«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2002-11-26 | #217, 2002-11-27 | #218, 2002-11-28


ՎԱՆԱՁՈՐԻ ՔԻՄԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ Է

Նոյեմբերի 25-ին Վանաձորի քիմգործարանում լարված իրավիճակ էր։ Բանվորները պատրաստվում էին գործադուլի, քանի որ ութ ամիս աշխատավարձ չեն ստացել։ Վիճակը չփոխվեց նաեւ վերջին երեք ամսում, երբ գործարանի կառավարումն ստանձնեց բրիտանական Ransat PLC («Ռանսաթ Փի-Էլ-Սի») ընկերությունը։ Ու թեեւ հույսեր կային, թե քիմգործարանը կաշխատի, ինչպես եղավ «Նաիրիտի» դեպքում, բայց, փաստորեն, այդ հույսերը չարդարացան (ի դեպ, այսօր «Նաիրիտում» էլ գործերը բարվոք չեն)։

Ransat PLC-ի նախագահ Անիլ Կումարը դեռ օգոստոսի 5-ին վստահեցնում էր, որ քիմգործարանի գլխավոր տնօրեն Վարդան Վարդանյանի հետ համապատասխան ստրատեգիա կմշակեն, պարտքերի մարման ժամանակացույց կկազմվի ու այսուհետեւ աշխատավարձերը ժամանակին կվճարեն։ Բայց իրականությունն այլ է։

Շուրջ մեկ ամիս գործարանը նաեւ հոսանքազրկված էՙ էլեկտրաէներգիայի պարտքերի պատճառով։

Քիմգործարանի աշխատողների հետ հանդիպում ունեցան Լոռու մարզպետը, Ransat PLC-ի ներկայացուցիչները։ Ransat-ի ղեկավարությանը պահանջներ ներկայացվեցինՙ մեկ շաբաթում լուծել աշխատավարձերի վճարման հարցըՙ սահմանելով ժամանակացույց, մարելով պարտքերը եւ հստակություն մտցնել գործարանի վերագործարկման խնդրում։ Գրություն հղվեց հանրապետության ղեկավարությանըՙ ՀՀ նախագահին, վարչապետին, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությանը, որպեսզի հսկողություն սահմանվի այդ գործընթացի վրա։

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4