Երեւան-Թել Ավիվ հարաբերությունները մնում են սառը եւ զգուշավոր
1992 թ. ապրիլի 22-ին ՀՀ արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Մոսկվայում Իսրայելի դեսպան Արիել Լեւինը Երեւանում դիվանագիտական նոտաներ փոխանակեցին. Իսրայելը դարձավ 36-րդ երկիրը, որի հետ Հայաստանը հաստատեց դիվանագիտական հարաբերություններ։ Տասը տարվա ընթացքում Երեւան-Թել Ավիվ հարաբերությունները մնացին սառնության եւ զգուշավորության մակարդակում։ Այսպես կոչված երրորդ կողմի գործոնը հայ-իսրայելական կապերի զարգացման հիմնական խոչընդոտներից է. մի կողմիցՙ Երեւանի յուրաքանչյուր քայլ, ուղղված հրեական պետության հետ հարաբերությունների բարելավմանը, արժանանում է Իրանի եւ արաբական աշխարհիՙ Հայաստանի նկատմամբ ոչ բարյացակամ վերաբերմունքին, մյուս կողմիցՙ Երեւանը մտահոգությամբ է հետեւում Իսրայել-Թուրքիա եւ Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների խորացմանը, գործընթաց, որը քաջալերում է ԱՄՆ-ն ի դեմս հրեական հզոր լոբբիի։
«Ցահալի» զորքերի կողմից Բեթղեհեմի հայապատկան ձիթենյաց այգիները գրավելու, մասամբ ավերելու դեպքը, իսկ մինչ այդ Վրաստանում եւ Հայաստանում Իսրայելի դեսպան Ռիվկա Կոհենի Երեւանում արած ոչ կոռեկտ հայտարարությունը, թե ոչինչ չի կարելի համեմատել Հոլոքոստի հետ, եւ Հայոց ցեղասպանությունը լոկ ողբերգություն է, հայ-իսրայելական հարաբերությունների անթույլատրելի լարման պատճառ դարձան։ Արտգործնախարար Վարդան Օսկանյանը հետաձգեց նախապես համաձայնեցված այցն Իսրայել։
Այսօր ավարտվում է ՀՀ փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանի գլխավորած պատվիրակության այցը Իսրայել։ Պրն Շուգարյանին ուղեկցում են ԱԳՆ Մերձավոր Արեւելքի վարչության եւ հյուպատոսական ծառայության պետերը, արտգործնախարար Օսկանյանի խորհրդականներ։ Իսրայելական «Հաարեց» թերթը նոյեմբերի 27-ի համարում, վկայակոչելով Շուգարյանին, գրում է, որ հնարավոր է Իսրայելում Հայաստանի դեսպանատան բացում։ Շուգարյանն Իսրայելի պաշտոնյաների հետ բանակցություններում նշել է, որ Հայաստանը ցանկություն ունի ամրապնդել կապերն Իսրայելի եւ հրեական համայնքի հետ, ըմբռնումով է մոտեցել Թուրքիայի հետ Իսրայելի հատուկ հարաբերություններին, որոնք էլ դժվարացնում են հրեական պետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։
«Հաարեցը» չի նշում, թե ինչ մակարդակով է ընդունվել Շուգարյանը։ ՀՀ ԱԳՆ-ից եւս չհաջողվեց պարզել, թե փոխարտգործնախարարն ում է հանդիպել Թել Ավիվում։ Նկատենք, որ չնայած հայ-իսրայելական քաղաքական հարաբերություններում առկա խնդիրներին, երկու պետությունների տնտեսական կապերը վերջին մի քանի տարիներին անշեղորեն բարելավվում են։ 2001 թ. տվյալներովՙ ապրանքաշրջանառության ծավալներով Իսրայելը Հայաստանի վեցերորդ գործընկերն էՙ զիջելով ՌԴ-ին, Բելգիային, Իրանին, ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային։
Անդրկովկասի երեք հանրապետություններից Իսրայելը դեսպանություն չունի միայն Հայաստանում։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ