Ալիեւը նույնպես համոզված է, որ ավելի լավ է հանդիպել, քան չհանդիպել
Նոյեմբերի 21-ին Պրահա ժամանեց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ արտգործնախարարի եւ պաշտպանության նախարարի ուղեկցությամբ։ Տեղական ժամանակով ժ. 16։20-ին տեղի ունեցավ Քոչարյան-Ալիեւ հանդիպում, որը տեւեց մոտ 1 ժամ։ Հետո նախագահներին միացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ համանախագահների հետ հանդիպումից հետո երկու երկրների նախագահները հանդես եկան կարճ հայտարարություններով։ Հայաստանի նախագահը նշեց, որ հերթական միջազգային ֆորումը օգտագործվեց իրենց հանդիպման համար. «Ես դրական եմ գնահատում մեր զրույցը։ Չեմ կարող ասել, թե կոնկրետ արդյունքներ կան, բայց համոզված եմ, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում։ Եվ յուրաքանչյուր հանդիպմամբ մի փոքր քայլ է արվում։ Ժամանակը հիմա դժվարին է. երկու երկրներում սպասվում են նախագահական ընտրություններ»։
Հեյդար Ալիեւն իր հերթին, համաձայնելով Քոչարյանի գանահատականին, ավելացրեց, որ թեեւ այս հանդիպումներում շատ առաջ չեն գնում, բայց ավելի լավ է հանդիպումներ ունենալ, քան մնալ տեղում կանգնած։
Նախագահները ընդգծեցին նաեւ համանախագահների դերը, որ աջակցում են հարցի խաղաղ կարգավորմանը։ Այսօր նախագահները կմասնակցեն պաշտոնական համերգին եւ ճաշկերույթին, իսկ վաղը ելույթ կունենան Եվրատլանտյան փոխգործակցության խորհրդում։
ՀՀ նախագահը կհանդիպի նաեւ Ֆրանսիայի եւ Վրաստանի նախագահների հետ։
ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա