«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2002-11-21 | #214, 2002-11-22 | #215, 2002-11-23


«ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՄ ՆԵՐՔԻՆ ԱՊՐՈՒՄՆ Է»

Դիմաստվերներ ըստ Երվանդ Ազատյանի

Սփյուռքահայ հայտնի մտավորական Երվանդ Ազատյանը հաճախ է այցելում հայրենիք եւ հայանպաստ գործունեություն ծավալում նաեւ այստեղ։ «Ազգ» օրաթերթի իր հաճախակի հրապարակումներով նա ընթերցողին է ներկայացել կուսակցական, միջազգային, ազգային-հասարակական ամենատարբեր հարցերով մտահոգ մտավորականի կերպարով։ Երվանդ Ազատյանի հետ զրուցելիս աննկատ չի կարող մնալ արվեստի նկատմամբ առանձնահատուկ սեր եւ հետաքրքրություն ունեցող անձը, մանավանդ երբ ընկնում է խոսքի իր տարերքի մեջ, եւ բառերի աշխարհը նրան ներհայելու հնարավորություն է տալիսՙ տեղափոխելով ներքին մի տարածք, որի տիրույթներում նա մոռացության կարող է մատնել ժամանակը (որն այնքան չի հերիքում բոլորիս)։ Այդ տիրույթը գրականությունն է. «Այո՛, գրականությունն իմ ներքին ապրումն է։ Ինձի համար չկա ավելի մեծ վայելք, քան գրական երկի մը ընթերցումը. մասնավորաբար բանաստեղծության»։ Երվանդ Ազատյանը պասիվ ընթերցող չէ անշուշտ, իր գրականագիտական վերլուծող-պրպտող մտքի արգասիքն է «Գրական գեղարվեստական սեւեռումներ» հոդվածների ժողովածուն, որ ընդգրկում է սփյուռքահայ եւ հայրենի մի շարք գրողների (Վահան Թեքեյան, Զարեհ Մելքոնյան, Վիլյամ Սարոյան, Հակոբ Օշական, Շահան Շահնուր, Վահագն Դավթյան եւ ուրիշներ) ստեղծագործությունների լուրջ մեկնաբանություններ։ Մեր զրույցի ընթացքում նա բաց էր իր ներաշխարհի առաջՙ բանաստեղծության, արվեստի նկատմամբ ունեցած սիրով։ Գրական ընթացքին հետեւելն իր համար անհրաժեշտություն է։ Բազմազբաղ առօրյայի մեջ այդ բացը լրացնում է ամեն շաբաթ կանոնավոր առաքվող «Լոնդոն թայմս» թերթի գրական հավելվածը, որը համաշխարհային դասական եւ ժամանակակից մշակույթի մասին ոչ միայն տեղեկություններ, նաեւ խորը վերլուծություններ է բովանդակում, ինչպես եւ միջազգային գրական շարժումների, արվեստի ուղղությունների վերաբերյալ բազմազան հրապարակումներ։ «Ամեն տեսակ արվեստներ կան քեզ տպավորելու համար, պահանջարկը կա, գնողը կա, մարդիկ ալ կան, որ սնոբիզմի համար այդ արվեստը կգնեն, սնոբիզմով կարհամարհեն հասարակության կարծիքը, բայց բոլոր մարզերու մեջ ալ տեւականը, մնայունը դասականն է։ Անվերջ Մոլիեր, Շեքսպիր կներկայացվի, Բեթհովեն կլսեն»։

Գրականությունը, արվեստն առհասարակ ժամանակի արտացոլանքն է, ժամանակակից արվեստը թվում է երբեմն արտառոց, անընկալելի, սակայն իրականում մեր ապրած ժամանակի գեղարվեստական խտացումն է եւ արտացոլումը (այն, ինչ սովորական աչքը չի նկատում)։ Իմ զրուցակիցն այն կարծիքին է, թե «Ամերիկայի եւ Արեւմուտքի մեջ հասարակությունը կիգանա։ Այր մարդիկ իրենց առնականությունը կկորսնցնեն, կիներըՙ իրենց իգականությունը։ Թատերական շատ գործերու մեջ կնոջ եւ տղամարդու անհամադրելի վիճակն է ներկայացված, տղամարդու եւ կնոջ չկայացած հարաբերություններ, ուր անարգանք կա միմյանց նկատմամբ, անբերրիության հարցը կա, տղամարդը անկատար, անզոր, կինը սատանայական կներկայացվի, ուրուրի պես մարդը կբզկտե, ինչ որ մարդու եւ կնոջ բնական հարաբերություններեն դուրս ելած է» (Թենեսի Ուիլյամս, Օգյուստ Սթրինդբերգ, Գարսիա Լորկա)։

Արվեստի նկատմամբ ընդգրկուն հայացք ունենալով եւ լինելով դասական արվեստը բարձր գնահատող, Ե. Ազատյանը փորձում է հասկանալ մշակույթի գերարդիական դրսեւորումները նաեւ, դրանց հոգեբանական, ընկերային դրդապատճառները։

«Գրականությամբ կզբաղիմ երբեմն պարտադրանքի տակ, երբեմն ալ հաճույքով», ասում է նա։ Մեր զրույցի ժամանակ Երվանդ Ազատյանը կատարեց գրական անդրադարձներ, տվեց անուններ, իր տպավորությունները հայտնեց սփյուռքում եւ Հայաստանում ապրող գրողների մասին։ Փորձենք ներկայացնել առանց որեւէ ընդհանրացումների։

Սփյուռքահայ գրողներ

Լեւոն-Զավեն Սյուրմելյանը (ԱՄՆ) «Հարց կուտամ ձեզի, տիկնայք եւ պարոնայք» գիրքին մեջ իր ամբողջ կյանքը ներկայացուցած է շատ հարազատ կերպով։ Ասիկա մեզի համար երեւույթ է, բայց ամերիկյան գրականության համար չեմ կարծեր։ Սյուրմելյանը «Լոյս զուարթ» բանաստեղծություններու ժողովածու մը ունի, ես անոր հայերենեն հիացած եմ։ Թեքեյանի խնամքին տակ աճած (19 տարեկանին գրած է) եւ Թեքեյանի հոգեզավակ նկատված է։ Հրաշալի քերթողություն է, բայց չէ շարունակած։

Վիլյամ Սարոյան (ԱՄՆ)¬ Իրեն ես հանդիպած եմ Վաշինգտոնի մեջ. ամերիկյան Կոնգրեսի մեջ ընդունելություն մը կար. միասին հոն գտնվեցանք։ Ըսի իրեն. «Պրն Սարոյան, բոլոր այն գործերուն մեջ, ուր դուք ունիք հայու տիպարներ, շատ ծիծաղելի կերպով կներկայացնեք զանոնք։ Ընթերցողը հայուն հանդեպ համակրանքով չէ, որ կլցվի, իսկ այն գործերուն մեջ, ուր հայու անունը չկա, շատ ավելի հայկական ոգի կա։ Օրինակՙ «Քարանձավի բնակիչները»։ Այս գործին մեջ բնավ հայու մասին խոսք չկա, բայց հայկական վեհանձնությունը, ամբողջ հայոց պատմության ողբերգությունը այդտեղ է։ Ճիշտ Սարոյանի կռփամարտիկն է հայությունը, որ ճակատագրական պահուն սպանել չի գիտեր, ի՛նք կսպանվի եւ ազգովին ոտնակոխ կըլլա։

Սարոյան ըսավ. «Դուն ինչո՞ւ գրականության պրոֆեսորի պես հետս կխոսիս։ Դուն գրականության պրոֆեսո՞ր ես»։ Չէՙ ըսի, պրոֆեսոր չեմ»։

Պիտեր Բալաքյան (ԱՄՆ)¬ Շատ լավ բանաստեղծ է, վերջերս թարգմանեց Սիամանթոյի «Կարմիր լուրեր բարեկամէս» շարքը, եւ լավ ընդունվեցավ։ Հիմա մոդայիկ է Ամերիկայի մեջ հուշագրությունը, երիտասարդներն անգամ հուշեր կգրեն։ Իր «Ճակատագրի սեւ շունը» հուշագրություն էՙ ցեղասպանության անդրադարձով։

Մայքլ Առլեն Կրտսերն էր (ԱՄՆ), որ «Անցք դեպի Արարատ»-ը գրեց եւ Հայոց ցեղասպանության մասին լռության պատը փլեց։ Չեմ կրնար ըսել, թե Սյուրմելյանը այդքան ազդեցություն ունեցավ ամերիկյան ասպարեզին վրա։

Պիտեր Նաջարյանը (ԱՄՆ) գրած է «Ճամփորդություններ» գիրքը, շատ արդիական ոճով մը։ Անտուն մեկը իր հիշողության մեջ մեծ մոր, հորաքրոջ ջարդը, գաղթը, բռնաբարումները արդիական կոնտեքստով կդիտե։ Բան մը, որ ամերիկացի երիտասարդը շատ դյուրությամբ կընկալե, կըմբռնե այդ տիպի գրականությունը։ Իրականութենեն երազի սահմանը կանցնի։

Ժան-Ժակ Վարուժանը (Ֆրանսիա) ամենեն աբսուրդ գրողներեն մեկն է, մոտ 150 պիես գրած է, բոլորին մեջն ալ հայկական բան մը կա։ Օրինակ, իր պիեսներեն մեկը կկոչվի «Chaqun pleure son Garabed» («Ամեն մեկը իր Կարապետը կուլա»), որուն մեջ ոչ մեկ հայկական բան կա։ Բայց... Բարեկամ մը օր մը ինձի ըսավՙ հայկական որեւէ սիմվոլ չեմ տեսներ հոս։ Ըսիՙ այստեղ մեռած կին մը կա սենյակին մեջ, ամեն մարդ կանցնի, կկոխկրտե, ադիկա Մայր Հայաստանն է, ենթատեքստով կխոսի։

Հակոբ Խաչիկյանի (Կանադա) «Անարշալույս ամառ մը» ամբողջությամբ ցեղասպանության մասին է։ Գրած է կանադացի հայտնի վիպագրի մը հետ, ֆրանսերենով (պատճառն ան է, որ ֆրանսական հրատարակչական ընկերություն մը իրեն առաջարկած է այդ նյութը գրել)։ Հետո անգլերենի, գերմաներենի, ռոմաներենի, հունարենի թարգմանված է։

¬ Պրն Ազատյան, որքանո՞վ կարող են նպաստել ցեղասպանության հարցի միջազգայնացմանը 1915-ի ողբերգությանՙ գրականության, արվեստի միջոցով անդրադարձները։ (Այդ նույն նպատակն է հետապնդում Ա. Էգոյանի «Արարատ» ֆիլմը)։

¬ Շատ կնպաստե, որովհետեւ եթե մենք ելլենք եւ քարոզչական կերպով ներկայացնենք մեր հարցը, բնական հակազդեցություն կստեղծե, բայց եթե արվեստի միջոցով կատարվի, ավելի ազդեցիկ կըլլա։ Ինչպես հրեաները կընեն. ուրկե ուրՙ կբարձրացնեն իրենց հարցը։

Բանաստեղծներ Դայանա Տեր-Հովհաննիսյան, Գրեգորի Ջանիկյան վաղուց հայտնի անուններ են։

Վիգեն Բերբերյան (ԱՄՆ) վեպ մը տպած էՙ «Հեծանիվը», հայկական ոչ մեկ նյութ կա մեջը։ Տեռորիստի կերպար կներկայացնե, որ հանդիսության ընթացքին ռումբ մը պիտի տեղադրե, ինք հեծանիվի վրա է, կենսասեր մեկն է (աղջիկ կա, որուն սիրահարված է, ուտել կսիրե), բայց կերթա ինքնազոհողության։

Վիգեն Բերբերյան ծնած է Լիբանան, ապրած Ամերիկա։ Ինձի համար շատ հետաքրքրական է, որ աս տղան Լիբանանի քաղաքական, համայնքային, կրոնական բոլոր հարաբերություններու մանրամասնությունները լավ ուսումնասիրած է եւ իր վեպին մեջ դրած, մյուս կողմեն գրած է կատարյալ ամերիկյան ժարգոնով։ Միայն Ամերիկա ծնած մը կրնա այդչափ տիրապետել լեզվի հոգեբանության։ Եթե միայն Ամերիկա ապրեր, լիբանանյան կյանքին պիտի ծանոթ չըլլար։ Այդ երկուքը հրաշալի համադրած է։

¬ Պրն Ազատյան, ձեր նշած գրողները ստեղծագործում են անգլերենով, նրանք կազմո՞ւմ են արդյոք հայ գրականության մաս։

¬ Անգլերեն գրելն առավելություններ ունի, մենք պետք է հայկական պատյանեն դուրս ելլենք։ Բայց այլ հարց մըն էՙ կմտնե, թե՞ ոչ։ Ես կկարծեմ, որ պիտի մտնե հայ գրականության մեջ, որովհետեւ հայության ճակատագրին հետ կապված նյութ մըն է եւ կնպաստե մեր հոգեկան բեղմնավորման, հարստության։ Կրնանք ըսելՙ ամերիկյան գրականություն է, բայց նաեւ կրնանք ըսել երկակենցաղ գրականություն է։

Զարեհ Մելքոնյան (ԱՄՆ)¬ Տաղանդավոր գրողՙ ազգի բեռը վրան առած, լեզվի այնպիսի ճկունություն ունի, կարկաչուն լեզու մը ունի եւ փիլիսոփայական խորք, կարծեք թե բառերու հետ կխաղա, բայց հանկարծ խորքային տպավորիչ արտահայտություն կընե։

Խրախունի (Պոլիս)¬ Բազմաժանր, բազմատաղանդ գրողՙ միջազգային հրապարակի վրա իբրեւ հեղինակություն հաստատված է, գործերը թարգմանված են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, շատ համամարդկային նյութեր եւ շատ խորունկ հայկական արմատներ ունի։

Խրախունիին փորձեցի ներկայացնել Նոբելյան մրցանակի։ Ատոր մեջ քաղաքականությունն ալ դեր մը ունի, որովհետեւ զարկված, զրկված մեր համայնքը Թուրքիո բռնատիրական կարգերուն տակ համաշխարհային չափանիշներով գրականություն կմշակե։ Ասիկա միջազգայնորեն ըմբռնելի, ընդունելի չափանիշ մըն է եւ ինքն ալ արժեքավոր բանաստեղծ է։

Գրիգոր Պըլտյան (Փարիզ)¬ Սքանչելի գրականագետ է, հետախուզող միտք ունի, բառերուն բանաստեղծական հնչեղությունը օգտագործել գիտե շատ հրաշալի կերպով։ Հաճույքի համար զինք կարդալը դժվար է, միտքի հետախուզության համար կարդալը ավելի շահեկան է։

Իր բանաստեղծությունը շատ է հառաջապահ, իբրեւ քննադատություն չէ, որ կըսեմ։ Երեւի բանաստեղծության սահմանները առաջ կքաշվին, մենք ետ կմնանք, չենք կրնար քայլ պահել։ Բայց ուշ թե շուտ պիտի հասկնանք։ Օշականն ալ կըսեր, որ 50 տարի վերջը իրեն պիտի հասկնանք։ 50 տարին ալ անցավ, նորեն կդժվարանանք հասկնալու։

Մեր գրականության մեջ ֆետիշացումի պես բան մը կա, գրական կռապաշտներ կան, որոնք մեկ Կոստան Զարյանը աստվածուցած են, մեկ Հակոբ Օշականը։ Մինչդեռ զիրենք պետք է ընդունինք իբրեւ գրողներ, ոչ իբրեւ կիսաաստվածներ։

Վահան Թեքեյանը կգրե նամակներուն մեջ, որ Կ. Զարյանը փոխառնված կայծակներով հրավառություններ կընե։ Բայց ես պետք է ուզեի, որ անիկա լուցկի մը վառեր, եւ ես կարենայի իր իրական դեմքը տեսնել։

Հայաստանյան գրողներ

Հայաստանյան գրականության հիմքը խախտվեցավ այս տարիներուն։ Ներկայիս գրականության շատ տեղյակ չեմ։ Գրականության մեջ սահմանագծումներ պետք չէ ըլլան, սակայն հետաքրքրաշարժ, զգայացունց ըլլալու համար սեռայինը կամ միասեռականը մտցնել ընդունելի չէ, չափանիշ չէ։ Քիչ մը ետ երթանք. Կարիկ Պասմաճյանի պես մեկը արդի եվրոպական, ամերիկյան գրականության հունդը բերավ այստեղ։ Շատ մը գրողներ արդիական տեմպի մեջ մտան եւ շատ ինքնատիպ արտահայտություններ ունեցան։

Կհավնիմ Արտեմ Հարությունյանի բանաստեղծությունը, իր «Նամակ Նոյին» գիրքին ներածականը գրած եւ անգլերենով ներկայացուցած եմ։

Հենրիկ Էդոյանը շատ կայուն հեղինակություն մըն է բանաստեղծության մեջ։

Ալեքսանդր Թոփչյանը գրականության սահմաններն անդին մղող անձնավորություն մըն է։ Թեեւ իր ոճին, գրական աշխարհայացքին եւ ձեւին մեջ արդիական է չափազանց, բայց շատ խորունկ կերպով ազգային արմատներու մեջ մտած է եւ մեր անցյալը, իմացական պատմությունը կերպով մը խորքն է իր գրականության։

Անահիտ Թոփչյանի արձակին մեջ զարմանալի զուգահեռներ տեսա եվրոպացիներու հետ։ Արդի մարդու, տարագիր հայուն ճակատագիրը Եվրոպայի մեջՙ Եվրոպայի չափանիշները, հայկական ըմբռնումները. անձ, որ բանտված է այդ երկու ցանցերուն մեջ։

Մեր զրույցի ընթացքում Երվանդ Ազատյանը անդրադարձավ նաեւ լեզվական եւ ուղղագրական խնդիրներին, հատկապես լրագրողական լեզվինՙ գտնելով, որ անկախության հռչակումից հետո Ռաֆայել Իշխանյանի պայքարի, նաեւ սովետական շրջանի պարտադրված օտարաբանության հակազդեցության արդյունքում «շատ գեղեցիկ լրագրական լեզու մեջտեղ եկավ, բայց այսօր սարսափելի նահանջ մը կա. շարադասությունը, մտածողությունը հայերեն չեն, շատ նոր գրելաձեւեր ընդունելի չեն։ Մեկ կողմեն ծայրահեղ միջազգային լեզվի մը զորավոր ազդեցությունը կա, մյուս կողմեն գավառը մեջն է։ Մտածումի պարզություն չկա»։ Ըստ Երվանդ Ազատյանի, այս ամենը կապված է նաեւ ուղղագրության հետ. «Մենք չկրցանք զարգացնել, մշակել լեզուն, ետ մնացինք, որովհետեւ մեր ուղղագրությունը թույլ չի տար, որ ճանչնանք մեր բառերուն արմատները եւ համապատասխան կերպով կազմենք բարդ բառեր եւ արդիական գաղափարներ արտահայտենք։ Ես կողմնակից եմ դասական ուղղագրությունը վերականգնելունՙ որոշ սրբագրություններով»։

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4