«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2002-11-21 | #214, 2002-11-22 | #215, 2002-11-23


ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

«Հայ եւ ռուս ժողովուրդները մեծ մշակույթի տեր են։ Հայկական մշակույթը թե Հայաստանում, թե սփյուռքում ստեղծել է հոգեւոր մեծ արժեքներ, որոնք լուսավորել են շատ-շատերի կյանքի ուղին։ Ամենագլխավորն այսօր երկու ժողովուրդների հոգեւոր հարստությունների պահպանումն ու զարգացումն է», երեկ Ռուսաստանի եւ Հայաստանի մշակույթի նախարարությունների միջեւ 3 տարվա համագործակցության պայմանագիր ստորագրելուց հետո ասաց պաշտոնական երկօրյա այցով Հայաստան ժամանած ՌԴ մշակույթի նախարար Միխայիլ Շվիդկոն։ Նա նշեց, որ վերջին երեք տարիներին հայ-ռուսական փոխհարաբերությունները ձեռք են բերել որակապես նոր բնույթ, որը պայմանավորված է երկու երկրների նախագահների սերտ համագործակցությամբ։ Հայաստանում «Ռուսական մշակույթի օրեր» վերջին անգամ անցկացվեցին 1996 թ.ՙ երկու երկրների համար տնտեսական ծանր ժամանակաշրջանում, սակայն դրանք վերածվեցին իսկական մեծ տոնի։ Ըստ նոր համաձայնագրի, Հայաստանում ռուսական մշակույթի օրեր կանցկացվեն 2004 թ.։ 2003 թ. հունիսին Հայաստանում եւ Ռուսաստանում տեղի կունենան տոնական համերգներՙ նվիրված Արամ Խաչատրյանի 100-ամյակին, որին կմասնակցեն սիմֆոնիկ նվագախմբերն ու մենակատարները։ Իսկ հոկտեմբերին Ռուսաստանի սիմֆոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Երեւանում եւ Գյումրիում։ Երեւանի Արամ Խաչատրյանի թանգարանը ցուցադրումներ կունենա Գլինկայի անվան երաժշտական թանգարանում։ Թանգարանների եւ գրադարանների միջեւ կսկսվի համագործակցություն։ Անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 80-ամյակի կապակցությամբ կկազմակերպվեն ցուցահանդեսներ Ռուսաստանում։

Կկազմակերպվեն թատերական հյուրախաղեր, կանցկացվեն համատեղ կոնֆերանսներ, միջոցառումներ։ Հայաստանում կանցկացվի ռուսական ֆիլմերի փառատոն։ Գիտության եւ կրթության ոլորտում կկազմակերպվեն մասնագետների փոխանակումներ, համատեղ ուսումնասիրություններ ու հետազոտություններ։

Նախարարը մամլո ասուլիսում խոսեց Ռուսաստանի մշակութային գործիչների կյանքի պայմանները բարելավող միջոցառումների, ռուսական ավանդույթների համաձայն վաղ տարիքից երեխաների գեղագիտական դաստիարակության, արվեստագետների արտագաղթի, գրքի շուկայում գների աճի բարձրացման եւ այլ հարցերի մասին։ Նա շեշտեց, որ Ռուսաստանում հայ մշակույթի զարգացման համար ստեղծված են լավագույն պայմաններ, գործում են 6 հայկական եւ բազմաթիվ կիրակնօրյա դպրոցներ։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4