Այդ պատճառով էլ ոլորտի պատասխանատուները խուսափում են լրագրողների հարցերից
Երբ այս տարվա օգոստոս-սեպտեմբերին Հայաստանի քիմիական արդյունաբերության հսկա «Նաիրիտը» հերթական անգամ դադարեցրեց աշխատանքը, առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Աշոտ Շահնազարյանը դա բացատրեց Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած տարերային աղետով եւ դրա հետեւանքով ճանապարհների փակմամբ։ Փոխնախարարը մեզ հետ զրույցի ժամանակ վստահեցրեց, որ հոկտեմբերի երկրորդ կեսին «Նաիրիտի» սեփականատեր բրիտանական «Ռանսատ» ընկերությունը վարկեր կստանա ու «Նաիրիտի» հետ կապված որեւէ խնդիր այլեւս չի լինի» («Ազգ», 17 սեպտեմբերի, 2002 թ.), «Բրիտանական «Ռանսատ» ընկերությունն ընդլայնում է իր գործունեությունը Հայաստանում»)։
Արդեն ավարտվում է նոյեմբերը, սակայն «Նաիրիտի» խնդիրը ոչ միայն չլուծվեց, այլեւ ավելի խորացավ։ «Ռանսատը» սպասվելիք վարկերը չստացավ, «Նաիրիտը» հոսանքազրկեց ԲԷՑ-երի նոր սեփականատերը, ձեռնարկության աշխատակիցների աշխատավարձերը պարբերաբար ուշացվում են։ Փաստորեն, արդեն երրորդ ամիսն է, ինչ «Նաիրիտը», կարելի է ասել, չի աշխատում։ Ստեղծված կացության վերաբերյալ որեւէ պարզաբանում անհնար է ստանալ ո՛չ «Ռանսատից», ո՛չ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարից կամ փոխնախարարից։ Նույնը կարելի է ասել նաեւ Վանաձորի քիմհամալիրի մասին։ «Պրոմեթեյ» ընկերության գնելուց հետո մի քանի անգամ հայտարարվեց վերագործարկման մասին։ Վերջին անգամ, դարձյալ մեր վերոհիշյալ հրապարակման մեջ, Աշոտ Շահնազարյանը հայտարարեց համալիրի հերթական վերագործարկման մասին, որն առաջինն էր այն բանից հետո, երբ այս ընկերության բաժնետոմսերի 50 տոկոսը գնեց նույն «Ռանսատը»։ Սակայն այս դեպքում էլ փոխնախարարի խոստացած լիարժեք գործունեությունը նոյեմբերին ոչ միայն տեղի չունեցավ, այլեւ հերթական անգամ քիմհամալիրը դադարեցրեց աշխատանքը։
Հաջորդը գրեթե երկու տարին լրացած «Դողագործի» վերագործարկման ձգձգումն է։ Չնայած բազմիցս ե՛ւ նախարար Կարեն Ճշմարիտյանը, ե՛ւ փոխնախարար Աշոտ Շահնազարյանը խոստացել էին, որ շուտով այս արտադրությունը կգործարկվի, բայց առայժմ ամեն ինչ նույնն է։ Էական տեղաշարժ չարձանագրվեց ամերիկյան TS Investment ընկերության կողմից ձեռնարկության մասնավորեցումից հետո եւս։ Վերջին անգամ Կարեն Ճշմարիտյանը հույս էր հայտնել, որ կամերաների արտադրամասը կսկսի գործել դեկտեմբերից։ Անկեղծ ասած, արդեն դժվար է հավատալ դրան։
Եվ վերջինը Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի շուրջ ծավալված իրադարձություններն են ու առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության օլիմպիական հանգստությունն ու քար լռությունը։ Մինչդեռ գոնե այս դեպքում, քանի որ կոմբինատը պետական է, նախարարությունն ուղղակի պարտավոր էր հանգամանալից պարզաբանումներ եւ տեղեկատվություն հաղորդել։ Սակայն ոչինչ չասվեց կոմբինատի աշխատակիցների գործադուլի, 14 ամսվա աշխատավարձերի չվճարման պատճառների մասին։ Նախարարության ղեկավարները խուսափում են նաեւ մանրամասներ ներկայացնել Կապանի կոմբինատի մասնավորեցմանՙ կառավարության ընդունած որոշման մասին։ Պաշտոնական տեղեկատվության մեջ հաղորդվեց միայն, որ կոմբինատը 1 մլն 250 հազար դոլարով կվաճառվի շվեյցարական «Դենո» ընկերությանը։ Ի՞նչ ներդրումային ծրագրով, ի՞նչ պարտավորություններով, անհայտ է։ Մի՞թե դա նախարարը պետական գաղտնիք է համարում։
Այս ամենից կարելի է եզրակացնել, որ արդյունաբերության այս ճյուղերում գործերը, մեղմ ասած, այնքան էլ լավ չեն, ինչի պատճառով էլ ոլորտի պատասխանատուները խուսափում են զանգվածային լրատվամիջոցների հետ շփվելուց։ Սակայն ավելի ճիշտ չէ՞ր լինի, որ անկեղծորեն ասվեր այն, ինչ առկա է, թե՞ լրատվամիջոցների մասին պաշտոնյաները հիշում են, երբ անհրաժեշտ է խոսել հաջողություններից։ Ցավալի է, որ նման մոտեցում է որդեգրել նաեւ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը, որի ղեկավարները մինչեւ վերջերս շատ ավելի պատրաստակամ էին եւ հաճախ էին պատասխանում լրագրողների հարցերին։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ