«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2002-11-23 | #216, 2002-11-26 | #217, 2002-11-27


«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՀԱՄԱՁԱՅՆԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԻՆ

Բաց ժողովը, որի մասին այդքան խոսվում էր, երեկ, ի վերջո, հրավիրվեց։ Ինչպես նշել էինք մեր թերթի երեկվա համարում, ժողովը հրավիրել էր ՀՀ կառավարությունըՙ «Արմենտելի» կողմից թ. 60 լիցենզիայի դրույթների եւ պայմանների կանխամտածված եւ պարբերաբար խախտումների, դրանց պատճառով Հայաստանի կառավարության կրած վնասների կապակցությամբ «Արմենտելի» տեսակետները լսելու նպատակով։ Խախտումների ամփոփ պատկերը ներկայացնելով, տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը նշեց, որ համաձայն լիցենզիայի, կառավարությունն իրավասու է ստուգելու «Արմենտելի» գործունեությունը։ Սակայն այդ նպատակով հրավիրված բրիտանական «WFI քոնսալտինգ» ընկերության ներկայացուցիչներին դա այդպես էլ չի հաջողվել կատարել, քանի որ «Արմենտելը» հրաժարվել է նախապես տրված իր խոստումից եւ արգելել ստուգումներ իրականացնել։ Սա լիցենզիայի խախտում է, որից զատ հայկական կողմը կրել է նյութական վնասՙ վճարելով WFI-ի ծառայությունների համար։

Տրանսպորտի եւ կապի նախարարի ելույթից հետո խնդրահարույց բոլոր հանգամանքներն առավել հանգամանորեն, մի քանի ժամ տեւած ժողովի ընթացքում ներկայացնում եւ հունական կողմին իր հարցերն էր ուղղում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ Նախարարի մատնանշած փաստարկներն իսկապես համոզիչ էին, եւ հունական կողմը ստիպված էր համաձայնել հայկական կողմի գրեթե բոլոր պնդումներին։ Սակայն դա տեղի էր ունենում համառ պայքարում, քանի որ հունական կողմն ամեն կերպ փորձում էր խուսափել կոնկրետ հարցադրումներին պատասխանելուց եւ տալիս էր ավելի ընդհանրական պատասխաններ։

«Արմենտելը» ներկայացնող գլխավոր տնօրեն Գեորգիուս Վասիլակիսն ընդունում էր, որ ՀՀ կառավարությունը որպես լիցենզավորող իրավունք ունի ստուգելու իր ղեկավարած ընկերության գործունեությունը, որ դա կարող է կատարել կառավարության վարձած կազմակերպությունը, որ «Արմենտելը» պարտավոր է համագործակցել կառավարության հետ, բայց մերժում էր Դավիթ Հարությունյանի այն պնդումը, թե «Արմենտելը» հրաժարվել է համագործակցությունից։ Ասելով, որ գրավոր որեւէ դիմում «Արմենտելում» բրիտանական ընկերության կողմից անցկացվելիք ստուգումների համար չի եղել, Գեորգիուս Վասիլակիսը միաժամանակ չէր կասկածում Դավիթ Հարությունյանի այն հավաստմանը, որ հանդիպում եւ բանավոր պայմանավորվածություն նախարարի եւ «Արմենտելի» նախկին գլխավոր տնօրեն Նիկոս Յորգուլասի միջեւ եղել է։ Այդուհանդերձ, նա այդ պայմանավորվածությունը պաշտոնական չի համարում։ Հակառակ դրան, արդարադատության նախարարը փաստում է, որ եթե նախարարը հրավիրում է գլխավոր տնօրենին, ապա դա չի կարող պաշտոնական չլինել։

Գեորգիուս Վասիլակիսը հերքում էր նաեւ, թե «Արմենտելը» հրաժարվել է տեղեկատվություն տրամադրել բրիտանական WFI-ին։ Հիմնավորումը դարձյալ նույնն էրՙ չկա գրավոր դիմում։ Դավիթ Հարությունյանը սրան ի պատասխան վկայակոչեց «Արմենտելի» նախկին գլխավոր տնօրեն Նիկոս Յորղուլասին OTE-ի ղեկավարներից Վ. Մագլարասի ուղարկած ֆաքսը, որտեղ վերջինս հրահանգում էր որեւէ տեղեկատվություն չտրամադրել։ Գեորգիուս Վասիլակիսն այս առթիվ ասաց, որ գրությունն ստորագրել է ոչ թե Մագլարասը, այլ ավելի ցածրաստիճան պաշտոնյա, հետեւաբար դա չի ներկայացնում OTE-ի տեսակետը։ Այդուհանդերձ, այդ գրությունը նա ոչ թե կեղծ, այլ տարօրինակ համարեց։ Բնականաբար, նմանատիպ առարկությունը չի դիմանում անգամ ամենաաննշան քննադատությանը։

Եվ վերջապես, այս ամենի հետեւանքով ՀՀ կառավարության կրած ֆինանսական կորուստների մասին, որոնք, ինչպես նշել էինք, կազմում էին 150¬200 հազար դոլար։ Դրա ստույգ թիվը երեկ հրապարակվեցՙ 167 հազար դոլար, որից 142 հազարը WFI-ի, իսկ 25 հազար դոլարը իրավաբանական ծառայություններ մատուցած ընկերություններին է տրվել։ Չնայած մինչ բաց ժողովի սկսվելը OTE-ի ներկայացուցիչն այն համարել էր թատրոն (տեսՙ կողքի սյունյակը) որը նպատակ ունի OTE-ի հաշվին «Արմենտելից» գումարներ գանձել, Գեորգիուս Վասիլակիսի դիրքորոշումն զգալիորեն տարբերվում էր իր վերադասի մոտեցումից։ Ճիշտ է, հունական կողմը փորձեց վիճարկել գումարի չափը, դրա վճարման արդարացված լինելը, սակայն, ինչպես կանխատեսել էինք մեր երեկվա հրապարակման մեջ, սկզբունքորեն ընդունեց այդ ծախսերը։ Ավելի կոնկրետՙ պարտավորվեց վճարել բրիտանական WFI-ին, նրա կողմից «Արմենտելում» իրականացվելիք ստուգումների համար։ Հայկական կողմն այդ նպատակով կտրամադրի WFI-ի տվյալները եւ կնախազգուշացնի «Արմենտելի» կողմից նրան դիմելու մասին։

Բաց ժողովի քննարկումների արդյունքում կողմերն իրենց տեսակետներն են ներկայացնելու ժողովի նախագահողինՙ ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի նախագահ Վարդան Մովսեսյանին, որն էլ իր եզրակացությունը կներկայացնի կողմերին դեկտեմբերի 2-ին։ Այդ եզրակացությունը, սակայն, կկրի խորհրդատվական բնույթ։ Նշենք նաեւ, որ հայկական կողմը հրաժարվեց իր միայն մեկ պնդումից, որը վերաբերում էր լիցենզիայի «պարբերաբար» խախտումներին, չհրաժարվելով դրանց առկայության եւ կանխամտածված լինելու պնդումներից։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4