ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
«Սահմանադրական իրավունք» միության նիստերի դահլիճում երեկ տեղի ունեցավ «Գերեզմանատներում հանցագործությունների եւ այլ իրավախախտումների մասին ԶԼՄ-ների հրապարակումներին արձագանքելու պրակտիկան» քննարկումը, որին չէին ներկայացել նախապես հրավիրված ԱԺ պատգամավորները, քաղաքական կուսակցությունների, դատական մարմինների ներկայացուցիչները, իսկ բնակչության հատուկ սպասարկման ՓԲԸ տնօրեն Գառնիկ Աղաջանյանին քննարկումն սկսվելուց մի քանի րոպե առաջ էին քաղաքապետարանից տեղեկացրել։ Քննարկումը կազմակերպել էին «Սպառողների միություն», «Օգոստոսի 23. Ազգային դաշինք» եւ «Սահմանադրական միություն» հասարակական կազմակերպությունները։
«Օգոստոսի 23. Ազգային դաշինքի» ղեկավար Պուշկին Սերոբյանը հայտնեց, որ հանրապետության նախագահի աշխատակազմի հետ քննարկման թեման ուսումնասիրվել է եւ շարունակական ընթացք կունենա։ «Գերեզմանատները հասարակության հայելին ենՙ այնտեղ իշխում են ուժը, փողը, պաշտոնը», ասաց նա, հավելելով, որ անհրաժեշտ է հասարակական կարծիք ձեւավորել եւ պայքարել արատավոր այնպիսի երեւույթների դեմ, ինչպիսիք են թաղման արարողակարգը, հողատարածքի բռնազավթումները, ահռելի հուշարձանները, տեղի համար վճարումները եւ այլն, եւ այլն...
Պարզվում է, որ Զեյթունի գերեզմանատանն «օրենքով գողերին» հատուկ տեղ է հատկացվել գերեզմանատնից դուրս, չիմանալով, որ նախկինում ինքնասպանները, բորոտներն են դրան արժանացել։ Նորագավիթի գերեզմանատան պարսպին կից աճեցվում է բանջարեղեն։ Ի դեպ, վերջերս գերեզմանատներից մեկում դրվել է բջջային հեռախոսով խոսող հանգուցյալի հուշարձանՙ քաղքենիության վերջին ճիչը...
Նորագավիթի գերեզմանատանը հարակից 033 հեկտար հողատարածքում ապօրինի հուղարկավորություն է կատարվել, այսինքնՙ զավթվել ու վաճառվել է , իսկ տեղի բնակիչներին այնտեղ տեղ չի հատկացվում։ «Մենք փող չունենք վճարելու, դրա համար էլ Երեւանի հարուստներին են վաճառում», բողոքեցին քննարկմանը ներկա 2 նորագավիթցիներ։ Պարոն Սերոբյանը պնդեց, որ եթե քաղաքային իշխանությունը լռության մատնի այս պատմությունը, ապա գործը կհասնի դատարան։ Մամուլում տպագրված հոդվածները պատճենահանվել եւ ուղարկվել են քաղաքապետարան, սակայն առայժմ ոչ մի արձագանք չի ստացվել։ Դե, մեր քաղաքապետարանը բացառիկ դեպքերում է միայն արձագանքում հոդվածներին, միայն անձնական վիրավորանք ստանալիս...
Երեւանի գլխավոր սանիտարական ծառայության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ գերեզմանատների հակասանիտարական վիճակի արձանագրությունը ներկայացվել է քաղաքապետարան։ Մի խոսքով, ելույթներից հասկացանք, որ բացի նախագահի աշխատակազմից, ոչ մեկը բողոքներին չի անդրադարձել։
Պարոն Աղաջանյանը սկզբում սաստիկ բարկացավ հողազավթումների կապակցությամբ ներկայացված հարցադրումներից, ապա շտապեց հայտնել, որ ստեղծվել է հանձնաժողով, որը գույքագրում է կատարում, ճշտում է սահմանները։ Բարեկարգումներ հնարավոր չէ իրականացնել, քանի որ բյուջեն սուղ է։
Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Շահեն քահանա Հայրապետյանն այսօրվա թաղման արարողակարգը համարեց խորհրդային տարիների մնացուկ, հեթանոսական սովորույթների արտահայտություն։ Ավանդաբար հայերը ննջեցյալին տեղափոխել են եկեղեցի, այնտեղից էլՙ գերեզմանատուն։ Նա հայտնեց, որ Քանաքեռի Սբ. Հակոբ եկեղեցին նախատեսված է ննջեցյալների համար, եւ ավանդական ծիսակարգ նախընտրողները կարող են այնտեղ դիմել։
«Ազգի» թղթակցի հարցին, թե ինչու եկեղեցին մինչ օրս հանդես չի եկել ավանդական տապանաքարեր դնելու քարոզչությամբ եւ չի պայքարել Գավառի գերեզմանատանը թաղումից հետո «սեղաններ բացելու» անհանդուրժելի սովորության դեմ, Շահեն քահանան պատասխանեց, որ արք. Աշճյանը շուտով լույս կընծայի հայկական բոլոր գերեզմանատների, ազգային ավանդությունների մասին պատմող իր գիրքը։
Քննարկման վերջում կրկին ելույթ ունենալովՙ պարոն Աղաջանյանը հայտնեց, որ վիճակն իրոք շատ ծանր է, քննարկվում է 3 նոր գերեզմանատներ բացելու հարցը, շուտով կգործի գերեզմանատներում հողատարածք հատկացնելու օրենքըՙ համաձայն որի մեկ ընտանիքին կհատկացվի 10 քմ։ Դիակիզման անցնելու բանակցությունները շարունակվում են, սակայն վերջնական որոշում դեռեւս չի կայացվել։
Քննարկմամբ չավարտվեց կազմակերպողների աշխատանքը։ Ընդառաջելով պարոն Աղաջանյանի առաջարկին, որոշեցին այցելել Նորագավիթի գերեզմանատունՙ իրական փաստերը ճշտելու։
Վերջը բարի լինի...