«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2002-11-23 | #216, 2002-11-26 | #217, 2002-11-27


ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀՈՒՍՈՎ ԵՆՙ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԱՌԱՋԱԴՐՎԻ ԵՎ ԿՀԱՂԹԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Բալկանյան հանդիպումներ Մակեդոնիայում

ԶԼՄ-ների Մակեդոնիայի ինստիտուտըՙ համագործակցությամբ Երեւանի մամուլի ակումբի եւ Բաքվի մամուլի ակումբի, օժանդակությամբ Բաց հասարակության ինստիտուտի, նոյեմբերի 15¬22-ը Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում Հայաստանից եւ Ադրբեջանից երկուական լրագրողների մասնակցությամբ կազմակերպեց հանդիպումներ մակեդոնական ու ալբանական ներկայացուցիչների հետ։ Մեկշաբաթյա հանդիպումները կարող ենք խորագրելՙ «Լրագրությունը եւ ազգամիջյան խնդիրները Մակեդոնիայում»։ «Ազգն» առաջիկա մի քանի համարներում կփորձի համեմատություններ եւ տարբերություններ գտնել միմյանցից տարբեր երկու անհանգիստ տարածաշրջաններիՙ Բալկանների եւ Անդրկովկասի, հետեւաբարՙ հայ-ադրբեջանական եւ սլավոնա-ալբանական հակամարտությունների միջեւ։ Մեր առաջին տպավորությամբՙ երկու տարածաշրջաններն ունեն մեկ հիմնական ընդհանրություն. Բալկանները եւ Անդրկովկասը մնացին տոտալիտար վարչակազմի փլատակների տակ, բալկանյան եւ անդրկովկասյան գրեթե բոլոր ժողովուրդները ներքաշվեցին ազգամիջյան հակամարտությունների մեջՙ պատճառ դառնալով տասնյակ հազարավոր մարդկային կորուստների։

Տեսակետներ փոխանակելու, շոշափելու առումով հայ եւ ադրբեջանցի լրագրողների հանդիպումները կարեւոր են։ Այսօր դրանք ավելի հետաքրքրական են դառնում Հայաստանում եւ Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրությունների ենթատեքստում։ Ովքե՞ր են ընտրվելու Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ, ի՞նչ ազդեցություն են ունենալու ընտրությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա եւ այլն։ Ադրբեջանցի լրագրողներին հատկապես հետաքրքրում էր երկու հարց. առաջիկա նախագահական ընտրություններին Հայաստանի առաջին նախագահը դնելո՞ւ է թեկնածությունը, հնարավո՞ր է Հայաստանի գործող նախագահի վերընտրությունը։

Ադրբեջանցի լրագրողների կարծիքով, Ռոբերտ Քոչարյանի վերընտրվելը խիստ անցանկալի է Ադրբեջանի համար, քանի որ, նրանց ասելով, «ղարաբաղցի անջատականների առաջնորդը» ԼՂ հարցում զիջումների չի գնա, ու քանի դեռ Հայաստանում իշխանության գլուխ է Քոչարյանը, չի կարգավորվելու ԼՂ հակամարտությունը, ադրբեջանցի փախստականները հնարավորություն չեն ունենա վերադառնալ մշտական բնակավայրեր։

Հայաստանի առաջին նախագահի վարկանիշն Ադրբեջանում, ի տարբերություն գործող նախագահի, բավականին բարձր է։ Անշուշտ, ադրբեջանցու աչքերով հայը հայ էՙ թշնամի, սակայն չգիտես ինչուՙ ԼՂ հարցի կարգավորման ենթատեքստում նրանք ցանկալի են համարում Լեւոն Տեր¬Պետրոսյանի վերադարձը։ Ընդ որում, ադրբեջանցի լրագրողները համոզված պնդում են, որ Տեր¬Պետրոսյանի իշխանության գալը բխում է նաեւ Հայաստանի կենսական շահերից։ Լրագրողներից մեկը բառացիորեն մեջբերեց հետեւյալը. «Փոխզիջման էությունից բացի կարեւոր է փոխզիջման պահը։ Հայաստանն ու Ղարաբաղն այսօր ուժեղ են քան երբեւէ, բայց հակամարտության չկարգավորման դեպքում մեկ-երկու տարի հետո անհամեմատ թուլանալու են։ Այն, ինչ մերժում ենք այսօր, ապագայում խնդրելու, բայց չենք ստանալու, ինչպես բազմիցս եղել է մեր պատմության մեջ»։

Այո, սա Հայաստանի առաջին նախագահիՙ 1997 թ. գրած «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածից մեջբերում է։

Ադրբեջանցի լրագրողները ցանկալի են համարում Լեւոն Տեր¬Պետրոսյանի վերադարձը, քանի որ Հայաստանի առաջին նախագահը ԼՂ հարցում ընդունելի էր համարում կարգավորման փուլային տարբերակը, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, որը կողմնակից է փաթեթային լուծման։

Ինչ վերաբերում է Հեյդար Ալիեւին, ապա ադրբեջանցի լրագրողներից մեկը պնդում է, որ Ալիեւին բացարձակապես չի հետաքրքրում Ղարաբաղը, այլՙ իշխանության փոխանցումը որդունՙ Իլհամին։ Հետեւաբար, Հեյդար Ալիեւը չի կարող լուծել ԼՂ խնդիրը։ Լրագրողի համոզմամբ, 1993 թ. իշխանությունը զավթելու եւ իր ձեռքում պահելու համար Ալիեւն առանց պատերազմի հայերին զիջեց մի քանի ադրբեջանական շրջան։

Ինձ համար զարմանալի էր, երբ ադրբեջանցի լրագրողներից տեղեկացա, որ Ադրբեջանում գերիշխում է այն կարծիքը, թե Լեւոն Տեր¬Պետրոսյանը Հայաստանում ունի բարձր վարկանիշ եւ հաստատ առաջադրվելու եւ հաղթելու է առաջիկա ընտրություններում։ Հավանաբար, հարեւան հանրապետությունում հալած յուղի տեղ են ընդունում հհշամետ մամուլի ու քաղաքական գործիչների պնդումները, որ առաջին նախագահը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Սկոպյե-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4