Երեւանի բարեկարգումն այլեւս անշրջելի է։ Դժգոհությունների մի մասն օրվա կյանք ունեն, եւ սա անխուսափելի է, որովհետեւ յուրաքանչյուրն ապրում է տրտունջի, ցավի կամ ուրախության իր օրը (սա պարտադիր չէ, որ կապված լինի քանդած փոս ու փոսորակի, որոնց մեջ մարդ ու մեքենա է ընկնում, կամ էլ գիշերային մեր քաղաքի մայթերինՙ շքեղ հյուրանոցների դռների մոտ շարված շլացուցիչ մեքենաների, կամ նրանց անբավարար տերերի հետ)։ Մեծ թափ ստացած շինարարության մեջ գլխավորը փողոցների ու մայթեզրերի բարեկարգումն է, իհարկե, բայց հուշարձանաշինությունն էլ քիչ տեղ չի զբաղեցնում։ Հուշարձանները պատմություն են, պարտքի մեր ըմբռնումի մի դրսեւորումը, անցյալի, մեր հիշողությունների վավերացումը։ Նրանցից ամեն մեկն իր շուրջը յուրատեսակ միկրոկլիմա է ստեղծում, եւ քանդակի գեղարվեստական արժանիքների հետ կարեւոր են նաեւ դրանց տեղադրման ճիշտ վայրը, շրջակայքի բարեկարգումը։
Երեւանի կենտրոնական հատվածներից մեկում նախատեսված էր տեղադրել հայ մշակույթի նվիրյալ Մխիթար Սեբաստացու հուշարձանը եւ կառուցել համանուն հրապարակՙ ըստ պայմանագրային պարտավորության մինչեւ Մխիթարյան միաբանության 300-ամյակի հանդիսությունների սկիզբը։ Առայժմ այս տարածքի հարակից շենքերից մեկի պատին փակցրած է մնում այս մասին հիշեցնող ցուցատախտակը։ Այս առիթով «Ազգն» անդրադարձներ կատարել է Մխիթարյան միաբանության վարդապետ Հ. Հարություն Պզտիկյանի հետ ունեցած հարցազրույցների ժամանակ։ Եվ քանի որ հարգարժան վարդապետը հուշարձանի տեղադրման ուշացումը կապում է քաղաքապետարանի պատասխանատուների հետ, հարցը փորձեցինք ճշտել Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի եւ գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հետ։ Հուշարձանի այս ձգձգվող պարտավորությունները, ըստ գլխավոր ճարտարապետի, այսպիսի պատկեր ունեն։ Պատվանդանի եւ հրապարակի սալահատակումը եւ բարեկարգումը (բավականին ծախսեր պահանջող) ստանձնել է քաղաքապետարանը։ Այս հարցը նախապես փորձել են լուծել «Լինսի» հիմնադրամի շրջանակներում, սակայն չմտավ ծրագրի մեջ։ Իտալական «Ռենկո» ֆիրմայի հետ բանակցությունների արդյունքում ֆիրման պատրաստակամությամբ իր վրա վերցրեց բարեկարգման հարցը։ Հետագայում, սակայն, շինարարական լրացուցիչ աշխատանքների անհրաժեշտություն առաջացավ։ Պարզվեց, որ պատվանդանի նախատեսված տեղը համընկնում է ստորգետնյա կոմունիկացիոն գծերին, որոնց տեղափոխությունը լրացուցիչ ծախսեր է պահանջում։ Նոր նախագիծը (նաեւ գումարային հարցերը) օրերս կքննարկվի քաղաքապետարանում, եւ արդյունքները կներկայացվեն «Ռենկո» ֆիրմային։ Հարցը կորոշակիանաՙ կախված ֆիրմայի ստանձնած պարտավորություններից։
Քանդակի համար պահանջվող գումարի կեսը տրամադրել է Մխիթարյան միաբանությունը, մնացածը կտրամադրի քաղաքապետարանը (մինչեւ տարվա վերջը), քանդակի տեղադրումից հետո միայն միաբանությունը կվերադարձնի քաղաքապետարանին հիշյալ գումարը։ Բրոնզապատման աշխատանքների համար գուցե հապաղում լինիՙ ձուլարանների սուղ հնարավորությունների պատճառով։
Ըստ գլխավոր ճարտարապետի, ամենայն հավանականությամբ եկող տարվա գարնանըՙ մայիսին, Երեւանում կունենանք մշակութային մի գողտրիկ անկյունՙ իտալական ճարտարապետության ոճով կառուցած, վենետիկյան մթնոլորտ հիշեցնող հրապարակՙ Մխիթար Սեբաստացու հուշարձանով։ Եվ ամենայն հավանականությամբ քանդակի բացման արարողությանը ներկա կլինի նաեւ Վենետիկի քաղաքապետը։
Սպասենք մինչեւ մայիս, իսկ առայժմ կարծում ենք, որ ձգձգված այս պատմությունը բնավ վայել չէ հիշատակի տուրքին, որ պարտք ենք հայ մշակույթի մեծ նվիրյալ Մխիթար Սեբաստացուն։
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ