«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2002-11-28 | #219, 2002-11-29 | #220, 2002-11-30


ԹԱՇՉՅԱՆԸ ՎՃՌԱԿԱՆ Է ՏՐԱՄԱԴՐՎԱԾ

Դատը շահելու դեպքում 60 հազար ռազմագերի փոխհատուցում կստանա

Նոյեմբերի 18-ին հայ ռազմագերիների շահերը ներկայացնող բեռլինահայ փաստաբան Ստեփան Թաշչյանը, նախօրոք հայտարարածի համաձայն, («Ազգ», 5.07.2002) դիմեց Բեռլինի վարչական դատարան։ Ինչպես մեր ընթերցողներին հայտնել էինք ժամանակին, փաստաբանն այս քայլին է դիմել, քանի որ գերմանական խոշոր ընկերություններն ու «Հիշողություն, պատասխանատվություն, ապագա» հիմնադրամը խուսափում են ռազմագերիներին հասանելիք փոխհատուցումից։ Խոսքը 450 միլիոն եվրոյի մասին է, որը Երկրորդ համաշխարհայինի սարսափները զգացած ռազմագերիներին խուսափում են փոխհատուցել։ Դժվար է կանխորոշել, թե ինչ ելք կունենա Թաշչյանի հայցն ընդդեմ Գերմանիայի Դաշնային Հանրապետության, որի ներկայացուցիչն է ֆինանսների նախարարությունը, բայց, ինչպես փաստաբանն ինքն է ասում, հիշողությունն ու պատասխանատվությունը ապագային նայելու այլ հայացք չեն ուղենշում։ Փաստաբանը օրենսդիրներին առաջարկում է փոխհատուցել ոչ միայն ճամբարներում եղածներին, այլեւ բոլոր ռազմագերիներինՙ պնդելով, թե 5,9 միլիոն խորհրդային ռազմագերիներից նվազագույնը 3,3 միլիոնը զոհ են գնացել, շատերը սպանվել։ Թաշչյանն իր հարցապնդումը հիմնավորում է մոսկվացի պատմաբան, Քյոլնի Նացիոնալ¬սոցիալիզմի վավերագրության կենտրոնում խորհրդային ռազմագերիների գործերն ուսումնասիրած Պավել Պոլյանի եզրահանգումներով։ Միայն դնեպրոպետրովսկյան ճամբարում (Ուկրաինա) 35 000 խորհրդային ռազմագերի է զոհվել։ Ռուս գիտնականի «Երկու դիկտատուրայի զոհեր» գիրքը պատմում է ռազմագերիներիՙ նաեւ իրենց հայրենիքում կրած դժվարությունների մասին։ Այս ռազմագերիները բազմաթիվ դեմոկրատիաների զոհեր են, ասում է Պոլյանը, գերմանական, ռուսական, բելառուսական, ուկրաինական։

Ստեփան Թաշչյանը նամակներ է գրել է Գերմանիայի քաղաքական տարբեր հոսանքների ներկայացուցիչներինՙ ՔԴՄ¬ՔՍՄ¬ին (CDU-CSU), ՍԴԿ¬ին (SPD), ԱԴՄ¬ին (FDP), ոչ մի արձագանք, առաջարկել է համապատասխանաբար ԽՍՀՄ¬ի կողմից գերմանացի ռազմագերիների փոխհատուցման հիմնադրամ ստեղծել, դարձյալ ոչ մի արձագանք։ Փոխհատուցում տրամադրելիս ի՞նչ սկզբունքով պիտի առաջնորդվել, հարցնում է Թաշչյանը ու հումորախառը պատասխանումՙ գլխի մեծությա՞մբ, քաշո՞վ։ Պատմական իրողություններով, հուշում է Պոլյանը, բայց նրանց ձայնն առայժմ լրագրողներից բացի ոչ ոք չի լսում։ Ռուսական եւ ուկրաինական հիմնադրամների նախագահները խոստացել էին, որ մինչեւ օգոստոս 100 հոգի իրենց դրամը ստացած պիտի լինեին, բայց խոստումները չեն կատարել, պարզաբանում է Թաշչյանը, ռուսականի դեպքում, օրինակ, խոչընդոտը բանկային դեռ չկնքված պայմանագիրն է։ Թեպետ դատարան հանձնված 44 էջանոց գործով Թաշչյանը հետամուտ է, որ Կարմիր բանակի իր երկու վետերան հայցվորներըՙ Պարգեւ Զաքարյանն ու Իշխան Մելքոնյանը փոխհատուցում ստանան, բայց դատը շահելու դեպքում դրանից կարող են օգտվել 60.000 վերապրող ռազմագերիներ։

Մինչ գործը դատարան հանձնելը փաստաբանը մամուլի ասուլիս էր հրավիրել, ինչին մանրամասնորեն անդրադարձել են գերմանական «Նոյես Դոյչլանդ» թերթը, DPA գործակալության միջոցով գերմանական բազմանուն թերթեր, ռուսական YND հեռուստաալիքը, բրիտանական «Գարդիանը»։ Շատերն են հիացած հայ փաստաբանի հետեւողականությամբ, վճռականությամբ։

Թաշչյանի գրասեղանին դիմումների սար է։ Ժամանակը չի սպասում, հայցվորները շատ ծեր են, նրանցից ավագագույնը 104 տարեկան է։ Նրանց մի բան է հետաքրքրումՙ փոխհատուցում ստանալ։ Ավելի ճիշտՙ Գերմանիան պիտի պատասխան տա, Գերմանիան, որ նրանցից շատերի պատկերացմամբ, այդ երկրի քաղաքացիությունն ունեցող 37¬ամյա փաստաբանն է։ «Ներողություն», իր հայցվորների առջեւ ծունկի իջնելով Երեւանում 1 տարի առաջ իրեն քաղաքացիություն շնորհած երկրի անունից խնդրել էր հոր կողմից սասունցի Թաշչյանը։ «Առանց կանխավճարի՞ եք այսքան գործ կուտակել», զարմացրել էր փաստաբանն իր գործընկերներին։ Փոխհատուցման գործի բնույթից ելնելով Բեռլինի կենտրոնում, Երեւանում գրասենյակ վարձակալած Թաշչյանն, իր ասելով, անբարոյական է համարել թոշակի վերջին կոպեկները խլել, գործը ստանձնել է առանց կանխավճարի, ավելինՙ «եթե հայցվորներս փոխհատուցում չստանան, հոնորարիցս կհրաժարվեմ», ասել էր մեկ տարի առաջ «Ազգի» մեր հարցազրույցում։ Փաստաբանի առայժմ օրեցօր նվազող հաշվեհամարը չի հուշում, թե նա այս գործից ակնկալում է մեծ եկամուտ։ Յուրաքանչյուր փոխհատուցման դիմաց 10 տոկոս հոնորարն արդեն մեծ գումար չէ, դրան հավելած այն հանգամանքը, որ փոխհատուցում ստացել են ոչ մեծ թվով հայցվորներ։ Ուրիշ խոսակցության նյութ է, որ նրանց մի մասի բարի լուրերը փաստաբանը ստանում է անուղղակիՙ հիմնադրամի ծանուցմամբ։ Մինչեւ օրս հայցվորներից շնորհակալական նամակ ստացած փաստաբանը երբեմն տխրության առիթներ էլ է ունենում։ Ցավալի է, երեւանյան գրասենյակում վիրավորական ակնարկներ, անվստահության արտահայտություններ արդեն լսելի են դառնումՙ իբր փոխհատուցված դրամները փաստաբանի ձեռքում են... Որտեղի՞ց այսքան կասկածամտություն... Այս տրամադրությունը, հուսանք, մեր հաջորդ հրապարակման նյութ էլ չի դառնա, մանավանդ որ Թաշչյանի աշխատասիրությունն ու հետեւողականությունը առիթ են տալիս ավելի հրատապ տեղեկությունների անդրադառնալ։

Մեր նախորդ հրապարակման մեջ հայտնել էինք գերմանական մի շարք քաղաքների, ընկերությունների անուններ, որոնք փոխհատուցումից չեն խուսափում։ Այդ շարքն աճել էՙ Ֆրանկֆուրտՙ 2000 գմ (գերմանական մարկ), Կոնստանցՙ 1000 գմ, Հիլդեն (Հյուսիս Հռենոս-Վեստֆալյան երկրամաս)ՙ 300 գմ, Հայդլբերգՙ 2500 եվրո, Ֆյուրսթենֆելդբրյուք (Մյունխենին մերձակա)ՙ 5000 գմ, Ֆրայբուրգՙ 5000 գմ, Շվեբիշ¬Հոլլՙ 3000 գմ, Շենեֆելդՙ 10 000¬20 000 գմ, Ռոյթլինգենՙ 3000 գմ, Բադեն¬Վյուրթենբերգի ավետարանչական եկեղեցիՙ 5000 գմ, կաթոլիկ եկեղեցու փոխհատուցման հիմնադրամ (տրվում է նրանց, ովքեր հարկադրաբար աշխատեցին կաթոլիկ եկեղեցապատկան մենաստաններում, հիվանդանոցներում եւ այլ հաստատություններում)ՙ 5000 գմ, Զենդեն (Քոյեսֆելդի շրջան)ՙ 10 000 գմ։ Սույնը վերաբերում է նշված վայրերում հարկադիր աշխատանք կատարած ռազմագերիներին։ Ավստրիական հաշտեցման հիմնադրամը եւ ավստրիական ոսկրաբուժության եւ ոսկրավիրաբուժության (օրթոպեդիայի եւ օրթովիրաբուժական) ընկերությունը վերջինիս նախաձեռնությամբ Երրորդ ռայխի ժամանակ ավստրիական տարածքում հարկադիր աշխատանք կատարածներին անհրաժեշտության դեպքում անվճար կվիրահատիՙ ճանապարհածախսն իր վրա վերցնելով։ Տիկին Լիպհարդտի անձնական հիմնադրամը ամսական 25 եվրո է փոխհատուցելու Սանդոմիրի 359 ճամբարում եղած ռազմագերիներին։

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4