Ժողովրդավարության եւ խաղաղության կենտրոնը «ԶԼՄ-ների անկախություն. խոսքի ազատություն եւ պատասխանատվություն» թեմայով երեկ կլոր սեղան էր հրավիրել արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի ընկերությունում։ Հրավիրված էին համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի եւ այլ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ ու ակտիվիստներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, կրթական եւ գիտական հաստատությունների ներկայացուցիչներ։ Կլոր սեղանը վարեց Հայաստանի լրագրողների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը, իսկ իբրեւ փորձագետ հրավիրված «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն այդպես էլ չներկայացավ։ Իր խոսքում տկն Գեւորգյանն անդրադարձավ քաղաքացիական հասարակության կառուցման ընթացքում ԶԼՄ-ների դերի ու հեղինակության ամրապնդմանը, քանզի առանց կայացման հնարավոր չէ ստեղծել գործունեության լայն դաշտ։ Վերջին տարիներին նկատելի է ԶԼՄ-ների եւ հասարակական կազմակերպությունների համագործակցությունը, հավաքվել է փորձագիտական մեծ նյութ, որը պետք է մատուցել հասարակությանը։ Նա ցավով նշեց, որ մեզանում դեռեւս չկա գովազդային շուկա, որը կբարելավեր ԶԼՄ-ների նյութական վիճակն ու հնարավորություն կտար անկախ գործելու։ Այսօր լրագրողների հրաշալի բանակ ունենք, սակայն մամուլի անկախ չլինելու պարագայում առաջանում են բազմապիսի ձեւախեղումներ։ Ամենաթողության պայմաններում մամուլը զրկվում է զարգացման հեռանկարներից եւ, բնականաբար, ժամանակից հետ մնում։ Լրատվական դաշտի խնդիրները քաղաքականացվում են եւ օգտագործվում քաղաքական նպատակներով։ Լրագրողական էթիկայի կանոնների մասին խոսելիս նա շեշտեց, որ հաճախակի են դրանց խախտման դեպքերը, զորօրինակՙ «Օր» թերթի «Բացեք ձեր աչքերը» հրապարակումը։ Էթիկայի ու արժանապատվության ոտնահարման հարցերը չպետք է անտեսել, քանի որ ոչ մեկին իրավունք չի վերապահված փորփրելու մեկ ուրիշի անձնական կյանքը։ Նա կարեւորեց ԶԼՄ-ների գործունեության եւ էթիկայի կանոնագրքի խախտումները կարգավորող կենտրոն ստեղծելու անհրաժեշտությունը, որը կբարձրացնի լրագրողների պատասխանատվության զգացումն ու կնպաստի լրագրողական համերաշխությանը։
Նրա ելույթից հետո ծավալվեց քննարկում, մասնակիցներն արտահայտեցին իրենց հուզող հարցերը ԶԼՄ-ների աշխատանքից, հատկապես հեռուստահաղորդումներից իրենց դժգոհությունը։ Նրանց դիտարկմամբ, հեռուստատեսությունը ներկայացնում է միմիայն իշխանությունների վերաբերմունքը մեր երկրում կատարվող իրադարձություններին։ Հեռուստալրագրողները խոսում են զարհուրելի սխալներով, իսկ ցինիզմն ու գավառականությունը, իրադարձությունների ոչ օբյեկտիվ ու խեղաթյուրված մեկնաբանումները մշտական երեւույթներ են։ Բողոքները հատկապես ուղղված էին Հանրային հեռուստատեսությանը, «Արմենիա» եւ «ԱԼՄ» հեռուստաընկերություններին։ «Ազգի» թղթակցի հարցին, թե բողոքները ներկայացվե՞լ են նրանց, տրվեց բացասական պատասխան։ Ստացվում է, որ քաղաքացիական հասարակություն ենք ուզում կերտել քաղաքացիական պասիվությամբ, մինչդեռ հասարակական կազմակերպությունների առաջին ու կարեւոր դերը հասարակության ակտիվացման բարձրացումն ու առաջ քաշած հարցերին հետամուտ լինելն է։
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ