«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2002-11-23 | #216, 2002-11-26 | #217, 2002-11-27


OTE-Ն ՍՊԱՌՆՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆՈՎ

Իսկ Անդրանիկ Մանուկյանը գտնում է, որ դրանով մեզ չեն վախեցնի

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մինչ կառավարություն¬«Արմենտել» բաց ժողովի սկսվելը, որը նվիրված էր վերջինիս նկատմամբ կառավարության ունեցած նյութական կորուստների փոխհատուցման եւ լիցենզիայի դրույթների կատարման պահանջներին, խիստ զգացմունքային ելույթ ունեցավ OTE-ի ներկայացուցիչ Վ. Մագլարասը։ Նա ընդգծեց, որ արտահայտում է OTE-ի տեսակետը, որը ոչ այլ ինչ էր, քան հանդիմանությունների եւ մեղադրանքների տարափՙ ուղղված Հայաստանի իշխանություններին։ Նա հիշեցրեց, որ երբ OTE-ն 150 մլն դոլարի ներդրում կատարելով գնեց «Արմենտելը», ակնկալում էր հավասար վերաբերմունք Հայաստանի կառավարության կողմից։ Սակայն վերջինս չկատարեց իր պարտավորությունները, մասնավորապես 15 տարվա մենաշնորհի առնչությամբ։ Իսկ երեկվա բաց ժողովը OTE-ի ներկայացուցիչը բնութագրեց որպես տեղական իշխանությունների կողմից օտարերկրյա ներդնողի իրավունքների խախտման եզակի դեպք։ Նրա հավաստմամբ, այդ հարցով Հայաստանի վարչական մարմինները կարող են չեմպիոններ համարվել։ Մի խոսքով, «Հայաստանի կառավարությունը OTE-ի համար ստեղծել է բիզնեսի թշնամական եւ սպառնալից մթնոլորտ»։

Վերադառնալով բաց ժողովին, Վ. Մագլարասն իրենց մասնակցությունը դրան համարեց նախնական քայլ, որից հետո OTE-ն կդիմի միջազգային ատյաններինՙ պաշտպանելու իր ներդրումները։ Կառավարության մատնանշած լիցենզիայի խախտումները ելույթ ունեցողը համարեց թատրոն, որ նպատակ ունի «Արմենտելի» բաժնետոմսերը գանձել OTE-ի հաշվին, մինչեւ վերջինիս կողմից հատուցում ստանալը»։ Նա ընդգծեց, որ այն դեպքում, երբ պարտքը OTE-ին 5 մլն դոլար էր, Հայաստանի կառավարությունը գործընթաց է սկսում 150¬200 հազար դոլար կազմող գումարի համար։ Իր ելույթը պրն Մագլարասը եզրափակեցՙ ասելով. «Մեր ներդրումները սպառնալիքի տակ են», եւ լքեց դահլիճը։

OTE-ի ներկայացուցչի ելույթից անմիջապես հետո ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանն այդ ելույթը համարեց սադրիչ, ապա, պատասխանելով լրագրողների հարցերին, առավել մանրամասն ներկայացրեց իր մոտեցումը։ Նախարարը նշեց, որ Հայաստանի կառավարությունը երբեք թշնամաբար չի վերաբերվել եւ չի վերաբերվելու «Արմենտելին»։ Եղել է միայն մեկ պահանջՙ ապահովել Հայաստանում բարձր հեռախոսային եւ ինտերնետային կապ, մատուցել հեռահաղորդակցության որակյալ ծառայություններ։ Իսկ ներկայիս կապի որակը մեզ չի գոհացնում։ Նման որակ, ըստ Անդրանիկ Մանուկյանի, 21-րդ դարում ոչ մի երկիր չունի։ Ինչ վերաբերում է Վ. Մագլարասի այն սպառնալիքին, թե OTE-ն կդիմի միջազգային դատարան, տրանսպորտի եւ կապի նախարարը հայտարարեց, որ հարկ չկա դրանից վախենալու, որովհետեւ հայկական կողմն արդար է իր պահանջների մեջ։ Հունական ընկերության ներկայացուցչի նշած 5 մլն դոլարն էլ մեր բյուջետային կազմակերպությունների ունեցած պարտքն է «Արմենտելին», որն Անդրանիկ Մանուկյանը գտնում է, որ պետք է վճարվի։ «Սակայն նրանք այնպիսի որակի կապ են առաջարկում, որի համար չարժե նույնիսկ մեկ սենթ վճարել», շեշտեց նախարարը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4