«Ղարաբաղյան հակամարտության ուսումնասիրությամբ պետք է առանձին ինստիտուտներ զբաղվեն եւ ոչ թե սոսկ անհատներ։ Այդ գիտակցությունը դեռ արմատավորված չէ մեզանում, չի վերածվել պետական մտածողության»։ Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի միությունում օրերս տեղի ունեցավ պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանի «Ղարաբաղյան հակամարտությունը հիմնարար հասկացություններում եւ ընտրված թեմաներ մանրամասն ներկայացմամբ» գրքի եւ ինտերնետային էջի շնորհանդեսը։ Ղարաբաղյան հակամարտության ուսումնասիրությամբ զբաղվող անվանի պրոֆեսորն իր դիտարկումներն ու վերլուծությունները կատարում է հիմնականում իրավական փաստարկների հիման վրա։ Խնդիրն այն է, որ հակամարտությունն ի սկզբանե քաղաքականացվել է, որին նպաստել են Հայաստանի առաջին հանրապետության ղեկավարները։ Խոշոր պետություններն, անշուշտ, իրենց շահերն են հետապնդում, բնական է, որ խնդրի քաղաքականացումը ձեռնտու է նրանց։ Իսկ ի՞նչ քաղաքականություն է մշակում մեր պետությունը, դիվանագիտական ի՞նչ խողովակներ է առաջարկում, քարոզչական պատերազմում ինչպե՞ս է դիմակայում իրավական փաստարկների կեղծմանն ու նենգափոխմանը։ Պրոֆեսորը վճռորոշ դեր է հատկացնում իրավական փաստարկներին, քանզի ղարաբաղյան խնդրի ցանկացած լուծում ստանալու է իրավական տեսք, հետեւապես պետք է պատրաստ լինենքՙ մեր ձեռքի տակ ունենալով հակափաստարկներ։ Ադրբեջանցիների բոլոր փաստարկներն իրավական փաստերի գրեթե չեն անդրադառնում։ Շատերին զարմանք է պատճառել պրոֆեսորի միտքը, թե Նախիջեւանն օկուպացված է Ադրբեջանի կողմից, մինչդեռ իրավունքի տեսակետից դա ճշմարտություն է։ Ժամանակին համընթաց փոխվում են հարցադրումները, խնդրի քարոզչական կերպարը։ Պրոֆ. Մանասյանի ողջ գործունեությունն ուղղված է իրավական փաթեթների հստակեցմանն ու ձեւավորմանը։ Համոզվելով, որ իր գրառումները ճիշտ նպատակակետին չեն հասնում, նա գրեց «Ղարաբաղյան հակամարտությունը հիմնարար հասկացություններում» հոդվածը, որն այնուհետեւ մշակեց եւ ընդարձակեցՙ ընդգրկելով այն բոլոր փաստարկներն ու փաստաթղթերը, որոնց իմացությունը պարտադիր է խնդրով զբաղվողների եւ առհասարակ յուրաքանչյուրի համար։
Կարեւորագույն հասկացություններն ու թեմաները ծավալեց եւ ստեղծեց 2 մասից բաղկացած նոր գիրքը։ Նրա կարծիքով, առաջին մասն ընդարձակելով, կարելի է դարձնել փոքրիկ հանրագիտարան։ Երկրորդ մասում տեղ են գտել ընտրված թեմաներն ավելի լայն, ծավալուն շարադրանքով, ղարաբաղյան հակամարտության ռազմաքաղաքական ժամանակագրությունը։ Վերջինը, ըստ պրոֆեսորի, չափազանց բարդ հարց է եւ լրացուցիչ քննարկումների ու պարզաբանումների կարիք է զգում։ Հատուկ կառավարման համակարգի մասին շարադրանքում նշվում է, որ այդ կարգավիճակը Ղարաբաղը ստացել է խորհրդային ժամանակաշրջանում։ Այսինքնՙ դեռեւս ԽՍՀՄ փլուզումից առաջ Ղարաբաղը դե ֆակտո դուրս է բերվել Ադրբեջանի ադմինիստրատիվ հսկողությունից ու ենթակայությունից, նրա բոլոր ձեռնարկությունները վերաենթարկվել են Հայաստանին եւ Ռուսաստանին։ Պրոֆ. Մանասյանը տեսակետ հայտնեց, որ առաջ քաշելով «Ազատ, անկախ ու միացյալ Հայաստան» կարգախոսը, ընդհարվել ենք մի խնդրի, որն արդի փուլում խանգարում է։ Թուրքիան, օրինակ, պետություններ է ստեղծում Ադրբեջանում, Կիպրոսում, որովհետեւ անկախ պետություն ստեղծելն ավելի հեշտ է, քան միացնելը։ Այսօրվա իրավական դաշտում «միացում» բղավելով որեւէ պետություն հաջողություն չի ունենա։ Չուսումնասիրելով թուրքական փորձը, չունենալով հմուտ միջազգայնագետներ եւ իրավաբաններ, ղարաբաղյան շարժումը ենթարկեցինք ճնշման։ «Միացման ամենակարճ ճանապարհն անկախությունն է», եւ միջազգային արդի իրավիճակում Ղարաբաղը պետք է դարձնել տարածաշրջանային կայունության գործոն եւ այդ քարոզչությամբ հանդես գալ աշխարհում։ Գրքի ինտերնետային էջը հնարավորություն է ընձեռում ավելի հանգամանալից ծանոթանալ հոդվածներին ու նաեւ շփման մեջ մտնել հեղինակի հետ. http//iatp.r.am./grans/artsakh/։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ