Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում շաբաթ օրը տեղի ունեցած շրջանավարտների վկայականների հանձնման արարողության ընթացքում Մհեր Սասունին, Արա Անանյանը եւ Ավետիս Ահարոնյանը ստացան սրտային վիրաբուժության, իսկ Վահագն Սարգսյանը եւ Արմինե Թորոսյանըՙ սրտաբանի մասնագիտացման վկայականներ։ Երեւույթը հիշատակման է արժանի, որովհետեւ Հայաստանում առաջին անգամ կլինիկական վերապատրաստում ստացան սրտավիրաբույժներ, որոնք իրենց բարձրակարգ ուսուցումը ստացան այնպիսի առաջնակարգ մասնագետների անմիջական ղեկավարությամբ, ինչպիսիք են ԱՄՆ Պորտլանդի Ալբեր Սթարի ակադեմիական կենտրոնի սրտավիրաբույժ Հրայր Հովակիմյանը եւ վիրաբուժության բաժնի վարիչ Վիլեն Մանուկյանը։
Ավետիս Ահարոնյանը եւ Մհեր Սասունին (Սիրիայի քաղաքացի, ազգությամբ հայ) ավարտելով Երեւանի բժշկական ինստիտուտըՙ ուսումը շարունակեցին ՆՄԲԿ մանկական սրտային վիրաբուժության ռեզիդենտուրայում։ Առաջին տարիներին նրանց հնարավորություններ ընձեռվեցին ավելի խորությամբ ըմբռնելու սրտի հեմոդինամիկան, իսկ հետագա 4 տարիներին բժշկի անհրաժեշտ ինքնավստահությունը ձեռք բերվեց մասնագիտական փորձիՙ ինքնուրույն վիրահատություններ կատարելու միջոցով։
Երիտասարդ մասնագետներն իրենց գոհունակությունն արտահայտեցին ուսման ընթացքի վերաբերյալ, նշելով այն առավելությունները, որ ունի կլինիկան։ Կենտրոնի մասնագիտացված լինելը թե՛ մանուկների, թե՛ մեծահասակների սրտային վիրաբուժության բնագավառում, հնարավորություն է տվել նրանց ուսումնասիրել այս երկու ոլորտը միաժամանակ։
«Մեծահասակների սրտաբանություն» մասնագիտության որակավորում ստացած սրտաբանները երեք տարիների կլինիկական օրդինատուրայի ընթացքում անցել են լիարժեք սրտաբանության դպրոցՙ տիրապետելով առաջնակարգ բժշկական սարքավորումներին, անսխալ ախտորոշելով հիվանդությունները, կատարելով ներսրտային հետազոտություններ։
Կենտրոնի ստեղծման առաջին տարիներից լինելով հաստատությունումՙ ուսուցման պրակտիկ դասընթացից զատ, նրանք կենտրոնի ձեւավորման ականատեսներից էին եւ առողջապահական այս կառույցի հիմնադրման առանձնահատկություններին տեղյակ լինելը շատ առումներով դրական ազդեցություններ գործեց նաեւ նրանց մտածողության վրա։
Այսօր կենտրոնի ուսուցման համակարգի տարբեր բաժիններում սովորում են բազմաթիվ տաղանդավոր երիտասարդներ (վիրաբուժականումՙ 6, մանկական սրտաբանություն մասնագիտությամբՙ 5, մեծահասակներիՙ 5)։
Կառույցիՙ ապագայում ինստիտուտ դառնալու բոլոր նախադրյալներն առկա ենՙ բարձրակարգ մասնագետներ, մտավոր ներուժ, էնտուզիազմ։
Նորավարտ մասնագետներին շնորհավորելովՙ կենտրոնի աշխատակիցները նրանց մաղթեցին ստացած գիտելիքներն ի սպաս դնել իրենց աշխատանքային պրակտիկայումՙ հետեւելով ՆՄԲԿ իրենց ուսուցիչների պրոֆեսիոնալիզմին եւ նվիրումին։
Մ. Բ.