Ինչպես հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը, Մոսկվայի եւ Հայաստանի տնտեսական կապերի բարելավման շրջանակում առաջիկայում Ռուսաստանի մայրաքաղաքում կսկսվի հայկական առեւտրական կենտրոնի շինարարությունը։
Նոր համալիրի համար հողամաս է հատկացվել Մոսկվայի Յուժնի օկրուգում։ Ըստ նախնական նախագծի, բազմահարկ կառույցը հասակ կառնի ապակուց եւ բետոնից, թեեւ հնարավոր են փոփոխություններ։ Հարկերի միջեւ կգործեն շարժասանդուղքներ։ Առեւտրական կենտրոնում մոսկվացիներին ու հյուրերին կներկայացվեն Հայաստանում արտադրվող ամենաբազմազան ապրանքներՙ արտադրական, գյուղատնտեսական, գեղարվեստական եւ այլն։ Համալիրում տեղ կգտնեն սննդի բազում օբյեկտներՙ գնորդներին ու այցելուներին հնարավորություն տալով ճաշակելու հայկական խոհանոցի նմուշները։ Ընդարձակ, բարեկարգ ավտոկանգառը կբավարարի մեքենայով գնումների եկած անձանց պահանջները։
Կենտրոնը երկու երկրների մայրաքաղաքների քաղաքապետարանների համատեղ նախաձեռնությունն է։ Եթե ոչինչ չխանգարի, առեւտրական հանրախանութը իր դռները կբացի 2005 թվականին։ Մնում է ավելացնել, որ մոսկվացի հայերն ամենայնս ողջունում են Ռուսաստանի կենտրոնական քաղաքում առեւտրի ազգային օջախ ունենալու գաղափարը։
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա