Կասկադի տարածքում կտեղադրվի «Կատու» քանդակը
Այսօր Կասկադի սկզբնամասում Գաֆեսջյան թանգարան հիմնադրամը կտեղադրի Ջերալդ Գաֆեսջյանի ժամանակակից արվեստի թանգարանի առաջին ցուցանմուշըՙ լատինամերիկյան հայտնի նկարիչ Ֆեռնանդո Բոթերոյի «Կատու» մոնումենտալ քանդակը։ Սակայն երեւանցիներին թերեւս առավել կհետաքրքրի Կասկադի շարժասանդուղքների վերաբացումը, որոնք չեն աշխատում 1997 թ. հոկտեմբերից ի վեր։ Նախատեսվում է, որ մեր համաքաղաքացիները կօգտվեն շարժասանդուղքներից շաբաթվա բոլոր օրերինՙ առավոտյան ժամը 6։30-ից մինչեւ երեկոյան ժամը 23։00-ը, եւ կօգտվեն անվճար։
Հիշեցնենք, որ Կասկադը Գաֆեսջյան թանգարան հիմնադրամին է տրամադրվել այս տարվա մայիսին։ Անցնող մի քանի ամիսների ընթացքում այդ տարածքը մաքրվեց, կանաչապատվեց։ Այժմ նորոգվում են շատրվանները եւ ոռոգման համակարգը։ Այդ աշխատանքների ավարտն ակնկալվում է 2003 թ. գարնանը։
Ինչ վերաբերում է թանգարանին, ապա նախագծման աշխատանքներն իրականացնող ճարտարապետի ընտրության համար հայտարարվել է միջազգային մրցույթ։ Արդյունքը հայտնի կլինի դարձյալ 2003 թ. գարնանը, որից հետո կսկսվեն շինարարական աշխատանքները։ Թանգարանի բացումը նախատեսված է 2006 թ., ինչի շնորհիվ Երեւանը կդառնա ժամանակակից արվեստի կարեւոր կենտրոններից մեկը։
Նշենք նաեւ, որ Ջերալդ Գաֆեսջյանն ամերիկահայ խոշոր գործարար է, Ֆլորիդայում եւ Մինեսոտայում տեղակայված ռեստորանային ցանցի, մթերք արտադրող, անշարժ գույքի ընկերությունների խոշոր բաժնետեր, ներդրումներ է կատարում այլ երկրներում։ Գաֆեսջյանն իր գործունեության ընթացքում շուրջ 40 մլն դոլար է նվիրել Հայաստանինՙ հայկական խնդիրներին աջակցելու նպատակով, եւ հայտարարել իր ունեցվածքի հիմնական մասը Գաֆեսջյան թանգարան հիմնադրամին ուղղելու մասին։
Ա. Մ.