Ելքեր կամ չեն ներկայացվել, կամ իրատեսական չեն
Այսօր արդեն երրորդ օրն է, ինչ դադարեցվել է Երեւանի քաղաքային էլեկտրատրանսպորտի աշխատանքը։ Պատճառը էլեկտրաէներգիայի հոկտեմբեր ամսվա պարտքն էՙ 25 մլն դրամ։ Այս մասին տեղեկացանք Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Արեգ Բարսեղյանից։ Նա դժվարացավ պատասխանել, թե երբ կվերականգնվի էներգամատակարարումը, ինչը թերեւս զարմանալի չէ։ Հիշեցնենք, որ բաշխիչ էներգացանցերի սեփականատեր «Միդլենդ ռիսորսըզ» ընկերության ներկայացուցիչները հայտարարել էին, որ կհոսանքազրկեն բոլոր այն կազմակերպություններին, որոնք հոկտեմբերին կունենան չվճարումներ։ Բացառություն են կազմելու միայն մետրոն, պաշտպանության նախարարության, ջրմուղ-կոյուղու, ոռոգման համակարգերը, Մատենադարանը։ Քաղաքային էլեկտրատրանսպորտի սպառած էներգիայի դիմաց պետք է վճարվի պետբյուջեից։ Սակայն հատկացված գումարներն ակնհայտորեն անբավարար են։ Ամիսներ առաջ նաեւ այս խնդրի լուծման ուղիները գտնելու նպատակով վարչապետի կարգադրությամբ ստեղծվել էր հանձնաժողով, որը գլխավորում էր ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Մերուժան Միքայելյանը։ Այդ հանձնաժողովի առաջարկները պետք է ներկայացված լինեին դեռեւս 1¬2 ամիս առաջ, ինչի մասին մեզ հետ զրույցի ժամանակ ասել էր Մերուժան Միքայելյանը։ Սակայն առայժմ դրանք կամ չեն ներկայացվել, կամ իրատեսական չեն եղել։ Եվ այժմ էլեկտրատրանսպորտը հայտնվել է փակուղային վիճակում։
Ա. Մ.