Մեր ունկնդիրները նաեւ ձեր ընտրողներն են, ասաց «Ազատություն-Ազատ Եվրոպա» ռադիոկայանի նախագահ Թոմ Դայնը Հայաստանի նախագահին
Հակոբ Ասատրյան, «Օրեր», Հատուկ «Ազգի» համար, Պրահա
ՆԱՏՕ-ի գագաթաժողովը պատմական էր, քանի որ մի շարք փաստաթղթեր ընդունվեցին, որոնք նախանշում են ՆԱՏՕ-ի հետագա գործունեությունը։ Այս հայտարարությունն արեց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյաննՙ երեկ Պրահայում «Ազատություն -Ազատ Եվրոպա» ռադիոկայանի լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ավելացնելով, որ դրանք իրենց նշանակությունը կունենան նաեւ տարածաշրջանի վրա, այդ թվում Հայաստանի արտաքին քաղաքականության վրա։ Բայց նախագահի կարծիքով, ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը չի դրված Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում։
Նոյեմբերի 22-ի առավոտյան Եվրատլանտյան գործընկերության խորհրդի անդամ երկրների ղեկավարների նիստում ելույթ ունեցավ նաեւ Հայաստանի նախագահը, որն իր 3 րոպեանոց անգլերենով կարդացված ելույթում հիմնականում կարեւորեց ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցությունը, սեպտեմբերի 11-ից հետո իրականացվող հակաահաբեկչական գործողությունները եւ Հայաստանի դիրքորոշումըՙ ներդրում ունենալ հակաահաբեկչական կոալիցիայում։
Նախագահը նշեց նաեւ, որ Հայաստանը խորացնում է իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ։ 2003 թվականին առաջին անգամ Հայաստանում պետք է ՆԱՏՕ-ի զորավարժություններ անցկացվեն։ Այդ նպատակով արդեն իսկ ստեղծվում է խաղաղարար գումարտակ միջազգային խաղաղապահ ծրագրերին մասնակցելու համար։ Նախագահը ողջունեց նաեւ Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների սերտացումը, համարելով որ դա դրական նշանակություն կունենա նաեւ Հայաստանի համար։ Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ապա նա «մասնակից պետությունների անվտանգությունն ապահովող համակարգից վերածվում է ընդհանուր արժեքների գոտին պահպանող համակարգի»։
Անդրադառնալով ղարաբաղյան խնդրինՙ նախագահն ասաց. «Նման կարգավորումը պահանջում է, որպեսզի բոլոր կողմերը ճանաչեն եւ հետազոտեն հիմնահարցի արմատները եւ ոչ թե դրա հետեւանքները։ Եթե Ադրբեջանն ընդուներ կարգավորման առաջարկը, արդեն այսօր խաղաղ համաձայնագիրը մասամբ իրագործված կլիներ»։
Այսօր ՀՀ նախագահը 35 րոպեանոց հանդիպում ունեցավ նաեւ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ, որից հետո. պատասխանելով մեր հարցին, նշեց, թե քննարկել են երկկողմ հարցեր եւ Ղարաբաղի խնդիրը։ Հանդիպման արդյունքներից նախագահը գոհունակություն հայտնեց։ Վրաստանի նախագահի հետ հանդիպումը չկայացավ։
Պրահայից մեկնելուց առաջ Հայաստանի նախագահը ժամանեց «Ազատություն-Ազատ Եվրոպա» ռադիոկայան, ուր նրան դիմավորեցին ռադիոկայանի նախագահ Թոմ Դայնը եւ հայկական ծառայության նորանշանակ տնօրեն Հրայր Թամրազյանը։
Ռադիոկայանի նախագահն ու ՀՀ նախագահը հուշանվերներ փոխանակեցին, որից հետո Ռոբերտ Քոչարյանը մակագրեց պատվո հյուրերի գրքում։
Այնուհետեւ նախագահական պատվիրակությունը եղավ հայկական ծառայությունում։ Ռոբերտ Քոչարյանն ուղիղ եթերում հարցազրույց տվեց, մասնակցեց մամուլի ասուլիսին։ Ողջունելով նախագահ Քոչարյանինՙ «Ազատության» նախագահը նշեց, որ տոկոսային հարաբերությամբ ռադիոկայանի բոլոր ծառայությունների մեջ, իսկ դրանց թիվը հասնում է 25-ի, հայկական ծառայությունը գրավում է առաջին տեղը ունկնդիրների թվով։ Այնպես որ. «Մեր ունկնդիրները նաեւ ձեր ընտրողներն են», ասաց ռադիոկայանի նախագահ Թոմ Դայնը։ Իր հերթին Ռոբերտ Քոչարյանը շնորհակալություն հայտնեց ռադիոկայանին։ «Լեգենդար պատմություն ունի, ասաց նա, եւ իր ներդրումն ունի այն հանգամանքում, որ մենք ունենք անկախ պետականություն եւ այդ հանգամանքից ելնելով է, որ միայն բարեկամություն ենք ուզում անել։ Շնորհակալություն հրավերի համար»։
«Խոսքի ազատությունը նորաստեղծ պետության համար կարեւորագույն խնդիրներից մեկն է, ժողովրդավարություն ձեւավորելու առաջին անհրաժեշտ պայմանը։ Իհարկե, մենք անցումային շրջանում գտնվող երկիր ենք, եւ ամենադժվարը մարդկանց մտածելակերպի փոփոխությունն է։ Եվ համոզված եմ, որ այս գործընթացը ճիշտ ուղու վրա է Հայաստանում»։
Պատասխանելով մեր այն հարցին, թե ինչ փոփոխությունների է ենթարկվելու իր նախընտրական ծրագիրը, նախագահը շեշտեց, որ բավականաչափ տարբեր կլինի այդ ծրագիրը։ 1998 թվականին այլ խնդիրներ են եղել, այսօր մի քիչ այլ են, ասաց նա։ Հայաստանն այդ ընթացքում դարձել է Եվրախորհրդի անդամ, երկու օր առաջՙ Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ։ Դա նշանակում է, որ միջազգային հանրությունը ընդունում է Հայաստանում գոյություն ունեցող շուկայական հարաբերությունները, եւ դա նշանակում է, որ հաջորդ հինգ տարիների ընթացքում պետք է փոխվեն բարեփոխումների որակը, ծավալը եւ հարթությունը, պետք է գործենք ավելի նուրբ։ Նախընտրական ծրագրի վրա դեռեւս աշխատում են, հետեւաբար Ռոբերտ Քոչարյանը չցանկացավ ավելի մանրամասնել։
Հանդիպումից հետո հայկական պատվիրակությունը մեկնեց Երեւան։