«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2002-11-22 | #215, 2002-11-23 | #216, 2002-11-26


15 ՆՈՐԱԳԻՐՆԵՐ ՀՌԱԿ «ՍԵՎԱՆ» ԱԿՈՒՄԲՈՒՄ

Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետ Ռուբեն Միրզախանյանը նոյեմբերի 20-ին հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեցՙ հպարտանում ենք այն փաստով, որ ամեն օր կուսակցության շարքերն ավելանում են 10-15 մարդով։ 2000 թ. դեկտեմբերյան ՀՌԱԿ համագումարից հետո կուսակցության անդամների թիվն աճել է տասն անգամ։ Եվ դա բնական է։ Մարդիկ ընդունում են ռամկավար-ազատական գաղափարախոսությունը, հասկանում են, որ տնտեսվարման ազատ շուկայական հարաբերությունների զարգացման դեպքում միայն կարելի է ակնկալել երկրի զարգացումն ու ամրապնդումը։

Այս իրողությունը եւս մեկ անգամ հաստատվեց Սեւան քաղաքում անցած շաբաթ օրը, երբ նորագիրներ էին ընդունվում ՀՌԱԿ «Սեւան» ակումբի շարքերը։ Շատ կարճ ժամանակում այստեղ ստեղծվել է կուսակցական հեղինակավոր մի կազմակերպություն, որը գաղափարական լուրջ աշխատանք է տանում կուսակցության գաղափարախոսության պարզաբանման ուղղությամբ։ Զգալի աշխատանք է կատարել «Սեւան» ակումբի ատենապետ Նորիկ Խալաֆյանը։

Դա նշեցին Սեւան այցելած ՀՌԱԿ Հանրապետական վարչության ատենադպիր Մեսրոպ Հարությունյանը եւ վարչության անդամ Կարեն Կակոյանը, որոնք եւ եղան ակումբի 15 նորագիրների ուխտի արարողության կնքահայրերը։ Դաստիարակ Մարգարիտ Փիլավչյանը, հացթուխ Նարինե Ղազարյանը, իրավաբան Գեւորգ Ղազարյանը, դաստիարակ Դավիթ Սարիբեկյանը եւ մյուսները վստահություն հայտնեցին, որ իրենց կհետեւեն նոր նորագիրներ, որովհետեւ Գեղարքունիքի մարզի Սեւանի ենթաշրջանում արդեն շատ մարդիկ են հավատում ռամկավար-ազատական գաղափարախոսության գերակայությանը։

ՀՌԱԿ ատենադպիր Մեսրոպ Հարությունյանը ներկաներին ծանոթացրեց կուսակցության պատմությանը, խոսեց կուսակցության դիրքորոշումների մասինՙ առաջիկա նախագահական եւ ԱԺ ընտրությունների ժամանակ։

Ս. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4