«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#221, 2002-12-03 | #222, 2002-12-04 | #223, 2002-12-05


ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՎ ԿԱՐԵՎՈՐ ԺԱՄԱՆԱԿՈՒՄ ԵՆՔ ԱՊՐՈՒՄ

ՀՌԱԿ երկու նոր շրջանակի ձեւավորում Երեւան քաղաքում

Շատ կարճ ժամանակ է մնացել մինչեւ նախագահական ընտրությունները։ Այդ իսկ պատճառով քաղաքական ուժերը ճշտում են իրենց դիրքորոշումները։ Եվ եթե որոշ կուսակցություններ միայն վերջերս գումարված իրենց համագումարներում որոշում են աջակցել ՀՀ նախագահի այս կամ այն թեկնածուին, ապա Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունը դեռ 2001 թ. սեպտեմբերին որոշել էր 2003 թ. ՀՀ նախագահական ընտրություններում պաշտպանել երկրի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը։ Այս հայտարարության համար կուսակցությունն իր հիմնավորումներն ունեցել է ինչպես մեկ տարի առաջ, այնպես էլ այժմ։

Թեքեյան մշակութային կենտրոնում երեկ կայացած ՀՌԱԿ Երեւան քաղաքի «Նոր Նորք» շրջանակի պատգամավորական առաջին ժողովի ժամանակ ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը եւս մեկ անգամ ճշտեց ՀՀ նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի թեկնածության պաշտպանության պարագաները։

¬ Այսօր մենք ապրում ենք ծայրաստիճան պատասխանատու մի ժամանակահատվածում, որը պայմանավորված է նախագահի թեկնածուների առաջադրմամբ,¬ ասաց ՀՌԱԿ ատենապետը։¬ Նախագահի թեկնածուներն այսօրվա դրությամբ արդեն 14-ն են (մինչեւ երեկ, ժամը 13-ը դեռեւս սա էր հայտնի)։ Կարծիքներ են հնչում, որ թեկնածուների թիվը շատ է կամ քիչ։ Ի՞նչ է նշանակումՙ շատ, թե քիչ։ Այնքան է, որքան թույլ են տալիս առաջադրել ՀՀ սահմանադրությունը եւ օրենքները։ ՀՌԱԿ-ի համար այս պարագան բնավ կարեւոր չէ։ Կարեւորն այն է, թե ով է առաջադրվում։ Ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի, ՀՌԱԿ-ի կողմնորոշումը պարզ է եղել մեկ տարուց ավելի ժամանակ։

ՀՀ նախագահի թեկնածուների որոշ մասի նկատմամբ հարգանք տածելով, իսկ բոլորի նկատմամբ բնավ թշնամանք չունենալով, ՀՌԱԿ ատենապետը շեշտեց, որ վերջին ժամանակներս տեղի ունեցած առանձին հավաքների եւ կուսակցությունների համագումարների ժամանակ հնչած հիստերիկ ելույթներն ու հայտարարությունները թույլ են տալիս ասելու, թե ՀՌԱԿ-ը որքան ճիշտ էրՙ ի սկզբանե պաշտպանելով ՀՀ գործող նախագահի թեկնածությունը։ Սա, իհարկե, նշանակում է նաեւ, թե Հայաստանի ռամկավարները որքան մեծ պատասխանատվություն ունեն եւ որքան անելիքներ նախընտրական շրջանում։

ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանն անչափ կարեւորեց Երեւանի ամենաբազմամարդ թաղերից մեկումՙ Նոր Նորքում ՀՌԱԿ շրջանակի ստեղծումը։ Նոր Նորքն այսօր համարվում է Հայաստանի մայրաքաղաքի կարեւորագույն թաղամասերից մեկը։ Այս տարածքում ապրում է ավելի քան 90 հազար ընտրող։

Նոր Նորքում, ինչպես նշեց ՀՌԱԿ ատենապետը, միշտ էլ գերակայող են եղել մշակութային եւ հոգեւոր կազմակերպությունները, հիմնարկները։ Եվ անչափ ուրախալի է, որ վերջին 10¬12 տարվա մշակութային հիմնարկների համատարած փլուզումների եւ ավերակումների կողքին այստեղ պահպանվել, ավելինՙ ամրապնդվել են մշակութային հիմնարկները։ Նշենք թեկուզ երկու փաստ. երկրում եւ սփյուռքում մեծ ճանաչում ունի Նոր Նորքի տարածքում գործող Հայ առաքելական եկեղեցու եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության ամենախոշոր հայորդաց տունը։ Իսկ թատրոնի համար այս ամենադժվար ժամանակներում այստեղ գործում է թատրոնը (ղեկավարՙ Արտաշես Հովհաննիսյան)։ Զգալի աշխատանքներ են կատարվում համայնքի տարբեր ոլորտներում։ Սա թույլ է տվել ՀՌԱԿ-ին պաշտպանելու անկուսակցական Մկրտիչ Մինասյանի թեկնածությունը դեկտեմբերի 8-ին տեղի ունենալիք թաղապետի ընտրություններում։ (Ի դեպ, գործող թաղապետի թեկնածությունը պաշտպանելու են նաեւ այլ կուսակցություններ եւ հասարակական կազմակերպություններ)։ Նոր Նորքում գործող ՀՌԱԿ 5 ակումբների վարչությունների որոշումներըՙ թաղապետի ընտրություններում Մկրտիչ Մինասյանի թեկնածությունը պաշտպանելու մասին, հավանության են արժանացել ՀՌԱԿ Հանրապետական վարչությունում։

¬ Մենք վստահություն ենք հայտնում,¬ ասաց ՀՌԱԿ ատենապետը,¬ որ մենք ոչ միայն բարոյական աջակցություն ենք ցուցաբերելու Մկրտիչ Մինասյանին, այլեւ գործնական, կազմակերպչական առումով, որը կոնկրետ դրսեւորումներ կունենա ընտրությունների ժամանակ։

ՀՌԱԿ Երեւան քաղաքի «Նոր Նորք» շրջանակի պատգամավորական առաջին ժողովն ընտրեց շրջանակի վարչություն (Աիդա Անդրեասյան, Մինաս Մինասյան, Սամվել Անդրեասյան, Արման Կարապետյան, Արմեն Հովհաննիսյան, Արմեն Մանվելյան, Արտակ Վարդանյան)։ «Նոր Նորք» շրջանակի ատենապետ ընտրվեց Արման Կարապետյանը, փոխատենապետՙ Աիդա Անդրեասյանը, ատենադպիրՙ Արմեն Մանվելյանը։

Երեկ երեկոյան տեղի ունեցավ ՀՌԱԿ «Մալաթիա-Սեբաստիա» շրջանակի պատգամավորական առաջին ժողովը, որին եւս մասնակցում էին ՀՌԱԿ Հանրապետական վարչության անդամներըՙ կուսակցության ատենապետ Ռուբեն Միրզախանյանի գլխավորությամբ։ ՀՌԱԿ փոխատենապետ Հարություն Առաքելյանի նախագահությամբ անցած պատգամավորական ժողովի ժամանակ ելույթներ ունեցան Հայկ Մուսինյանը («Հայասա» ակումբ), Սվետլանա Ամիրյանը («Վահան Թեքեյան» ակումբ) եւ ուրիշներ, որոնք կարեւորեցին կուսակցության շարքերում հատկապես մտավորականների ներկայությունը։ Ելույթ ունեցավ ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը, որը բարձր գնահատեց մայրաքաղաքի այս տարածքում գործող 9 ակումբների գործունեությունը եւ հույս հայտնեց, որ այս ակումբներին անդամագրված հարյուրավոր մարդիկ, ինչպես նաեւ նրանց համակիրները մոտակա նախագահական ընտրություններին կպաշտպանեն ՀՀ գործող նախագահի թեկնածությունը։ «Դա այստեղ շատ ավելի հեշտությամբ կիրականանա, որովհետեւ մեր թաղամասի բնակիչներն իրատեսորեն են մոտենում կատարվող բարեփոխումներին», ասաց պատգամավորական ժողովի մասնակից, մանկավարժ Հասմիկ Ավետիսյանը։

Պատգամավորական ժողովն ընտրեց ՀՌԱԿ «Մալաթիա-Սեբաստիա» շրջանակի վարչության կազմՙ Գեւորգ Ասատրյան, Լեւոն Սողոմոնյան, Մանվել Գալստյան, Գառնիկ Ալեքսանյան, Աննա Մինասյան, Մառա Համբարձումյան, Միքայել Ասլանյան, Արսեն Ավետիսյան, Հայկ Մխիթարյան։ ՀՌԱԿ շրջանակի ատենապետ ընտրվեց Գեւորգ Ասատրյանը, փոխատենապետՙ Լեւոն Սողոմոնյանը, ատենադպիրՙ Աննա Մինասյանը։

Երեկ տեղի ունեցած պատգամավորական երկու ժողովները եւս մեկ անգամ հավաստեցին, որ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունը քաղաքական զգալի ուժ է արդեն եւ կարող է ազդել քաղաքական իրադարձությունների վրա։

Ս. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4