«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#210, 2002-11-16 | #211, 2002-11-19 | #212, 2002-11-20


«ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԿՈՐՈՒՍՏ ՊԱՏՃԱՌՈՂ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԿՀԵՌԱՑՎԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ»

Հայտարարեցին ԲԷՑ-երի նոր սեփականատերերը

Հայաստանի բաշխիչ էներգացանցերի սեփականատեր բրիտանական «Միդլենդ ռիսորսըզ» ընկերության ռուս ներկայացուցիչներ Եվգենի Գլադունչիկը եւ Անդրեյ Զավառաժնովն անցնող 2 ամսվա ընթացքում երեկ երկրորդ անգամ հանդիպեցին հայ լրագրողների հետ, այս անգամ արդեն առաջինը որպես «Հայցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն, երկրորդըՙ տնօրենների խորհրդի անդամ։ Նոր շատ քիչ բան ասվեց, բանախոսները, պատասխանելով լրագրողների հարցերին, հիմնականում կրկնեցին նախորդ ասուլիսի ժամանակ իրենց ներկայացրած տեսակետներն ու պարզաբանումները։

Հիմնական խնդիրը, որը ծագել էր ԲԷՑ-երի մասնավորեցումից հետո, հմուտ եւ այս ոլորտում փորձ ունեցող կառավարչի հրավիրումն էր։ Երեկ տեղեկացվեց, որ բազմաթիվ թեկնածուներից ընտրությունը կատարվել է։ Այժմ ուսումնասիրվում են պայմանագրի դրույթները։ Սակայն Եվգենի Գլադունչիկը նախընտրեց դեռեւս չհայտարարել կառավարիչ ընկերության անունը, ասելով միայն, որ այն արժանացել է Համաշխարհային բանկի հավանությանը։ Լրացուցիչ ասվեց, որ 3¬4 օրից ընկերության անունը հայտնի կդառնա (գուցե այդ ժամանակ էլ կազմակերպվե՞ր մամուլի ասուլիսը-Ա. Մ.)։

Պարտավորությունների կատարման մասին խոսելով, «Հայցանց» ՓԲԸ ղեկավարները նշեցին, որ դրանք ամբողջությամբ կատարվել են։ Այժմ ընթանում է 27,6 մլն դոլար կազմող պարտքերի մարումը, որից 22 մլն դոլարը ընկերությանՙ բանկերին ունեցած պարտքերն են։ «Ամբողջ գործարքը մեզ արժեցավ 40 մլն դոլար», նշեց Եվգենի Գլադունչիկը։ Առայժմ հայտնի չէ կատարվելիք ներդրումների չափը, որն ուսումնասիրություններից հետո պետք է որոշի կառավարիչը։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ առավել շոշափված թեման առնչվում էր վճարումների չափի, գերկորուստների եւ դրա դեմ պայքարելու «Հայցանցի» նոր ղեկավարության քայլերին։ Ըստ Անդրեյ Զավառաժնովի, սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումները կատարվում են 90 տոկոսով։ Դա նշանակում է, որ տարեկան կորուստը կազմում է 12 մլն դոլար։ Նշվեց, որ կան բնակավայրեր (օրինակ Խոտ, Շինուհայր գյուղերը), որտեղ վճարումների ցուցանիշն ընդամենը 6 տոկոս է։ Կան 30 կամ 40 տոկոս վճարող բնակավայրեր։ Նման վիճակը «Հայցանցի» ղեկավարներն անթույլատրելի են համարում եւ փորձելու են բացատրել, որ վճարումները պետք է կատարվեն։ Հակառակ դեպքում ստիպված կլինեն դիմել հոսանքազրկման։ Նման իրավասություն նրանց տրված է կառավարության որոշմամբ, որտեղ նշված են այն կարեւոր ռազմավարական օբյեկտները, որոնք չպետք է հոսանքազրկվեն հոկտեմբերի վճարումները չկատարելու համար։ Դրանք են ջրմուղ-կոյուղու համակարգը, պաշտպանության նախարարության ստորաբաժանումները, մետրոն, Մատենադարանը։ Մյուսներից բացառություններ չեն լինելու։ Եվգենի Գլադունչիկը հայտնեց, որ բյուջետային կազմակերպությունները էլեկտրաէներգիայի համար գումարը կստանան բյուջեից։

Ինչ վերաբերում է կորուստներին, ապա դրանք կազմում են 36 տոկոսՙ տեխնիկական եւ գերկորուստներ։ Գերկորուստների նկատմամբ ընկերության ղեկավարների մոտեցումը միանշանակ էՙ այդպիսիք թույլ տված ստորաբաժանումների ղեկավարներն անձնական պատասխանատվություն են կրում։ «Մենք 3 հազար տեսուչներից յուրաքանչյուրի հետ չենք աշխատելու։ Աշխատելու ենք ղեկավարների հետ։ Ընկերությանը կորուստ պատճառողը կհեռացվի», ընդգծեց «Հայցանցի» գլխավոր տնօրենը։ Նա հայտնեց, որ ընկերության 5 ղեկավարներ արդեն հեռացվել են։ Այսինքնՙ ղեկավարության կեսը փոխվել է։

Համակարգի աշխատակիցների թվակազմին անդրադառնալով, Անդրեյ Զավառաժնովն ասաց, որ 700 հաստիք կրճատվել էՙ 10,5 հազարից դառնալով 9,8 հազար։ Տնտեսագետների խումբն աշխատում է համակարգի այս կամ այն օղակում աշխատակիցների օպտիմալ թիվը որոշելու նպատակով, եւ այժմ հայտնի չէՙ կրճատումներ կլինե՞ն եւ որքա՞ն կլինեն։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4