Հեռուստամարաթոն 2002-ն ավարտվեց, ստացվեց ավելի քան 5 մլն դոլարի նվիրատվության խոստում
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Լոս Անջելեսում ավարտված «Հայաստան» համահայկական հիմնադրամի ազգային տուրքի հերթական հեռուստամարաթոնում ստացվեց 5.073.000 ԱՄՆ դոլարի նվիրատվության խոստում։ Ինչպես նախորդ հեռուստամարաթոններում, այս անգամ եւս եղան խոշոր նվիրատվություններ. տիկին Լուիզ Սիմոն Մանուկյանՙ 1 մլն դոլար, Հրայր Հովնանյանՙ 1 մլն, Ալբերտ Բոյաջյանՙ 0,5 մլն։ Ըստ երկրներիՙ մասնակցությունը հետեւյալն է.
ԱՄՆ Արեւելյան ափ - 1.901.000 դոլար
ԱՄՆ Արեւմտյան ափ - 1.713.000
Ֆրանսիա - 650.000
Հայաստան - 210.000
Արգենտինա - 75.000
ԼՂՀ - 53.000
Գերմանիա - 31.000
Հոլանդիա - 25.000
Բրազիլիա - 10.000
Կանադա - 5.000
Այս արդյունքները վերջնական չեն, մինչեւ դեկտեմբերի 7-ն ԱՄՆ Արեւելյան ափում շարունակվելու է հեռախոսամարաթոնը։ Անակնկալ մատուցեցին Հայաստանի եւ ԼՂՀ-ի գործարարները։ Հոգեբանական առումով վերջիններիս մասնակցությունը խիստ ցանկալի էր, քանի որ նախկին հեռուստամարաթոններին մեր գործարարները գրեթե չէին մասնակցում, այսինքնՙ դրամ չէին հանգանակում, ինչը սփյուռքում հիասթափություն էր առաջացնում. ինչո՞ւ հայաստանցի եւ արցախցի գործարարները չեն մասնակցում դրամահավաքին, երբ այդ գումարներն ուղղվում են ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի բարգավաճմանը։
Այս անգամ հայաստանցի եւ արցախցի գործարարները միասնաբար հանգանակեցին ավելի քան 260 հազար դոլար։ Նշենք նրանցից մի քանիսի անունները. Հրանտ Վարդանյան, Միքայել Բաղդասարով, Գագիկ Ծառուկյան, Արսեն Ղազարյան, Հարություն Փամբուկչյան, Սամվել Ավետիսյան...
Հեռուստամարաթոնը տեւեց 12 ժամ, արբանյակային եւ համակարգչային կապով հեռարձակվեց ամբողջ աշխարհում։ «Մենք եղել ենք միասին Արցախյան շարժման, դաժան պատերազմի տարիներին եւ հաղթել ենք, որովհետեւ եղել ենք միասինՙ Սփյուռք-Հայաստան-Արցախ։ Այսօր Արցախն ունի ձեր աջակցության կարիքը։ Արցախը կառուցում է պետություն, զարգացնում տնտեսությունը։ Եթե մենք այսօր չկարողանանք մեր ռազմական հաղթանակներն ամրապնդել տնտեսական հաղթանակներով, մեր բոլոր ձեռքբերումները կդառնան անիմաստ։ Այսօր հայ ժողովրդի ճակատագիրը որոշվում է Արցախում։ Եղել է ժամանակ, երբ հայ ժողովրդի ճակատագիրը որոշվում էր Սարդարապատում, այսօր ճակատն Արցախն է։ Ինձ հաճախ հարց են տալիս, թե ինչպես է լուծվելու Լեռնային Ղարաբաղի հարցը։ Ուզում եմ վստահեցնել, որ ԼՂ հարցը լուծում եք դուքՙ ձեր տնտեսական եւ հումանիտար, ինտելեկտուալ եւ մշակութային աջակցությամբ», հեռուստաէկրանից համայն հայությանը դիմեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը։
Հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակված գումարն ուղղվելու է ԼՂՀ-ի ողնաշարիՙ «Հյուսիս-հարավ» 162 կմ երկարությամբ ավտոմայրուղու շինարարությանը, որի 40 կմ-ըՙ կրկին համայն հայության ջանքերով, արդեն կառուցվել է։
«Հյուսիս-հարավ» ավտոմայրուղին անցնում է ԼՂՀ բոլոր հինգ շրջաններով, մայրաքաղաք Ստեփանակերտի մոտ հանգուցվում «Գորիս-Ստեփանակերտ» ավտոմայրուղուն։ ԼՂՀ-ի համար տնտեսական, քաղաքական եւ ռազմավարական նշանակություն ունեցող այս ճանապարհը, որն իրավամբ համարվում է ողնաշար, անցնելու է Ղարաբաղի ավելի քան 20 բնակավայրերով եւ մոտենալու է 100-ից ավելի բնակավայրերի, որոնց առավելագույն հեռավորությունը մայրուղուց 10¬20 կմ է։