ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Առանց երկմտանքի ու վստահաբար կարելի է ասել, որ երեկվա օրն իրադարձային էր Երեւանի համար։ Թամանյան պուրակում Ֆերնանդո Բոթերոյի մոնումենտալ «Կատու» քանդակի տեղադրումն ու Կասկադի շարժասանդուղքների վերաբացումը ոչ միայն ժպիտներ բերեցին, այլեւ համոզեցին, որ մայրաքաղաքն արվեստի բարձրաճաշակ կենտրոն դարձնելու մեր հույսերը դեռեւս խորտակված չեն։
Գաֆեսջյան ընտանիք եւ Գաֆեսջյան թանգարան հիմնադրամների փոխտնօրեն Ջոն Ուոթերսը քանդակի բացման արարողության ժամանակ հայտնեց, որ Ֆեռնանդո Բոթերոյի յուրահատուկ ոճը չափազանց հայտնի է աշխարհում։ Նրա մոնումենտալ ստեղծագործությունները ցուցադրված են աշխարհի բազմաթիվ քաղաքներում, որոնց թվին ավելացավ նաեւ Երեւանը։ Քանդակը բացելու պատիվը տրվեց ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանին, Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանին եւ «Արմենիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Սարգսյանին։
«Մեծ բարերար Ջերալդ Գաֆեսջյանի ջանքերն առաջին պտուղն են տալիս։ Նրա առաջարկած մեծ ծրագիրը քաղաքապետարանում երկարատեւ քննարկման առարկա դարձավ, քանի որ նորություն էր երեւանցիների համար, եւ պիտի կատարվեին 20 մլն դոլար արժողության ներդրումներ», ասաց քաղաքապետը, ավելացնելով, որ կառուցվելիք Ժամանակակից արվեստի թանգարանում կներկայացվեն համաշխարհային արվեստի բարձրարժեք նմուշներ։ Նման թանգարան ունենալու հայտ էր ներկայացվել Նյու Յորքից, սակայն Գաֆեսջյանի շնորհիվ այդ պատիվը տրվել է Երեւանին, եւ 2003 թ. ամռանը կբացվի ինքնատիպ ու եզակի լուծումներով այդ կառույցը։
Կասկադի վերաբացված շարժասանդուղքներով միջոցառման մասնակիցները բարձրացան նորաբաց ցուցասրահ, որտեղ ներկայացված էր Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» մեծածավալ կտավը։
«Ուրախալի օր է, շատ դրական եմ գնահատում։ Սա մի մեծ գործի սկիզբ է, որն ինքնին մեծ գործ է։ Կասկադը կյանքի է բերվել, շարժասանդուղքներն աշխատում են։ Հույս ունեմ, որ մի քանի տարի հետո կնշենք թանգարանի բացումը, որն իր ճարտարապետական տեսքով ու բովանդակությամբ աշխարհի հեղինակավոր թանգարաններից մեկը կլինի եւ հեղինակություն կբերի մեր քաղաքին», լրագրողների հետ զրուցելիս ասաց արտգործնախարար Վարդան Օսկանյանը։