«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2002-11-29 | #220, 2002-11-30 | #221, 2002-12-03


ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ

Գրահրատարակչության մասին խոսելիս անհնար է շրջանցել մի իրողություն եւ չընդգծել, որ այսօր Հայաստանում նվազել է ընթերցողների քանակը, որ գեղարվեստական գրականության նկատմամբ ավելի քիչ հետաքրքրություններ կան, գիրքը վատ է իրացվում, որ պաշտպանված չեն հեղինակային եւ հրատարակչական իրավունքները, գրողն առհասարակ անպաշտպան է եւ նմանատիպ այլ հարցեր։ Իհարկե, այս ամենի արմատները պետք է փնտրել քաղաքական-հասարակական փոփոխությունների, սոցիալ-տնտեսական վիճակների, մարդու հոգեբանության փոփոխության, մշակութային իրականության դեգրադացիայի, համակարգչային տեղեկատվության արդի լայն հնարավորությունների եւ այլ իրողությունների մեջ։ Վերջինն, իհարկե, այնքան էլ արդարացված չէ, որովհետեւ նույն արեւմուտքում, որտեղ վաղուց ի վեր համակարգչային տեղեկատվական դաշտը ձեւավորված է, անսպառ քանակությամբ եւ ամենաբազմապիսի գրականություն է ստեղծվում, տարածվում ու նաեւ սպառվում։ Թերեւս մեզանում կա գրականության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու, գիրքը գովազդելու, ներկայացնելու ավանդույթի պակաս։ Որովհետեւ մեզ մոտ ամենահետաքրքրական եւ պոլիգրաֆիական լավագույն լուծումներով գրականությունն անգամ լայն սպառման առարկա չէ։

Հրատարակիչ-հեղինակ-իրացնող-սպառող (ընթերցող) շղթայի մեջ յուրաքանչյուր օղակ ունի օրենսդրական դաշտի պաշտպանվածության խնդիր։

«Բարեկիրթ հասարակությունը գրքին եւ ընթերցանությանը սատարող» ծրագրի շրջանակներում ուրբաթ եւ շաբաթ օրվա արտագնա նիստը Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը տեղի ունեցավ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հովանավորությամբ, Հայաստանի գրողների միության, Հրատարակիչների ազգային ասոցիացիայի, «Հայ հեղինակ» հասարակական կազմակերպության, ԳԱԱ գրականության ինստիտուտի, «Գարուն» ամսագրի նախաձեռնությամբ։ «Վերնատուն» ընկերակցության կողմից երեք ամիս առաջ ստեղծված եւ մշակված գրահրատարակչության մասին օրենքի նախագծի քննարկմանը մասնակցում էին Հայաստանում գործող գրեթե բոլոր հրատարակչությունների տնօրեններըՙ «Հայաստան», «Նաիրի», «Սարգիս Խաչենց», «Արեգ», «Վան Արյան», «Հայաստանի հանրագիտարան», «Ապոլոն», «Արամաս», «Ոսկան Երեւանցի», «Անկյունաքար», «Լույս», «Մաշտոց», «Կոմիտաս», «Ազգային գրապալատ» եւ այլն, ինչպես նաեւ իրավաբաններ, գրողներ, լրագրողներ։

Նիստը բացեց ՀԱԱ ՀԿ նախագահ Վահան Խաչատրյանը, որը ներկայացրեց ծրագրի շրջանակներում նախապես կատարված միջոցառումների շարքը (կլոր սեղան ԳՄ-ում, «Գարունում», ԳԱԱ-ում, հոդվածաշարեր, «Գրատուն» հեռուստատեսային հաղորդաշարը եւ մի քանի քննարկումներ գրահրատարակչության մասին օրենքի նախագծի շուրջ)։ Նախորդ քննարկումներում հրատարակիչների կողմից եղել են բազմաթիվ առաջարկություններ եւ զգացվել է օրենքի մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն։ Եվ քանի որ փոփոխությունների գրավոր առաջարկներ չեղան (բացառությամբ Հրաչիկ Թամրազյանի, «Նաիրի» հրատ.), մասնակիցներն իրենց առաջարկությունները բանավոր ներկայացրին։ Ներկաները միակարծիք էին, որ այս տարիներին գրահրատարակչական ոլորտն այն եզակիներից էր, որ չկարգավորվեց իրավական նորմերով։ Միայն վերջերս ՀԱԱ-ի կազմակերպած նիստերը եւ քննարկումներն այս օրենքի շուրջ որոշակի քաղաքական մթնոլորտ են ձեւավորել։ Եվ քանի որ օրենքի նախագծի այսպիսի անկատար տարբերակը չէր կարող ներկայացվել Ազգային ժողով, ուստի եւ առաջացավ վերամշակման, լրացման կարիք։ Օրենքի մեջ առաջադրված ծրագրերը տվյալ ոլորտի քաղաքականությունը հստակեցնելու եւ հետագայում ավելի արդյունավետ գործելու համար են։

Փաստորեն, անցնող տարիներին հայ հրատարակիչները գործել են անպաշտպան եւ կամայական դաշտում։ Պետականորեն այսպիսի անփույթ եւ անտարբեր վերաբերմունքի առկայությամբ, ի պատիվ մեր հրատարակիչների, պիտի վկայել, որ գրահրատարակչական գործը ոչ միայն չի նահանջել, այլեւ զարգացում է ապրել, ստեղծվել է արժեքավոր գրականություն, ձեւավորվել է պոլիգրաֆիական կուլտուրաՙ ժամանակակից չափանիշներին համապատասխան։ Դեռ ավելինՙ հրատարակչություններ կան, որ անգամ ամենասուղ պայմաններում իրականացնում են որոշակի մշակութային քաղաքականությունՙ դավանելով գաղափարական կայուն սկզբունքների (այս առումով առանձնակի գնահատելի է «Սարգիս Խաչենց» հրատարակչության կատարած աշխատանքը. հայ մտավոր իրականություն ներբերել համաշխարհային, հատկապես արեւմտաեվրոպական հոգեւոր-մշակութային մտքի լավագույն նմուշները)։

Այս բավականին շահագրգիռ քննարկման ընթացքում եղան բազմաթիվ առաջարկներ։ Հր. Թամրազյանի դիտողությունները վերաբերում էին գրքի տարածմանը, իրացումը կազմակերպելուն, գրախանութներին, գրադարաններին։ Առաջարկվեցին փոփոխություններ կատարել ավելացված արժեքի հարկի մասին օրենքի մեջ, շահութահարկի, մաքսատուրքերի հետ կապված, ստեղծել կից օրենք պետական աջակցության մասին, հարկային արտոնություններ սահմանել նվիրատվությունների պարագայում, խրախուսել մեկենասությունը։ Հատկապես քննադատվեց օրենքի 15-րդ հոդվածը, որ սահմանափակում է գրահրատարակչի գործունեությունըՙ լիազոր մարմնի գոյությամբ։ Այս մարմինը դիտվեց իբրեւ գրահրատարակչության գործունեության վրա արգելանք դնող եւ ազատությունը սահմանափակող վտանգավոր միտում եւ որպես հրատարակչի իրավունքները ոտնահարող ավելորդ գրաքննություն, հատկապես երբ օրենքի նախագծում արդեն կանոնակարգված են գրահրատարակչական գործունեության նորմերը (հոդված 6)։ Արգելվում է քրեորեն պատժելի արարքներ քարոզող, պոռնկագրությանը, թմրամոլությանը, դաժանությանը նպաստող գրականություն հրատարակելը, մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, հրատարակելը եւ այլն։ Այս հարցերի մասին իրենց կարծիքներն արտահայտեցին Վահագն Սարգսյանը, Սերգեյ Խաչիկօղլյանը, Հովհաննես Այվազյանը, Արմեն Դավթյանը, Դավիթ Մուրադյանը։

Հեղինակային իրավունքի մասին օրենքի վերաբերյալ տեսակետներ հայտնեց «Հայ հեղինակ» հասարակական կազմակերպության փոխտնօրեն Սուսաննա Ներսիսյանը, որ արեւմտաեվրոպական չափանիշները, նորմերը փորձեց տեղայնացնել, գտնելով, որ արդեն ձեւավորված եւ լավագույնս արդյունավետ գործող չափանիշները կարելի է կիրառել նաեւ այստեղ։

Առաջիկայում նախատեսվում է սույն նախագծի մի քանի այլ տարբերակներ եւս, որոնց շուրջ դեռեւս կլինեն քննարկումներ, մինչեւ վերջնական եւ կատարյալ օրինակը։ Գրահրատարակիչները գտան, որ իրենք համագործակցության եւ միավորման անհրաժեշտություն ունեն (ինչպես լրագրողական աշխարհում է (՞), ինչպես նաեւ հեղինակային իրավունքի, գրքի սպառման, առեւտրի կազմակերպման բազմապիսի խնդիրներ կան։

Պետական աջակցությունից զուրկ, իրավական դաշտի բացակայությամբ, փաստորեն, տարերայնորեն իրականացվող գրահրատարակչական գործունեությունը եւ դրա արդյունքը, ըստ էության, շնորհիվ նվիրյալ այս մարդկանց անմնացորդ ջանքերի է, որ ասես հավատարմության երդում է գրքին, գրականությանը, տպագիր խոսքին։

Այս առումով անդրադարձ կատարելով քննարկվող հարցերինՙ ՀԳՄ քարտուղար Դավիթ Մուրադյանը նկատեց, որ մտավոր այնպիսի կողոպուտ, ինչպես Հայաստանում է կատարվում, որեւէ տեղ թերեւս չկա։ Այս օրենքի գաղափարախոսությունը Հայաստանում հումանիտար դաշտը պահպանելու եւ ընդլայնելու գերխնդիրը պետք է ապահովի։ «Մենք փոքր երկիր ենք եւ գտնվում ենք անկյունադարձային փուլում, հումանիտար դաշտը պետական աջակցության կարիք է զգում, եւ, ամեն ինչ թողնելով շուկայական հարաբերությունների կարգավորմանը, կարող ենք կորցնել անկյունաքարային արժեքներ»։

Նիստը եզրափակող խոսքը ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանինն էր. ըստ նրա, օրենքի ընդունումը հասունացած խնդիր է, իսկ օրենքը կատարյալ տեսնելու համար անհրաժեշտ է շահագրգիռ մոտեցում, եւ գրավոր առաջարկները պետք է լինենՙ հաշվի առնելով մինչ այժմ կատարված բոլոր իրողությունները, ինչպես նաեւ մեր դաշտը եւ ռեալ հնարավորությունները. «Գերմանիայում, արեւմուտքում ամրագրված չափանիշների մասին ենք խոսում, սակայն պետք է նկատի ունենանք, թե եվրոպական փորձաքննությամբ անցած օրենքները որքանով կգործեն մեր երկրում, որտեղ հրատարակչի աշխատանքային դաշտը նահատակման դաշտ է, որտեղ շատ հայտնի ճշմարտություններ չեն գործում»։

Թե որքան կատարյալ կարելի է դարձնել այս օրենքը, կախված է հրատարակիչներիՙ իրենց շահերը պաշտպանելու եւ օրենքով կանոնակարգված դաշտ մտնելու ցանկություններից։ Թեեւ թերահավատություն նույնպես զգացվում էր (ինչպես եւ մյուս օրենքների դեպքում)։ Օրենքները գրվում են ճերմակ թղթերի վրա, քննարկվում, լրամշակվում, սակայն հիմնականում մնում են շրջանցելի, որտեղ գործում են կամայականությունները եւ անհավասար մոտեցումները։ Իսկ առհասարակ գրահրատարակչական ոլորտին պետական աջակցությունն անհրաժեշտ է, որովհետեւ գիրքն իբրեւ մշակույթ չի կարող երբեք սպառված համարվել։

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4