Զանգահարեց վաղեմի բարեկամսՙ ներկայումս մոսկվացի գործարար Գագիկ Պապյանը եւ հրավիրեց իր տղայիՙ Արսենի դիսերտացիայի պաշտպանությանը տնտեսագիտության թեկնածուի գիտական կոչման համար։ Գնացի եւ մեծ բավականություն ստացա. հաճելի էր տեսնել, թե ինչպես հայ երիտասարդը մեղմ առոգանությամբ, բայց ընտիր ռուսերենով հստակ ու վստահ պատասխաններ է տալիս ընդդիմախոսներին։
Պատկերացրեք. հեռավոր Շամշադինի Բերդ ավանում միջնակարգ դպրոցն ավարտած պատանին կյանքի բերումով, իր համար բոլորովին անսպասելի հայտնվում է Մոսկվայում եւ առաջին իսկ փորձից ընդունվում տեղի տնտեսագիտական պրոֆիլի համբավավոր հաստատությունըՙ Պլեխանովի անվան տնտեսագիտական ակադեմիան։ Պարզ է, որ նա «դեռ մանկուց» չէր երազում դառնալ միջազգային տնտեսական հարաբերությունների մասնագետ, ինչպիսին պատրաստում էր նրա ընտրած ֆակուլտետը։ Բայց դարձավ։ Ընդսմին ոչ միայն գերազանցով ավարտեց «Պլեխանովը», այլեւ, զուգահեռաբար, հարկային ինստիտուտըՙ նույնպես գերազանցով։ Արսենին առաջարկեցին կատարելագործվել Ռուսաստանի ԳԱ էկոնոմիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում։ Եվ երկրորդ տարին չլրացած, նա փայլուն կերպով պաշտպանում է դիսերտացիան։ Խիստ օգտակար էր անգլերենի եւ գերմաներենի նրա իմացությունը։
Բայց 24-ամյա պատանու կյանքի ամենակարեւոր իրադարձությունը տեղի էր ունեցել դրանից մեկ տարի առաջՙ նորաթուխ ասպիրանտին աշխատանքի էին հրավիրել ՌԴ հարկերի եւ տուրքերի նախարարությունՙ անմիջապես առաջարկելով ավագ տեսուչի պաշտոն։ Կարելի է ասել, որ ազատ շուկայական պայմաններում առաջին պլան է մղվում պրոֆեսիոնալիզմը։ Դա ճիշտ է, բայց եկեք պարզամտություն չխաղանք. խորհրդային պետությունում հայերը Մոսկվայում «յուրային» էին, եւ նրանց հայտնվելը երկրի առաջատար գերատեսչություններում, այդ թվում նաեւ տնտեսական բնույթի, սովորական երեւույթ էր։ Իսկ հիմա... Երբ պաշտպանության վերջում դիսերտացիոն խորհրդի նախագահ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վյաչեսլավ Կոնստանտինովիչ Սենչագովը, ասես արտահայտելով խորհրդի անդամների կարծիքը, «հայտարարեց», որ ծնունդ է առնում Ռուսաստանի հարկային նախարարության գալիք ղեկավարը, միջոցառմանը ներկա հայերից մեկը սրամտեցՙ Արսեն ջան, ստիպված ազգանունդ պիտի փոխես...
Այս գեղեցիկ իրադարձության ֆոնի վրա, սակայն, նաեւ տխուր խոհեր են առաջանում։ Պապյանների ընտանիքը թերեւս մեկն էր այն բազմահազար հայ օջախներից, որոնց մտքով երբեք չէր անցնում, թե երբեւէ կհեռանան Հայաստանից։ Ապրում էին բարեկեցիկ կյանքով, ընտանիքի ղեկավարն ակտիվ կուսակցական աշխատող էր, կինըՙ բժշկուհի։ Բայց նրանց համար էլ եկավ այն ցավալի պահը, երբ ապրելը դարձավ անտանելի։ Մինչեւ 1994 թ. ներառյալ նրանց ընտանիքը կրել էր Շամշադինի ողջ ազգաբնակչությանը պարտադրված պատերազմական տառապանքներըՙ մութն ու ցուրտը, «Գրադ» հրթիռները։ Տեղափոխվեցին Մոսկվա, վերականգնեցին բարեկեցությունը, հնարավորություն ստեղծվեց երեխաների բարձրակարգ կրթության համար (դուստրն էլ նույնպես գերազանցով սովորում է Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիայում)։ Բայց սրտով-հոգով Հայաստանում են, հայրենի Շամշադինում, գերազանցապես Հայաստանի հեռուստատեսությունն են նայում։ Այս սերունդը դեռ հայ է մնալու, բայց հաջորդը... Անձնական փորձից գիտեմ։ Եվ սա հայոց երկրի հայաթափման աղետալի հետեւանքներից մեկն է։ Արսենի նման բազում տաղանդավոր հայ երիտասարդներ իրենց գիտելիքներն ու ունակությունները, ինչպես ասում են, ի սպաս են դրել Ռուսաստանի զարգացմանը։
Ինչեւէ։ Արսենն իրեն մխիթարում է նրանով, որ իր դիսերտացիայի թեման վերաբերում է ԱՊՀ հարկային քաղաքականության ներդաշնակեցմանը, իսկ, ինչպես հայտնի է, Հայաստանն էլ է մտնում այդ հանրության մեջ։
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա