«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2002-11-22 | #215, 2002-11-23 | #216, 2002-11-26


ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ-«ԱՐՄԵՆՏԵԼ» ՀԵՐԹԱԿԱՆ ՄՐՑԱՄԱՐՏՆ ԱՅՍՕՐ

Այս անգամ կառավարության կրած վնասը 150-200 հազար դոլար է

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Այսօր ՀՀ արդարադատության նախարարությունում կհրավիրվի բաց ժողով, որտեղ քննարկվելու է «Արմենտել» ընկերությանը տրված թ. 60 լիցենզիայի 10-րդ կետի որոշ դրույթների պարբերաբար եւ դիտավորյալ խախտումների հարցը։ Այդ առնչությամբ «Արմենտելին» ներկայացված ծանուցագիր-հրավերում թվարկվել են այն գործողությունները, որոնց հետեւանքով տեղի են ունեցել խախտումները։ Դրանց պատճառով Հայաստանի կառավարությունը կրել է ֆինանսական լուրջ կորուստներ։ Ի տարբերություն նախորդ դեպքի, երբ «Արմենտել»¬TWT դատավարության համար Հայաստանի կառավարության ծախսերը մոտ 900 հազար դոլար էին, իսկ OTE-ն ստիպված վճարեց 1,5 մլն դոլար (տույժ-տուգանքներով), այժմ գումարն ավելի փոքր թիվ է։ Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, այդ գումարը տատանվում է 150¬200 հազար դոլարի սահմաններում։

Հիշեցնենք, թե ինչպես է առաջացել այդ գումարը։ Հայաստանի կառավարությունը, նախապես տեղյակ պահելով «Արմենտելի» ղեկավարությանը, վարձել էր բրիտանական «WFI քոնսալթինգ» ընկերությանըՙ ստուգելու «Արմենտելի» կողմից լիցենզիայի դրույթների եւ պայմանների կատարումը։ Սակայն «Արմենտելը» նախ չի ապահովել անհրաժեշտ համագործակցությունը, հետագայում պաշտոնապես մերժել է այն, ինչի հետեւանքով «WFI քոնսալթինգը» չի կարողացել իրականացնել ստուգումները։ Արդյունքում ՀՀ կառավարությունը չի կարողացել ստուգել «Արմենտելի» գործունեության համապատասխանությունը լիցենզիայի դրույթներին ու պայմաններին եւ ստիպված է եղել վճարել WFI-ինՙ կրելով վերեւում հիշատակված չափով նյութական վնաս։

Այսօր հրավիրված բաց ժողովին մասնակցելու են արդարադատության, տրանսպորտի եւ կապի նախարարները, ինչպես նաեւ «Արմենտելի» գլխավոր տնօրենը։ Ամենայն հավանականությամբ, OTE-ի կողմից նյութական վնասի փոխհատուցման հարցում լուրջ խնդիրներ չեն առաջանա, եւ, ինչպես նախորդ դեպքում, հունական ընկերությունն այն կփոխհատուցի։ Հիմնական խնդիրն «Արմենտելի» գործունեության համապատասխանությունն է լիցենզիային, որի խախտումների կապակցությամբ Հայաստանի կառավարությունը սպառնացել է կիրառել «օրենսդրությամբ նախատեսված պատժամիջոցներ եւ այլ կարգավորող գործողություններ»։ Իսկ որ «Արմենտելը» կատարել է այդպիսի խախտումներ, կարելի է եզրակացնել նրաՙ բրիտանական ընկերության ստուգումներից հրաժարվելը։ Ի վերջո, խախտումների առկայությունը հավաստող բազմաթիվ փաստեր են առկա նաեւ ԱԺ ստեղծած հատուկ եւ ՀՀ կառավարության ստեղծած միջգերատեսչական հանձնաժողովների ուսումնասիրություններում։ Հուսանք, որ Հայաստանի կառավարությունը վերջապես ձեռնամուխ կլինի «Արմենտելի» կամայականություններին եւ պարտավորությունների չկատարմանը համարժեք գործողություններ ձեռնարկելուն։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4