Երեկ Երեւանում բացվեցին էլեկտրոնային ապրանքների երկու նոր վաճառասրահներ։ Առաջիննՙ Աբովյան-19 հասցեում JVC հանրահայտ ընկերության մասնագիտացված խանութն էր, որտեղ այսուհետեւ վաճառվող ընկերության արտադրության հեռուստացույցները, երաժշտական կենտրոնները, նկարահանման խցիկները եւ այլ տեսականին ունենալու են ֆիրմային սպասարկում։ JVC-ի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Յոշիկազու Յամամոտոն, անդրադառնալով այս իրադարձությանը, նշեց, որ Հայաստանն իրենց գնահատմամբ արագ զարգացող երկիր է, եւ իրենց գործունեությունն այստեղ եւս պետք է լինի զարգացող։ Այդ պատճառով էլ որոշվել է բացել այս վաճառասրահը։
Հաջորդը մայրաքաղաքի բնակիչներին քաջ հայտնի նախկին «Օրբիտա» համալիրն էր Մաշտոցի պողոտայի եւ Ամիրյան փողոցի հատման վայրում, որը երեկվանից դարձավ «Արայ» էլեկտրոնային ապրանքների առեւտրով զբաղվող ընկերության 5-րդ եւ ամենաընդարձակ խանութը։ Ընդարձակ լինելու, ապրանքներն ավելի ճիշտ ցուցադրելու ու մատուցելու այս վաճառասրահի առավելություններն ընդգծեց նաեւ ընկերության նախագահ Արա Պետրոսյանը։ Երբ նրան հիշեցրինք 2 տարի առաջ «Արայ» նոր հեռուստացույցների ներկայացման ժամանակ արտահայտած այն միտքը, որ իր բիզնեսը Հայաստանում շահութաբեր չէ եւ անկում է ապրում, Արա Պետրոսյանն ասաց, որ նոր խանութի բացումը պայմանավորված է պահանջարկի աճով։ Նա փաստեց, որ անցած 2 տարվա ընթացքում շահութաբերությունն ավելացել է, հակառակ դեպքում ներդրումներ չէին կատարվի եւ նոր վաճառասրահ չէր բացվի։ «Արայի» նախագահը դժգոհեց միայն վերջին 3¬4 ամիսներին ներմուծվող էլեկտրոնիկայի մաքսանենգության դեպքերի աճից։ Նրա հավաստմամբ, իրենց վաճառած ֆիրմային արտադրանքն այստեղ տեսնում ենք ավելի ցածր գներով, ինչն անհնար է։ Այդուհանդերձ, երեկվա մթնոլորտը տոնական էր ե՛ւ «Արայի» նախագահի, ե՛ւ նրա գործընկեր JVC ընկերության ներկայացուցիչների համար, ու վերոնշյալ խնդրի գոյությունն այդ մթնոլորտը չխաթարեց։
Ա. Մ.