Ասաց ամենաանարդյունավետ սեփականաշնորհման հեղինակ, Երեւանի կոնյակի գործարանի փոխտնօրեն Հրանտ Բագրատյանը
Երեկ Մամուլի ազգային ակումբի հյուրն էր նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը։ Առաջ անցնելով նշենք, որ նախկին վարչապետը ոչնչով չէր փոխվել։ Դարձյալ վերջին ճշմարտության հավակնող նույն պահվածքը, ամեն ինչ ասող եւ միաժամանակ ոչինչ չասող նույն խոսքը։ Բնականաբար, հանդիպման հիմնական թեման Հայաստանի տնտեսության վիճակն էրՙ այժմ եւ նախկին տարիներին։
Հրանտ Բագրատյանը նախ խոսեց սեփականաշնորհման մասին, ասաց, որ անկախ ամեն ինչից դա լավ բան է եւ անգամ նախկինում կատարված սեփականաշնորհումը «մատի փաթաթան» դարձրած մարդիկ դա ըմբռնել են։ Օրինակ բերվեց պետական գույքի կառավարման ներկայիս նախարարը, որը 1992 թ.-ին պահանջում էր դադարեցնել սեփականաշնորհումը։ Մինչդեռ նախկին վարչապետի հավաստմամբ, եթե այժմ տնտեսական աճ կա, ապա դրա 99,9 տոկոսը շնորհիվ 1994¬96 թթ.-երին (իր վարչապետության տարիներին) սեփականաշնորհված ձեռնարկությունների է։ Բնականաբար, չէինք կարող համաձայնել միամիտ մարդկանց (եթե այդպիսիք Հայաստանում մնացել են) համար ասված այս տեղեկատվությանը։ Մեր այն հարցին, թե ո՞ր ձեռնարկությունների մասին է խոսքը, քանի որ տնտեսական աճը հիմնականում ադամանդագործության, կապիտալ շինարարության եւ գյուղատնտեսության շնորհիվ է արձանագրվել, որոնք բոլորովին էլ Բագրատյանի վարչապետության արդյունք չէին, վերջինս պատասխանեց, որ ադամանդագործության աճին պետք է վերապահությամբ մոտենալ, որովհետեւ փոքր ավելացված արժեք է ստեղծում։ Նախկին վարչապետը հիշատակեց միայն սննդարդյունաբերությունը, շինանյութերի արդյունաբերությունը։
Հարկ ենք համարում հիշեցնել, որ այս ճյուղերում իսկապես արձանագրված աճը համախառն ներքին արդյունքի աճի միայն փոքր մասն է կազմում։ Այնուհետեւ, սննդարդյունաբերությունը եւ գյուղմթերքների վերամշակումը զարգացան վերջին 2¬3 տարիներին, շնորհիվ «Անդրե գրուպի», Համաշխարհային բանկի, Լինսի հիմնադրամի, ԱՄՆ գյուղդեպարտամենտի ֆինանսական եւ այլ կարգի աջակցության։ Այսինքնՙ դա տեղի ունեցավ ոչ Բագրատյանի օրոք։ Նույն հաջողությամբ կոմունիստները կարող են ասել, որ տնտեսական աճն իրենց իշխանության տարիներին ստեղծված ձեռնարկություններում է եղել։ Շինանյութերի արդյունաբերության աճն էլ հետեւանք էր կապիտալ շինարարության ծավալների աճի։ Եվ, ի վերջո, Հրանտ Բագրատյանը որեւէ խոսք չասաց իր վարչապետության տարիներին սեփականաշնորհված հարյուրավոր այլ ձեռնարկությունների մասին, որոնց գերակշռող մասն այլեւս երբեք չի աշխատի։ Օրինակՙ ինքնագոհության բարդույթ ունեցող վարչապետին հիշեցնենք, որ հաստոցաշինության, գործիքաշինության, էլեկտրասարքերի արտադրության շուրջ 150 բագրատյանական սեփականաշնորհում անցած ձեռնարկություններից 10¬15-ն է կիսատ-պռատ աշխատում, այն էլ վերջին տարիներին։
Մեկ այլ ցնցող հայտարարություն կապված էր սեփականաշնորհման ձեւի հետ։ Ըստ Հրանտ Բագրատյանի, նախկինում օրենքով սեփականաշնորհումից այժմ անցել ենք «կոնվենցիոնալ» սեփականաշնորհման, երբ կաբինետում է որոշվում, թե ում պետք է սեփականաշնորհվի ձեռնարկությունը։ Մեր այն հարցին, թե ինքն իսկապե՞ս կարծում է, որ բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն ավելի արդյունավետ է մրցույթով սեփականաշնորհումից, «Ազատություն» կուսակցության նախագահն ասաց, որ դրանք պետք է զուգահեռ լինեն։ Այնուհետեւ ավելացրեց, որ ինքը ոչ մրցույթի, այլ «կոնվենցիոնալ» ձեւի դեմ է։ Նախ նշենք, որ 1994¬96 թթ. «զուգահեռ» մրցույթով ոչինչ չի մասնավորեցվել։ Երկրորդ, դարձյալ հիշեցնենք, որ բագրատյանական բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ սեփականաշնորհման հետեւանքով հարյուրավոր ձեռնարկություններ քայքայվեցին, իսկ մրցույթով կամ ուղիղ վաճառքով մասնավորեցվածներից անհաջող օրինակները 1¬2-ն են։
Հրանտ Բագրատյանը երեկ մի քանի խիստ «ուշագրավ» հայտարարություններ եւս կատարեց։ Ըստ նրա, ղարաբաղյան հակամարտության կարգավորման պայմանագիրն, իր «անձնական կարծիքով», նախաստորագրված է, ինչի մասին կհայտարարվի ընտրություններից հետո։ Այնուհետեւ Հրանտ Բագրատյանը նշեց, որ «Արմենտելի» սեփականաշնորհման հեղինակը ներկայիս նախագահն է, եւ դա կատարվել է սահմանադրության կոպիտ խախտմամբ։ Ընդհանրապես «ամբողջ լուսավոր պատմությունը» եղել է «Արմենտելի»ՙ TWT-ի կողմից գնման ժամանակ։ Կամ, որ Հայաստանը կես կամ մեկ տարի հետո ցանկություն կհայտնի մտնել ՆԱՏՕ-ի մեջ։
Եվ, բնականաբար, չշրջանցվեց «շեֆի»ՙ նախկին նախագահ Լ. Տեր¬Պետրոսյանի անունը, որի առաջադրվելու դեպքում «Ազատությունը» կպաշտպանի նրան։ Այս ամենն ուղեկցվում էր բանախոսիՙ աջերի մեջ ամենաաջը, լիբերալների մեջ ամենալիբերալը լինելու անընդհատ հավաստիացումներով։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ