա, որն էլ, ըստ էության, արտագաղթի դրդապատճառ է դառնում։ Հասարակության մեջ նկատելիորեն նվազել է միմյանց օգնելու պատրաստակամությունըՙ առաջ բերելով մեկուսացում թե՛ բարեկամներից, թե՛ շրջապատից։ Իսկ արտասահման ժամանակավորապես աշխատանքի մեկնած հարազատների կարոտից ծնվում են հիվանդություններ, որոնց սպեղանին հնարավոր չէ գտնել։ Երեխաների մեջ սրվում է խիստ արտահայտված դեպրեսիան, որը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։ Կյանքի նմանատիպ պայմաններում նվազում է հայրենասիրության գործոնը, որը շատերի մեջ պայմանավորված է ընտանիքի նյութական կեցության բարվոք վիճակով եւ ստիպում լքել հայրենիքը։ Միգրացիոն քաղաքականությանն անդրադառնալով Իրինա Դավթյանը նշեց, որ այսօր փորձ է արվում կարգավորել աշխատանքային միգրացիան եւ պայքարել անօրինական միգրացիայի դեմ։ Հրամայական պահանջ էՙ ձեւավորել օրենսդրական դաշտ, որը կառավարությունը մինչ օրս չի կարգավորել։
Արեւմտյան Եվրոպայի մի շարք երկրներ արդեն իրենք են նախաձեռնություն ցուցաբերում իրենց երկրներում անօրինական ապաստան գտած հայերին Հայաստան ուղարկելու։ Այսպես, Շվեյցարիայի կառավարությունը նախատեսել է ֆինանսավորել 105 հայաստանցիների վերադարձի ծախսերը, մինչդեռ վերադարձողներին կյանքի բավարար պայմաններ ապահովելու ուղղությամբ դեռեւս չեն ձեռնարկվում միջոցառումներ։
Անօրինական միգրացիայի վերաբերյալ հնչեցին մի շարք կարծիքներ, որոնցում դատապարտվեց հաճախ անբարո անձանց կազմակերպած արտագաղթը, որին զոհ են դարձել «փողատեր» դառնալու ակնկալիքներով կործանման եզրին հայտնված ոչ սակավ թվով հայաստանցիներՙ միաժամանակ նվաստացնելով հայի պատիվն ու անունն աշխարհում։ Ցավալի փաստ է, որ 10 տարվա արտագաղթից հետո է միայն սկսվել ներքին գործերի նախարարության եւ միգրացիոն վարչության համագործակցությունը, որի նպատակն է անօրինական միգրացիա կազմակերպողների դեմ քրեական գործ հարուցել։ Կնվազի՞ արտագաղթը վերոհիշյալ հարցերի քիչ թե շատ կարգավորման դեպքումՙ առայժմ դժվար է կանխատեսումներ անել, քանզի փոխվել է հայաստանցիների մտածելակերպը, եւ հաճախ մեկնում են նույնիսկ չափից դուրս ապահովված ընտանիքները։ Ուրեմն արտագաղթի պատճառները մի քիչ էլ մեր մեջ փնտրենք ու փորձենք հրաժարվել թիմային գործունեությունիցՙ ազգայնական խնդիրները դարձնելով մեր էության ու մտքի կարեւորագույն տարրերը։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ