«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#212, 2002-11-20 | #213, 2002-11-21 | #214, 2002-11-22


ՄՏԱԾՎԱԾ «ԻՆՔՆԱԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ» ՀՐԱՊԱՐԱԿՎԵՑ, ԻՍԿ ԲՈՋՈԼՅԱՆԸ ԴԱ ՈՐԱԿԵՑ «ԼԵԳԵՆԴ»

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը երեկ շարունակեց լրտեսության մեջ մեղադրվող Մուրադ Բոջոլյանի դատավարությունը։ Հրապարակվեցին Բոջոլյանի նախաքննական ցուցմունքները, որոնցից, ի դեպ, մեղադրյալը հրաժարվել է դատական գործընթացի հենց սկզբից։

Համաձայն Մուրադ Բոջոլյանի նախաքննական ցուցմունքների, Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ իր կապը սկսվել է 2000 թ.-ի հունիսից, երբ ինքը գտնվել է Թուրքիայումՙ աշխատանք որոնելու մտադրությամբ։

Մինչեւ նշված ժամանակն էլ, ըստ Բոջոլյանի, նման համագործակցության մի շարք առաջարկություններ են եղել, որոնք մերժվել են իր կողմից։ Եվ, սակայն, 2000 թ.-ի մայիսին, մեկնելով Թուրքիա եւ, ըստ ցուցմունքի, աշխատանք որոնելով, Մուրադ Բոջոլյանը հորաքրոջ որդի Մուրադ Իշլերից լսում է, որ մարդիկ կան, որոնց հարմար կլիներ, եթե Բոջոլյանը մնար Հայաստանում։ Իհարկե, Բոջոլյանի Հայաստանում մնալու նպատակահարմարությունն ինքնանպատակ չէր, քանի որ Հայաստանից տեղեկություններ տալու դեպքում կլինեին համապատասխան գումարային վճարումներ։ Տեղեկությունները, մասնավորապես, պիտի վերաբերեին Հայաստանի ներքաղաքական վիճակին, արտաքին քաղաքականությանը, ռազմական իրողություններին։

Այնուհետեւ Բոջոլյանը նախաքննական ցուցմունքներում նշում է, որ 2000 թ.-ի հունիսին կայացել է իր առաջին հանդիպումը ՄԻԹ-ի աշխատակիցներ Թոլունայի եւ Նյուսրեթի հետ։ Ծանոթացել են, եւ այդ ընթացքում Բոջոլյանն, ըստ իր իսկ ցուցմունքի, գլխի է ընկել, որ իր հետ հանդիպողները Թուրքիայի գաղտնի ծառայությունների աշխատակիցներ են եւ, ըստ այդմ էլ, մերժել է հայտնել որեւէ տեղեկություն ի վնաս Հայաստանի։

Բոջոլյանի բացատրությամբ, նման մարդկանց հետ հանդիպելու իր ցանկությունը պայմանավորված է եղել իր ծանր (պարտքերի առատությամբ բնութագրվող-Ա. Հ.) ֆինանսական վիճակով։ Ուստի, հանդիպման ժամանակ էլ, սեփական խոսքերով, Բոջոլյանը համաձայնել է տեղեկատվություն տալ, բայց ոչ ռազմական։

Ինչեւէ, առաջին հանդիպումն ավարտվում է 500 դոլար վճարելով, որի դիմաց Բոջոլյանը համարժեք ստացական է ստորագրում։ Հետաքրքրական է, որ սկզբնապես տեղեկատվության դիմաց 5¬7 հազար դոլար ստանալու պահանջ ներկայացնող Բոջոլյանը, ըստ ցուցմունքի, համաձայնում է առաջարկվածին։

Հետագա 5 հանդիպումները կայացել են 2000 թ.-ի սեպտեմբերին, 2001 թ.-ի հունվարին, ապրիլին, հուլիսին եւ հոկտեմբերին։ 2000 թ.-ի սեպտեմբերին եւ 2001 թ.-ի հունվարին Բոջոլյանը ստանում է 1000-ական դոլար, հետոՙ 2250-ական։

Նշված 6 հանդիպումների ընթացքում Բոջոլյանը հանդիպում է ոչ միայն Նյուսրեթի եւ Թոլունայի, այլեւ, ըստ ցուցմունքի, նրանց ղեկավար Գյուրչի, նաեւ մեկ այլ աշխատակից Գյուլայի հետ։ Բոջոլյանը ՄԻԹ-ի աշխատակիցներին ընդհանուր առմամբ տրամադրում է տեղեկություններ, որոնք հավաքում է թերթերից։

Սա էլ դժգոհություն է առաջացնում նման տեղեկատվության դիմաց վճարողների կողմից, եւ նրանք, մասնավորապես Թոլունայը մի ցուցակ է ներկայացնում։ Ըստ այդ ցուցակի, ՄԻԹ-ին հետաքրքրել են ռազմական տվյալներ. Հայաստանում եւ Արցախում զորքերի դիրքավորման, ռազմական օդանավակայանների, ինքնաթիռների, հրթիռների, զենքերի, հակաօդային ուժերի, լազերային զենքի, ՔԲԿ-ի եւ շատ այլ բաների մասին։

Եվ որպեսզի, ինչպես Բոջոլյանը նշել է ցուցմունքում, կարողանա մտապահել այդ ցուցակի հատուկ տերմինները, Բոջոլյանը կապույտ թղթի վրա նշումներ է կատարում։ Այդ «թուղթը» առկա է գործում։

ՄԻԹ-ի հետ հանդիպումների ժամանակ ստացված գումարների մի մասը Բոջոլյանը ծախսում էՙ փորձելով առեւտուր անել։ Ճամպրուկային առեւտուր անելու առաջարկ է անում նաեւ Նյուսրեթը, ասելով, որ այդ կերպ կարդարացվեն հաճախակի այցելությունները Թուրքիա, նաեւ լրացուցիչ եկամուտ կլինի։

2001 թ. հոկտեմբերին Թուրքիա կատարած վերջին այցի ժամանակ Բոջոլյանը կրկին դժգոհություն է լսումՙ արդեն հրապարակված նյութեր տանելու կապակցությամբ։

Ըստ Բոջոլյանի նախաքննական ցուցմունքների, տպավորությունն այնպիսին էր, կարծես Բոջոլյանը փորձել է գումար վաստակել, մեղմ ասած, խաբելով ՄԻԹ-ին։

Սակայն, միեւնույն ժամանակ, անհասկանալի է, թե ինքնազրպարտություն որակվող խոստովանությամբ ինչու է նույն Բոջոլյանի կողմից զրպարտվում (կամ գուցե բացահայտվում) իր հորաքրոջ որդինՙ որպես ՄԻԹ-ի հետ կապեր ունեցող։

Նույն կերպ անհասկանալի է, թե Բոջոլյանի հետ հանդիպումները ինչու են եղել բացահայտ, «աշխատանքի կոպիտ ձեւերով» (Մուրադ Բոջոլյան)։

Հրապարակումների ավարտին ամբաստանյալը նշեց, որ այդ ցուցմունքները ճիշտ չեն։ Դրանք հորինված են, պարզապես կապված են իրական մարդկանց հետ։ Իսկ հորինվել ենՙ կնոջը փրկելու համար։

Դատավարությունը կշարունակվի այսօր։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4