«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#212, 2002-11-20 | #213, 2002-11-21 | #214, 2002-11-22


ԳՐԻ ՈՒ ԳՐՔԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԸ ԴԵՌ ՉԻ ՄԱՐԵԼ

Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում երեկ հավաքվել էին գրադարանի բարեկամներըՙ գիր սիրող, գիրք նվիրաբերող մարդիկ։ Երեք տարի առաջ սկսված բարեգործական նվիրատվությունների շնորհիվ գրադարանը վերապրեց ու գրադարանավարներին հավատ ներշնչեց, որ մերօրյա նյութի ու գրի անողոք պայքարում հաղթելու է գիրը եւ չի լինելու ոգու սով։

Գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը երախտագիտության ջերմ խոսքեր հղեց ներկաներինՙ ցանկանալով, որ բարեգործների նվիրումը դառնա պետական քաղաքականություն եւ գրքերից ու թերթերից զրկվելու պատճառով գրադարաններ չփակվեն։ Նա մեկ առ մեկ կարդաց նվիրատուների անուններըՙ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա, Ժանսեմ (նվիրել է իր 12 ալբոմները), Հր. Թամրազյան, Վարազդատ Հարությունյան, Արարատ Գոմցյան, Ամալյա Գաբրիելյան, Ռիմա Դեմիրճյան եւ այլք։ Երեկ առավոտյան, մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի դուստրըՙ Ռուզան Սարյանը, գրադարանին նվիրեց «Սարյանի նամակները» գիրքը։

Ինչպես եւ ակնկալում էր գրադարանի տնօրենը, միջոցառմանը հրավիրված ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանը ներս մտավ գրքերի կապոցը ձեռքին։ «Այս օջախը սուրբ է, քանի որ կրում է Ավ. Իսահակյանի անունը եւ շատ այցելուներ ունի։ Նոր գիրք տպագրելիս, անպայման նվիրում եմ գրադարանին»։ Երեկվա նվիրատվության մեջ էին «Բոսֆորի եւ Մարմարայի ափերով» ողբերգությունը, «Ով է, որտեղից է գալիս», «Բանտի հուշերը» (հայ մտավորականը թուրքական բանտում), Մկրտիչ Խերանյանի «Ձայն տուր, ով ծովակ», «Աշխարհի ճանապարհներով», իր հուշերըՙ «Կյանքի քառուղիներով» եւ «Արվեստակից ժամանակակիցներս», ինչպես նաեւ ճարտարապետ Մանվել Սաֆարյանի եւ Կաճար Թերլեմեզյանի գործունեությունների մասին պատմող գրքերը եւ ճարտարապետության վերաբերյալ երկու դասագիրք։ Վաստակաշատ գրադարանավար Նինել Ոսկանյանը ներկաներին պատմեց, որ իր գրքերի մեծ հավաքածուն գրադարաններին նվիրաբերելը շատերին զարմանք է պատճառել, մինչդեռ, իր համոզմամբ, մեզանից յուրաքանչյուրը գեղարվեստական գրքին կարող է անդրադառնալ մեկ-երկու անգամ, իսկ գրադարաններում այդ գրքերը դառնում են ժողովրդի սեփականությունը, ձեռքից-ձեռք անցնում։ Նա ցավով նշեց, որ փողոցներում չնչին գումարով գրքեր վաճառողները գիտության դոկտորներ են եղել, որոնք այսօր չեն կարողանում իրենց գոյությունը պահպանել։ «Գիրք սիրողը փող չունի, փող ունեցողին գրքեր պետք չեն»։

Գրադարանի սրահում ցուցադրված էին նվիրատրված գրքերը։ Միջոցառումն ուղեկցվեց երիտասարդ երգիչների կատարումներով, հնչեցին հայկական ռոմանսներ, արիաներ։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4