Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի այսօրվա մամուլի ասուլիսը նվիրված կլինի Հայաստանի անդամակցությանն Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)։ Ինչպես հայտնի է, անդամակցման գործընթացը սկսվել է 6 տարի առաջ, սակայն բանակցություններն ավելի գործնական փուլ են մտել վերջին 2 տարում։ Առավել վիճահարույց հարցը Հայաստանի գյուղատնտեսության հարկման եւ սուբսիդավորմանն էր վերաբերում։ Ի վերջո, որոշվեց գյուղատնտեսության հարկման համար սահմանել 6 տարվա միջանկյալ ժամկետ, իսկ սուբսիդավորման գումարները գրեթե համարժեք կլինեն հարկվող գումարների չափին։ Արդյունքում նոյեմբերի 21-ին ԱՀԿ Ժնեւի կենտրոնակայանում հաստատվել է ԱՀԿ անդամակցության Հայաստանի ներկայացրած փաստաթղթերի փաթեթը եւ որոշվել է դեկտեմբերի 10-ին կայանալիք այս կազմակերպության խորհրդի նիստում հաստատել Հայաստանի անդամակցումը։ Այլ խոսքերով, պետք է վավերացվի կայացած փաստը, եւ Հայաստանը կդառնա ԱՀԿ 149-րդ անդամ պետությունը։
Կարեն Ճշմարիտյանն, անշուշտ, դա կհամարի մեծ հաջողություն, ինչն իրավամբ այդպես է։ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցումը Հայաստանի տնտեսվարողների համար արտահանմանն ուղղված գործունեությունն աշխուժացնելու առումով լուրջ խթան կլինի։ Հուսով ենք, որ նախարարը կխոսի ոչ միայն հաջողությունների, այլեւ իր պատասխանատվության ներքո գտնվող ոլորտում առկա դժվարությունների մասին, որոնց մասին նշված է մեր մյուս հրապարակման մեջ։
Ա. Մ.