Դատարանն սկսել է իրեղեն ապացույցների հետազոտումըa
Թուրքիայի օգտին լրտեսության մեջ մեղադրվող Մուրադ Բոջոլյանի դատավարությունը հետաքրքրական փուլ է մտնումՙ սկսվել է իրեղեն ապացույցների հետազոտումը։ Հիշեցնենք, որ Բոջոլյանը թուրքագետ է, եղել է ՀՀ առաջին եւ գործող նախագահների անձնական թարգմանիչը։
Նախ մի կապույտ թղթի մասին, որը համարվում է, թերեւս, իրեղեն ապացույցներից ամենածանրակշիռը։ Կապույտ թուղթը գտնվել է Բոջոլյանի բնակարանումՙ խուզարկության ժամանակ։ Ամբաստանյալը կապույտ թղթի վրա, որը ստացել է Ստամբուլում, սեւ մատիտով գրել է թուրքական գաղտնի ծառայությանՙ ՄԻԹ-ի առաջադրանքները, որոնք պետք է ներկայացներ թուրքական կողմին։ Գրված է եղել թուրքերեն, Բոջոլյանի գրիչով։ Պետական մեղադրողը կարդաց դրա թարգմանությունը. ՄԻԹ-ը հետաքրքրվել է Հայաստանի եւ Հունաստանի ռազմական համագործակցության, Հայաստանում զենքի գործարանների, Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրված ռազմական տեխնիկայի, ԱՊՀ հակաօդային ուժերի կառուցվածքի, Հայաստանի ազգային անվտանգության կառուցվածքի, Սերժ Ջիլավյանի, Հայաստան-Իրան համագործակցության, ԼՂՀ-ում ՀՀ ռազմական ուժերի տեղակայված լինելու, Հորադիսի զորամիավորման, հայ-թուրքական սահմանին տեղակայված ռուսական չորս ուղեկալների, ջրամբարների, երկաթգծերի, կամուրջների, ռազմավարական նշանակության այլ օբյեկտների, Քանաքեռի ռուսական գնդի մասին տեղեկություններով, Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում կա՞ն Քրդական բանվորական կուսակցության (PKK) ճամբարներ, «ՍԱՄ» համակարգեր, «Երկիր-երկիր» հրթիռներ եւ այլն։
Մեղադրյալի պաշտպան Արսենյանը հայտարարեց, որ «սա Բոջոլյանի ինքնազրպարտչական ցուցմունքի նախագիծն է, եւ այն չպետք է դիտել որպես ապացույց, քանի որ չի պահպանվել դատավարության կարգը»։
Հիշեցնենք, որ Մուրադ Բոջոլյանն իր նախնական ցուցմունքում խոստովանել է Թուրքիայի օգտին լրտեսելը, հետագայումՙ հրաժարվել դրանից։
Մուրադ Բոջոլյանն, ըստ պետական մեղադրողի, կատարել է ՄԻԹ-ի առաջադրանքները եւ Թուրքիա կատարած այցելության ժամանակ սովորական թղթի վրա արել գրառումներ հայկական բանակում կաշառակերության մասին, որ «Չարենցավանի փամփուշտներ արտադրող գործարանը չի աշխատում, եւ Հայաստանը Կիրգիզիայից է փամփուշտ ներմուծում», «հնարավոր է ստեղծվի հայ-չինական ռազմական խմբավորում», «Հայաստանի պաշտպանական բյուջեն 70 մլն դոլար է», նշել այն գործարանների անունները, որոնք Հայաստանը պետք է փոխանցեր Ռուսաստանին պարտքի դիմաց եւ այլն։ Այս գրառումները Բոջոլյանը Թուրքիա էր տանում, սակայն ձերբակալվեց 2001 թ. հունվարի 26-ինՙ Բագրատաշենի մաքսակետում։
Ապա պետական մեղադրող Ավագ Ավագյանը որպես իրեղեն ապացույց ներկայացրեց մի փաստաթուղթ եւ դրա թարգմանությունը, որը Բոջոլյանը տանում էր ՄԻԹ-ին։ «Սա այն փաստաթուղթն է, որ քրդերը խնդրել էին թարգմանել, բայց ոչ թե տանել ՄԻԹ-ին», հայացքն ուղղելով Բոջոլյանին ասաց Ավագյանը։
Պետական մեղադրողներըՙ Ավագ Ավագյանը եւ Արամ Ամիրզադյանը նշեցին, որ կապույտ թղթի վրա նշված են ՄԻԹ-ից Բոջոլյանին արված կոնկրետ հանձնարարականներ, որոնց ճնշող մասը վերաբերում է ռազմական ոլորտին։ Պաշտպան Արսենյանն առարկեց. «Դրանք ՄԻԹ-ի տված առաջադրանքներ չեն», ապա հարց տվեցՙ այդ տվյալները, որոնք Բոջոլյանը հավաքել եւ տանում էր Թուրքիա, երբեւիցե հրապարակվե՞լ են, թե՞ ոչ, որոնք են դրանցից պետական կամ ռազմական գաղտնիքներ։ Հայտարարություն արեց նաեւ ամբաստանյալ Բոջոլյանը. «Կապույտ թուղթը ներկայացվեց որպես ՄԻԹ-ի հանձնարարական։ Այդ ո՞ր գործակալն է միանգամից այդքան ծավալուն առաջադրանք ստանում, արդյոք այդ գրառումները վնասո՞ւմ են Հայաստանին։ Եթե այո, ապա ինչպես հասկանալ, որ «Հայաստանի Հանրապետություն» թերթի 2002 թ. նոյեմբերի 30-ի համարում մանրամասն տպագրվում է Բելառուսի բանակի մասին տեղեկատվություն եւ դա համարվում է սովորական, իսկ իմ հավաքածըՙ հայկական մամուլից, համարվում է հետախուզական տվյալներ»։
Դատավարության ժամանակ որպես մեկ այլ իրեղեն ապացույց ներկայացվեց մի ձայներիզ, որի վրա կար ձայնագրություն Բոջոլյանի եւ մի քրդի միջեւՙ արված «Քուրդիստան» կոմիտեում։ Այս հարցազրույցը եւ վերոնշյալ փաստաթուղթը, որ Երեւանում քրդերը խնդրել էին թարգմանել Բոջոլյանին, ամբաստանյալը տանում էր Թուրքիա, որպես ապացույց այն բանի, որ Հայաստանում կան PKK-ականներ։
Մեկ այլ «դոսյեում» Բոջոլյանը թուրքերեն գրել էր Հայաստանի արտագաղթի, ծնելիության, ՀՀ ՊՆ փոխնախարար Արթուր Աղաբեկյանի եւ մեծահարուստ Հովնանյանի դստեր ամուսնության, ԼՂՀ-ի «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի մասին եւ այլ մանրամասներ։
Պաշտպան Արսենյանը մեկ անգամ եւս կրկնեց, որ Բոջոլյանի ներկայացրած նյութերը տպագրվել են հայկական ԶԼՄ-ներում, եւ դրանք չպետք է դիտել որպես իրեղեն ապացույցներ։
Դատարանում վեճ սկսվեց հետեւյալ հարցի շուրջՙ ինչպե՞ս է պատահում, որ Մուրադ Բոջոլյանի հետ շփված բոլոր թուրք լրագրողները ՄԻԹ-ի գործակալներ են։ Պետական մեղադրողը կարդաց այդ գործակալ-լրագրողներիՙ Օզքանի, Բաշլամըշի, Բիրանդի, մյուսների կենսագրականներն ամենայն մանրամասնությամբ։ Պաշտպան Արսենյանը այդ կենսագրականների իրական լինելու կասկած հայտնեց եւ հանդես եկավ միջնորդությամբ. փաստել, որ թուրք լրագրողների կենսագրականները համապատասխանում են իրականությանը։
Դատավարությունը կշարունակվի վաղը։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ